«Հասկանալի է, այս գործոնը ազդել է ամեն ինչի վրա, հիմա Ուկրաինա արտահանումը բացառված է ու չի կարող իրականացվել, քանի որ երկիրը ֆորսմաժորային իրավիճակում է։ Ռուսաստանի հետ նույնպես այս պահին ամեն ինչ կանգ է առել, սակայն ակնկալում ենք, որ աշխատանքն առանց խնդիրների կշարունակվի։ Ոչ բոլոր բանկերն են դադարել աշխատել, և ռուսներն արդեն փոխանցել են պարտքի մի մասը, որպեսզի խուճապի պատճառ չլինի։ Որոշ բանկերից հնարավոր է դոլար փոխանցել, սակայն սահմանափակ քանակությամբ, քանի որ նրանք չեն կարող միաժամանակ 3 000 դոլարից ավելի փոխանցել»,- մեզ հետ զրույցում ասում է Schuchmann Wines Georgia-ի տնօրեն Ռոլանդ Բուրդիաշվիլին:
Նույնը Reginfo-ին ասում են «Վրացական գինու տանը».- «Ուկրաինայում ոչ, սակայն Ռուսաստանում հնարավոր է արտահանումը, ուղղակի ընթացակարգերը բարդացել են։ Սակայն այս պահին հստակ ոչինչ չենք կարող ասել»։
Գինին Վրաստանից արտահանվող հիմնական ապրանքներից է և 2021 թվականի տվյալներով՝ երկրի արտահանումների 5,6%-ը բաժին է ընկնում գինու արտահանմանը։
Անցյալ տարի Վրաստանից աշխարհի 62 երկրներում արտահանվել 107 մլն շիշ գինի, ինչը ամենաբարձր ցուցանիշն է անկախ Վրաստանի պատմության մեջ։
Ռուսաստանն ու Ուկրաինան վրացական գինու երկու խոշոր սպառողներն են։ 2021 թվականին միայն այս երկու երկրներում Վրաստանն արտահանել է 155,9 մլն դոլարի գինի, ինչը կազմում է ընդհանուր արտահանվող գինու 65%-ը։
Ռուսական շուկայի անվստահելիության հետ, որը ևս մեկ անգամ պարզ դարձավ ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ, վրացի գինեգործները առնչվել են նաև 2006-2013 թվականներին, երբ Ռուսաստանը վրացական գյուղմթերքի ներկրման էմբարգո սահմանեց։
Էմբարգոն ամենաշատը հարվածեց գինու բիզնեսին։ 2006 թվականին գինու արտահանումը նախորդ տարվա համեմատ կրկնակի կրճատվեց՝ կազմելով 41 մլնն դոլար: Մինչ 2013 թվականի էմբարգոյի վերացումը, արտահանման մեջ գինու տեսակարար կշիռը շատ ցածր էր և կազմում էր 2%։
Ռուսական օրաթերթ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի 2006 թվականի մայիսի 5-ի համարը։ Նկարազարդում, որը կոչ է անում ընթերցողներին՝ չխմել վրացական գինի։
Էմբարգոն վերացվեց 2013 թվականին, իսկ գինու արտահանումը նույն տարում կրկնապատկվեց ռուսական շուկայի հաշվին, իսկ Ռուսաստանը վերականգնեց վրացական գինու հիմնական ներկրողի կարգավիճակը։
Գինեգործ Իագո Բիտարիշվիլին կարծում է, որ հնարավոր չէ մեկ-երկու օրում փոխարինել ռուսական շուկան և պետք է անընդհատ այլընտրանքային շուկաներ փնտրել, այլ ոչ թե երբ ուղղակիորեն բախվում ենք խնդրին. «Ռուսաստանում գինու վաճառքը շատ ավելի հեշտ է, հատկապես եթե մեծ քանակությամբ է արտադրվում։ Վրացական գինու մասին ռուսաստանցի սպառողներն ունեն բավականին տեղեկություն և հիշողություն, ինչը կարևոր գործոն է։ Այլ տեղերում մենք պետք է նախ բարձրացնենք իրազեկվածությունը, հետո մտածենք գինի վաճառելու մասին։ Ռուսաստանում մրցակցությունը և, հետևաբար, որակի պահանջարկն այնքան մեծ չէ, որքան եվրոպական կամ ամերիկյան շուկայում։ Լոգիստիկան նույնպես կարևոր է, ու չնայած բյուրոկրատիան ավելի մեծ է Ռուսաստանում, բեռնափոխադրումների առումով ավելի մատչելի է»:
Չնայած այն հանգամանքին, որ ռուսական էմբարգոյից հետո ավելի ու ավելի շատ գինեգործներ և ընկերություններ են փորձում դուրս գալ եվրոպական շուկա, վրացական գինին դեռևս մեծապես կախված է Ռուսաստանից։
Գինու ազգային գործակալության տվյալներով՝ 2021 թվականին Ռուսաստանին բաժին է ընկել գինու արտահանման 57%-ը, ինչը նախքան էմբարգոն (երբ զբաղեցնում էր ռուսական շուկայի ավելի քան 80%-ը) և էմբարգոյի վերացմանը հաջորդած տարիների ամենացածր ցուցանիշն է։ Փոխարենը՝ վերջին տարիներին գինու արտահանումն ավելացել է Լեհաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Լատվիայի և այլ երկրների ուղղությամբ։