Վարչության տեղեկատվությամբ, փետրվարին հատկապես աճել է զբոսաշրջային այցելությունների թիվը։ Այս տարվա փետրվարին Վրաստան է այցելել 137 148 զբոսաշրջիկ։ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, զբոսաշրջային այցելությունների քանակը վերականգնվել է 55.4 տոկոսով, իսկ 2021 թվականի փետրվարի համեմատ աճը կազմում է 282 տոկոս։
Գերատեսչության տեղեկությամբ, 2022 թվականի փետրվարին Վրաստան ամենաշատ այցելուներ են ժամանել Թուրքիայից, Ռուսաստանից և Հայաստանից։ Վրաստան ամենաշատ միջազգային այցելուներ են եկել հետևյալ 15 երկրներից․
- Թուրքիա – 29 606 այց
- Ռուսաստան - 20 876 այց
- Հայաստան – 17 366 այց
- Վրաստան (ոչ ռեզիդենտ) – 15 856 այց
- Իսրայել – 8 779 այց
- Ուկրաինա – 8 601 այց
- Ադրբեջան - 7 562 այց
- Ղազախստան - 4 121 այց
- Բելառուս – 3 446 այց
- Իրան – 3 272 այց
- Սաուդյան Արաբիա -2 728 այց
- Ուզբեկստան – 2 723 այց
- Լեհաստան – 2 080 այց
- Հնդկաստան – 2 017 այց
- Ֆիլիպիններ – 1 716 այց
Ինչ վերաբերում է զբոսաշրջությունից ստացված եկամուտներին, 2022 թվականի փետրվարին Վրաստանը միջազգային ճանապարհորդությունից ստացել է 105 218 484 դոլար, որը 2019 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի 62․2 տոկոսն է կազմում։ 2021 թվականի համեմատ միջազգային ճանապարհորդությունից ստացված եկամուտը աճել է 91 568 460 (670․8%) դոլարով։
Հատկանշական է, որ 2021 թվականի փետրվարին երկրում Կորոնավիրուսային վարակի նոր ալիքի պատճառով մի շարք խիստ սահմանափակումներ էին գործում և այցելուների պակասն ու 2022 թվականի ցուցանիշի համեմատ կտրուկ աճը պայմանավորված է այս գործոնով։
Վրաստանի զբոսաշրջության ոլորտի անկումը սկսվել է կորոնավիրուսի համաճարակի հայտարարումից հետո։ 2020 թվականի փետրվարի վերջից Վրաստանի կառավարությունը աստիճանաբար սահմանափակումներ մտցրեց և դադարեցրեց հաղորդակցությունը որոշ երկրների հետ, մարտի 18-ից ժամանակավորապես փակեց Վրաստանի սահմանները, իսկ մի քանի օրից երկրում հայտարարվեց արտակարգ դրություն։
Օտարերկրյա քաղաքացիների Վրաստան մուտք գործելու կանոնակարգերը ըստ Stopcov.ge-ի
Օտարերկրյա քաղաքացիները ծովային, ցամաքային և օդային ճանապարհով Վրաստան կարող են մուտք գործել հետևյալ պայմաններով՝
- Պատվաստված քաղաքացին
Պետք է ներկայացնի պատվաստման ամբողջական կուրսը հավաստող փաստաթուղթ (երկու դեղաբաժին, մեկ դեղաբաժին Johnson & Johnson-ի դեպքում)
- Չպատվաստված քաղաքացին
Պետք է ներկայացնի Վրաստան այցից առաջ վերջին 72-ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական արդյունք։
PCR թեստի պատասխանը պետք է լինի ներկայացված՝ վրացերեն, անգլերեն կամ ռուսերեն։
Արտերկրից ժամանած մինչև 10 տարեկան անձինք (անկախ քաղաքացիությունից) ազատվում են Վրաստան այցից առաջ վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստ ներկայացնելու պահանջից։