Ուկրաինայի նախարարների կաբինետի որոշման համաձայն՝ երկրից կարգելվի արտահանել վարսակ, կորեկ, հնդկացորեն, շաքարավազ, աղ, ցորեն, կենդանի անասուն և միս։ Արգելքն ուժի մեջ կլինի մինչև տարեվերջ: Ուկրաինայի կառավարությունն այն ընդունել է ապրանքների պակասի վտանգի պատճառով։
Միայն կառավարության կողմից տրված հատուկ լիցենզիայի դեպքում հնարավոր կլինի Ուկրաինայից արտահանել ցորեն, եգիպտացորեն, հավի միս, ձու և արևածաղկի ձեթ։
«Արտահանման նոր կանոններն ուղղված են կանխելու հումանիտար ճգնաժամը Ուկրաինայում, պահպանել շուկայի կայունությունը և բավարարել բնակչության կարիքները կարևոր պարենային ապրանքների ուղղությամբ», - ասել է Ուկրաինայի ագրարային քաղաքականության և պարենի նախարար Ռոման Լեշչենկոն:
Թվարկված ապրանքներից Վրաստանը Ուկրաինայից փոքր քանակությամբ, կամ ընդհանրապես չի ներմուծում վարսակ, հնդկաձավար և կորեկ։ Փոքր է նաև ներմուծվող ուկրաինական ցորենի, եգիպտացորենի և կենդանի անասունների բաժինը։
Վրաստանը Ուկրաինայից հիմնականում գնում է աղ, միս և արևածաղկի ձեթ։
Ըստ Վիճակագրության ծառայության տվյալների՝ 2021 թվականին ներկրված աղի մինչև 27 տոկոսը բաժին է ընկել Ուկրաինային, նախորդ տարիներին այդ թիվն ավելի շատ էր և, օրինակ, 2018 թվականին այն կազմում էր 40 տոկոս։
Համեմատաբար մեծ՝ շուրջ 12 տոկոս է Ուկրաինայի մասնաբաժինը մսի ներկրման մեջ։ Արևածաղկի ձեթի ներմուծման մեջ 2021 թվականին Ուկրաինայի բաժինը կազմել է շուրջ 5 տոկոս:
Հիմնական ապրանքը, որը Վրաստանը գնում է Ուկրաինայից՝ ծխախոտն է։ Թեև ծխախոտի նկատմամբ սահմանափակումներ չեն կիրառվել, փոքր խանութներում արդեն ծխախոտի պակաս կա։
Վրաստանը շաքարավազը, որի պակասը մի քանի օր է նկատվում է մայրաքաղաքում ու շրջաններում, գնում է հիմնականում Բրազիլիայից, Թուրքիայից և Լեհաստանից։
Ուկրաինան ութերորդն է Վրաստան շաքարավազ ներմուծող երկրների ցանկում, իսկ Ռուսաստանը՝ 12-րդը: Թբիլիսիի շատ սուպերմարկետներում նկատվում է ձեթի, տարբեր հացահատիկային բույսերի պակասուրդ:
Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան սննդամթերք և սպառողական ապրանքներ ներմուծողների հետ հանդիպումից հետո ասել է, որ «երկրում պաշարների առումով ոչ մի պակաս չկա»։
«Դեֆիցիտի հիմնական պատճառը խուճապային գնումներն են, բացի այդ, Լարսը մի քանի օր է, ինչ փակ է, և դա խանգարում է մատակարարմանը։ Այնուամենայնիվ, այս ամենը ժամանակավոր է», - Դիստրիբյուտորների ասոցիացիայի ղեկավար Իվա Ճղոնիան բնակչությանը հորդորել է չգնել մեծ քանակությամբ շաքարավազ կամ այլ ապրանքներ, քանի որ հենց դա արհեստական դեֆիցիտ է ստեղծում և կապ չունի Ուկրաինայից ներմուծման հետ։
2021 թվականին Ուկրաինայից Վրաստան ներմուծված ապրանքների տասնյակում սննդամթերքը վերջին տեղերում է։
- Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ – 87 մլն դոլար
- Սև մետաղներ և սև մետաղների արտադրանք – 67 մլն դոլար
- Միջուկային ռեակտորներ, հաստոցներ և մեխանիկական սարքավորումներ - 24 մլն դոլար
- Դեղագործական արտադրանք – 22․7 մլն դոլար
- Էլեկտրական մեքենաներ, սարքավորումներ և դրանց մասեր - 19 մլն դոլար
- Սննդի արդյունաբերության թափոններ, պատրաստի կենդանիների կեր – 18․9 մլն դոլար
- Թուղթ և ստվարաթուղթ, թղթի զանգվածից, թղթից կամ ստվարաթղթից պատրաստված իրեր – 17․9 մլն դոլար
- Կաթնամթերք, թռչնի ձու, բնական մեղր - 16 մլն դոլար
- Պատրաստի արտադրանք հացահատիկից, ալյուրից, օսլայից կամ կաթից – 15․1 մլն դոլար
- Միս և մսային ենթամթերք - 14 մլն դոլար։
Ուկրաինան Եվրոպայի գյուղատնտեսական արտադրանքի հիմնական մատակարարներից է, որին բաժին է ընկնում ԵՄ արտահանվող ցորենի մինչև 20 տոկոսը։
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանն ու Ուկրաինան մատակարարում են աշխարհի ցորենի մեկ երրորդը, թեև Ռուսաստանի դեմ պատերազմն ու արևմտյան պատժամիջոցներն արդեն իսկ խոչընդոտել են առևտուրը: Երկու խոշոր արտահանողների նավահանգիստները փակ են, սահմանափակումները ընդլայնվում են, իսկ Փարիզի ֆոնդային բորսայում ցորենի գինը հասել է 14 տարվա առավելագույնին։
Դոլարով և եվրոյով բանկային փոխանցումների սահմանափակման պատճառով վրացի ներկրողները չեն կարողանում ցորեն ներկրել Ռուսաստանից։
Ռուսաստանը սահմանափակում է նաև ներմուծում-արտահանումը։ Ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Ռուսաստանից էներգակիրների ներմուծման արգելքի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է մինչև 2022 թվականի վերջ արգելել որոշակի ապրանքների և հումքի առքուվաճառքը։ Ռուսաստանի կառավարությունը դեռ չի կազմել կոնկրետ ապրանքների ու երկրների ցանկը։