Մինչ Արևմուտքն ավելի կոշտ տնտեսական պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ՝ Ուկրաինա ներխուժելու և Պուտինին աջակցության համար, ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են ցանկանում հեռանալ այդ երկրներից: Վրաստանը հարմար վայր է երկու երկրների քաղաքացիների համար երկու գլխավոր պատճառով՝ առանց վիզայի մուտքի ռեժիմը և ագրեսորների դեմ պատժամիջոցներին չմիանալու կառավարությանը որոշումը։
Ինչո՞ւ են Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներն ընտրում Վրաստանը բիզնեսի գրանցման համար և ի՞նչ գործունեություն ծավալելու համար են որպես ձեռնարկատեր գրանցվում։ Մարդկանց մեծ մասը, որոնց հետ Reginfo-ն զրուցել է Արդարադատության տանը, Վրաստան են ժամանել պատերազմի սկսվելուց հետո և դիմել հանրային ռեգիստր՝ անհատ ձեռներեցի կարգավիճակ ստանալու համար:
«Մենք Ռուսաստանի համար չենք աշխատում, ծառայություններ ենք մատուցում ինտերնետում, հիմնականում վեբ դիզայնի ոլորտում։ Մենք նախագծում ենք կայքեր, տրամադրում ենք միջազգային ծառայություններ։ Գիտակցում ենք, որ Պուտինը ագրեսոր է, մենք սովորական մարդիկ ենք, եկել ենք այստեղ մեր գործն անելու և մեր հարկերը վճարելու համար»,- ասումը է Եվգենի Յաշինը։
Նա և իր ընկերները մեզ ասում են, որ պատերազմի վերաբերյալ այլ կարծիք ունենալու պատճառով շատերն են ստիպված լքել երկիրը․ «Պուտինի կողմից սկսած պատերազմի մասին Ռուսաստանում տարբերվող կարծիք շատերն ունեն, սակայն այնտեղ չես կարող դա արձանագրել։ Ռուսաստանում չես կարող ինչ-որ բան ասել, դիրքորոշում հայտնել։ Դրա համար 15 տարի պատիժ է սահմանվում։ Այդ պատճառով մենք չենք գրում, ոչինչ չենք ասում մեզ անհանգստացնողի մասին, քանի որ վախենում ենք»։
Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից անմիջապես հետո Սերգեյը նույնպես լքել է երկիրը և մտադիր է անժամկետ ապրել Վրաստանում։ «Քանի դեռ պատերազմը չի ավարտվել կմնամ այստեղ։ Ես հիմա չէի կարող մնալ Ռուսաստանում։ Վախենում էի բանակ զորակոչվելուց և այս խայտառակ պատերազմին մասնակցելուց։ Սա բացարձակ խայտառակ պատերազմ է։ Ես եկել եմ այստեղ իմ գործը շարունակելու։ ՏՏ մասնագետ եմ և գրանցվում եմ որպես անհատ ձեռներեց»։
Տնտեսական պատժամիջոցների հետևանքով առաջացած ճգնաժամի պատճառով Ռուսաստանը լքել է որոշել նաև Ստյոպան, ով նախկինում էլ է եղել Վրաստանում և իր խոսքով՝ չի մտածել այլ երկիր գնալու մասին։ «Շատ եմ սիրում այս երկիրը, մշակույթը և տեղացիներին։ Այստեղ են ապրում նաև իմ ընկերներից մի քանիսը։ Ես չգիտեմ, թե որքան ժամանակ կմնամ այստեղ։ Ուզում եմ գրանցվել որպես անհատ ձեռներեց։ Վրաստանում լավ պայմաններ կան բիզնես անելու համար։ Ես ծրագրավորող եմ և ծառայում եմ միջազգային ընկերություններին»։
Բացի Ռուսաստանի քաղաքացիներից, Վրաստանում բիզնես սկսելու ցանկություն ունեն նաև Բելառուսի քաղաքացիները։ Հանրային ռեգիստրի տվյալներով՝ փետրվարի 24-ից Վրաստանում անհատ ձեռներեց գրանցվելու ցանկություն է հայտնել առնվազն 280 բելառուս։ Որպես Վրաստան գալու պատճառ նրանք նույնպես նշում են առանց վիզայի ռեժիմը և լավ բիզնես միջավայրը։
«Ես այստեղ եմ արդեն երկրորդ շաբաթն այն բանից հետո, երբ Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմ սկսեց։ Ես չէի կարող այնտեղ մնալ, քանի որ վախենում էի, որ ինձ կզորակոչեն բանակ։ Սա բացարձակ խայտառակ պատերազմ է։ Այնտեղ կյանքը հիմա սարսափելի է։ Ես եկել եմ այստեղ աշխատանքս շարունակելու, ՏՏ մասնագետ եմ և այսօր գրանցվել եմ այստեղ՝ որպես ձեռներեց»,- մեզ հետ զրույցում ասում է Բելառուսի քաղաքացին, որը չցանկացավ ներկայանալ անվտանգության նկատառումներից ելնելով։
Շատերը հրաժարվեցին բացահայտել իրենց ինքնությունը և անձնական տվյալները: Բիզնեսի գրանցման շարքերում հանդիպեցինք նաև մարդկանց, որոնք ընդհանրապես չցանկացան խոսել այս թեմայով. «Մենք չենք ուզում խոսել և գիտեք ինչու։ Խնդիրներ կունենանք»։
Մարտի 1-10-ը Հանրային ռեգիստր է դիմել Ռուսաստանի 480 և Բելառուսի 300 քաղաքացի։ Այս դիմորդներից 75-ը դիմում են ՍՊԸ-ի գրանցման համար, իսկ մնացածները՝ անհատ ձեռներեցի կարգավիճակ ստանալու համար։
Համեմատության համար նշենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում պետական ռեգիստրում գրանցվել է ՌԴ քաղաքացիների 10 դիմում, իսկ Բելառուսի քաղաքացիների կողմից դիմում չի եղել։ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից պատերազմ սկսելուց առաջ՝ փետրվարի 21-23-ը, ՌԴ-ի յոթ և Բելառուսի մեկ քաղաքացի են դիմել ռեգիստր՝ բիզնեսի գրանցման համար։
Վրաստան մուտք գործելու համար Բելառուսի քաղաքացիներին վիզա անհրաժեշտ չէ։ Նույն ռեժիմը գործում է Բելառուսում Վրաստանի քաղաքացիների համար, ի տարբերություն Ռուսաստանի, որի հետ մենք ունենք միակողմանի առանց վիզայի ռեժիմ։ Ռուսաստանի քաղաքացիները կարող են ազատ մուտք գործել Վրաստան, իսկ Վրաստանի քաղաքացիները չեն կարող մուտք գործել Ռուսաստան առանց վիզայի։
Բելառուսի հետ առանց վիզայի ռեժիմ Վրաստանն ունի ԱՊՀ-ին անդամակցելուց ի վեր։ Ռուսաստանի հետ վիզային քաղաքականությունը նորագույն պատմության ընթացքում մի քանի անգամ փոխվել է։
Ռուսաստանն առաջին անգամ Վրաստանի համար վիզայի ռեժիմ է սահմանել 2000 թվականին՝ պատճառաբանելով Պանկիսի կիրճով ահաբեկիչների մուտքի սպառնալիքը։ Ավելի ուշ՝ 2006 թվականին, Ռուսաստանում իրականացված ռեյդերի արդյունքում երկրից վտարվեց Վրաստանի մոտ 2500 քաղաքացի։ Վրաստանի կառավարությունը Ռուսաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմ սահմանեց 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո, որը տևեց չորս տարի։ 2012 թվականի փետրվարին Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին որոշում կայացրեց չեղարկել վիզայի ռեժիմը, սակայն Ռուսաստանն այդ որոշմանը չարձագանքեց։ Վրաստանի համար վիզայի ռեժիմը պարզեցնելու նախաձեռնությամբ ռուսական կողմը հանդես է եկել միայն 2015 թվականին։ Այն ժամանակ Պուտինը հայտարարել էր, որ պատրաստ է չեղարկել վիզայի ռեժիմը, թեև նման որոշում վերջնականապես չի կայացվել Ռուսաստանի Դաշնության կողմից։ Ավելին, 2015 թվականից հետո Վրաստանից Ռուսաստան մեկնել ցանկացողների համար վիզաներ են տրամադրվում միայն ՌԴ քաղաքացու և իրավաբանական անձի հրավերով, որոնք ձևակերպվել են Ներգաղթի ծառայության տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներում։
Առանց վիզայի ռեժիմի երկրների քաղաքացիները Վրաստանում կարող են մնալ մեկ տարի։ Եթե այս մեկ տարվա ընթացքում քաղաքացին հատում է սահմանն ու վերադառնում՝ ժամանակի հաշվարկը սկսվում է նորից։
Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների զանգվածային հոսքին Վրաստան նախորդել են Արևմուտքի կողմից կիրառված տնտեսական պատժամիջոցները և Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունն այն մասին, որ Վրաստանը չի պատրաստվում միանալ այդ պատժամիջոցներին։ Նա այս որոշումը բացատրել է երկրի շահերից ելնելով։ Այն բանից հետո, երբ սոցցանցերը և լրատվամիջոցները սկսեցին ակտիվորեն խոսել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների՝ առանց որևէ խոչընդոտի երկիր մուտք գործելու մասին, քաղաքացիական հասարակությունը խոսում էր Ռուսաստանի հետ ժամանակավոր վիզայի ռեժիմ սահմանելու մասին՝ հնարավոր սպառնալիքները կանխելու համար: Այս խնդրանքով խնդրագիր է հայտնվել նաև համացանցում և հավաքվել է ավելի քան 10 000 ստորագրություն։
«Կարևոր է օկուպանտ երկրից ընդունել միայն այն քաղաքացիներին, որոնց ակնհայտորեն քաղաքական հետապնդում է սպառնում։ Մնացածի մուտքը Վրաստան մեծ վտանգ է ներկայացնում երկրի համար, քանի որ նրանց մեջ կարող են լինել ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ»։
Վրաստանի կառավարությունում վիզայի ռեժիմ մտցնելու անհրաժեշտություն չեն տեսնում։ Ավելին, Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների միգրացիայի մասին լուրերն անվանում են ապատեղեկություն և նշում, որ այժմ Ռուսաստանից նույնքան մարդ է ժամանում, որքան մինչև համաճարակը, մինչև սահմանների փակվելը։
«Հանրությանը ահաբեկում են երկրում այսպես կոչված դիվերսանտների, ահաբեկչական խմբավորումների մուտք գործելու լուրերով։ Ողջ պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ երկրում անվտանգության միջավայրը լիովին վերահսկվում է։ Պետական անվտանգության ծառայությունը, համապատասխան այլ գերատեսչությունների հետ միասին, ակտիվորեն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները նվազագույնի հասցնելու, ինչպես նաև երկրում բոլոր պոտենցիալ ռիսկ պարունակող անձանց լիարժեք վերահսկման համար», - Պետական անվտանգության ծառայությունը այս հայտարարությունը տարածել է մարտի 7-ին։
Ավելի ուշ ՌԴ քաղաքացիների արտագաղթի մասին խորհրդարանում խոսեց նաև ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին։ Նա նույնպես կեղծիք է անվանել այն տեղեկությունը, թե աննախադեպ մեծացել է ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր։ «Փետրվարի 24-ից մարտի 9-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի ավելի քան 20 հազար քաղաքացի է մուտք գործել Վրաստան, մինչդեռ 2019 թվականին նույն ժամանակահատվածում մուտք է գործել 40 հազար»,- ասել է Գոմելաուրին՝ նշելով, որ վրացական կողմը խստացրել է սահմանային հսկողությունը, և այսօր որևէ սպառնալիք չկա։
Նախարարը խոսել է նաև այն ՌԴ 180 քաղաքացիների մասին, որոնց թույլ չի տրվել մուտք գործել երկիր։ Նրանցից մեկը ռուսական «Դոժդ» անկախ լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Միխայիլ Ֆիշմանն էր, ով բացահայտորեն դեմ է Ռուսաստանում Պուտինի քաղաքականությանը։ Վախտանգ Գոմելաուրիի խոսքով, նա «հավանաբար այդ 180 հոգու մեջ է եղել»։
Մարտի 11-ին հայտնի դարձավ, որ մեկ այլ՝ «Մեդիազոնա» անկախ լրատվամիջոցի լրագրող և ֆոտոլրագրող Դեյվիդ Ֆրանկելիին նույնպես թույլ չի տրվել մուտք գործել Վրաստան։
Արդարադատության տանը այս պահին Ռուսաստանի և Բելառուսի մոտ 400 քաղաքացիներ սպասում են ձեռներեցության կարգավիճակ ստանալուն։ Գրանցված դիմումներից մի քանիսին Հանրային ռեգիստրն արդեն տվել է իր համաձայնությունը։
Վրաստանում ցանկացած երկրի քաղաքացիները կարող են բիզնես գրանցել հանրային ռեգիստրում։ Դրա համար անհրաժեշտ է դիմել Արդարադատության տուն և ներկայացնել նույնականացման քարտը։ Այն դեպքում, երբ ձեր իրավաբանական հասցեն տարբերվում է այն հասցեից, որտեղ դուք նախատեսում եք բիզնես սկսել, ձեզ անհրաժեշտ կլինի այդ հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը՝ համոզվելու համար, որ դուք իրականում օգտագործում եք տարածքը բիզնես նպատակներով:
Համաձայն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանի» հետազոտության, որը նկարագրում է Վրաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանից, նշվում է, որ
Վրաստանում գրանցված է ավելի քան 7000 ընկերություն, որոնց մի մասը կամ ամբողջությամբ պատկանում են ընկերություններին և/կամ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին։ Դրանցից շուրջ 5500-ը գրանցվել է 2013-2020 թվականներին։
«Վրաստանի պետական գնումներում 2011-2021 թվականներին մասնակցել է 410 ռուսական ընկերություն։ Նշված ընկերությունները ընդհանուր հաշվով շուրջ 590 մլն լարիի պայմանագրեր են ձևակերպել, ինչը կազմում է 2011-2021 թվականներին Վրաստանում պետական գնումների համար ծախսված գումարի մոտ 1,4%-ը»,- ասվում է ուսումնասիրության մեջ։
Ռուսաստանի քաղաքացիները, բացի բիզնեսից, գործում են նաև ոչ կառավարական հատվածում։ Վրաստանում գրանցված է շուրջ 90 ոչ առևտրային կազմակերպություն։
Հանրային ռեգիստրի միասնական տվյալների բազայում կա 13 448 իրավաբանական անձ (առանց անհատ ձեռներեցների), որոնք ամբողջությամբ կամ մասամբ պատկանում են Ռուսաստանի քաղաքացիներին։ Ռուսական ընկերությունները բաժնեմասեր ունեն նաև Վրաստանի էներգետիկ ոլորտում։ Փորձագետները երկար ժամանակ պնդում են, որ Ռուսաստանի տնտեսության հետ նման սերտ կապերը երկարաժամկետ հեռանկարում անշահավետ են Վրաստանի համար թե՛ անվտանգության, թե՛ կայունության տեսանկյունից։
Նորագույն պատմության մեջ կան բազմաթիվ օրինակներ, թե ինչպես է Ռուսաստանը օգտագործել տնտեսական լծակները քաղաքական նպատակներով։ Կրեմլը վերջին անգամ դա արել է 2019 թվականին, երբ դադարեցրեց Վրաստանի հետ ուղիղ ավիափոխադրումները՝ երկրում տեղի ունեցած ընդդիմության ցույցերի պատճառով, իսկ որպես վրացական իշխանությունների հայտարարություններին պատասխան, Մոսկվան Ուկրաինայում պատերազմ սկսելուց մեկ շաբաթ անց ռուսական շուկան բացեց վրացական կաթնամթերք արտադրող ընկերությունների համար։