Ուկրաինայում սկսված պատերազմը Ռուսաստանից Վրաստանի տնտեսական կախվածությունը դարձրել է թիվ մեկ քննարկման առարկա։ Ռուսաստանը Վրաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է։ Այն դեպքում, երբ Վրաստանի սուպերմարկետներն ու խանութները լի են ռուսական ապրանքներով, հանրության մի մասը հրաժարվում է դրանք գնել և ի նշան Ուկրաինայի համերաշխության նախապատվությունը տալիս է ուկրաինականին։
«Ռեգինֆոն» ներկայացնում է Վրաստանի և Ուկրաինայի առևտրային հարաբերությունների համառոտ ակնարկը, թե ինչ է ասում վիճակագրությունը։
Վրաստանը սերտ տնտեսական կապեր ունի Ուկրաինայի հետ, որը վերջին 20 տարում մեր առևտրային գործընկերների տասնյակում է։ Վրաստանն ու Ուկրաինան ազատ առևտրի մասին պայմանավորվել են դեռևս 1995 թվականին։ Վրաստանն ազատ առևտրի պայմանագրեր ունի նաև Ադրբեջանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Հայաստանի, Ուզբեկստանի և Ղազախստանի հետ։
Ներմուծում – Վրաստանի և Ուկրաինայի միջև ապրանքաշրջանառությունը զգալիորեն աճել է 2003 թվականից։
Անցյալ տարի Ուկրաինային բաժին է ընկել ներմուծման ընդհանուր ծավալի 4․5 տոկոսը՝ 451․8 մլն դոլար արժողությամբ։
Արտահանում - 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո ուկրաինական տնտեսությունը հայտնվեց ծանր վիճակում, ինչը դանդաղեցրեց Վրաստանից արտահանման տեմպերը։ Իրավիճակը բարելավվեց միայն 2017 թվականից հետո։
2021 թվականին Ուկրաինա արտահանվող ապրանքների արժեքը հասավ պատմական առավելագույնին` 307․3 միլիոն դոլար, իսկ Ուկրաինայի մասնաբաժինը ընդհանուր արտահանման մեջ աճեց մինչև 7․2 տոկոս:
Զբոսաշրջություն – Ուկրաինան կարևոր դերակատար է նաև վրացական զբոսաշրջության մեջ։ Միջազգային այցելություններով Ուկրաինան մշտապես զբաղեցնում է առաջատար դիրքերից մեկը։ Օրինակ՝ 2021 թվականին Վրաստան է այցելել 144․9 հազար ուկրաինացի, որը հինգերորդ լավագույն ցուցանիշն է։
Դրամական փոխանցումներ - Ուղիղ փոխանցումները Վրաստանի համար ազգային եկամտի հիմնական աղբյուրներից են։ Այս կերպ վերջին 5 տարում երկիր է հոսել ավելի քան 8․9 մլրդ դոլար։
Վրաստանում դրամական փոխանցումների աճի միտմանը զուգահեռ աճում է նաև Ուկրաինայից փոխանցումների մասնաբաժինը։ 2021 թվականին Ուկրաինայից Վրաստան է փոխանցվել 92․7 մլն դոլար, ինչը յոթերորդ լավագույն արդյունքն է։ Անցյալ տարի Ուկրաինայի մասնաբաժինը ընդհանուր փոխանցումների մեջ կազմել է 3․24%։
Պատերազմը և արևմտյան պատժամիջոցներն արդեն իսկ խոչընդոտել են առևտուրը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ: Դոլարով և եվրոյով բանկային փոխանցումների սահմանափակումների պատճառով վրացի ներկրողներն այլևս չեն կարողանում ցորեն ներկրել Ռուսաստանից։
Վրաստանի կառավարությունը մինչև այժմ չի միացել Ռուսաստանի դեմ արևմտյան աշխարհի կողմից կիրառվող որևէ տնտեսական պատժամիջոցի, պատճառաբանելով, որ դա կվնասի երկրի ազգային շահերին։
Միաժամանակ Ռուսաստանը բացել է իր շուկան վրացական կաթնամթերք արտադրողների համար և 15 ընկերությունների արտահանման իրավունք է տվել։Չնայած այն բանին, որ Վրաստանի գյուղատնտեսության նախարարը ռուսական քայլն անվանեց «նոր հնարավորություն վրացական ընկերությունների համար», Վրաստանի կաթնամթերք արտադրողների ասոցիացիան հայտարարել է, որ չի պատրաստվում ընդունել առաջարկը:
«Ռուսական ընկերությունների հետ բիզնես գործունեությունը Ռուսաստանին լրացուցիչ ռեսուրսներ է տրամադրում դաժան պատերազմը շարունակելու համար, հենց այդ պատճառով, ստացված շահույթը թաթախված է սպանված ուկրաինացիների արյան մեջ», - Ուկրաինայի ԱԳ նախարարությունը ռուսական շուկայի բացման որոշումն այսպես է գնահատում և նշում, որ կտրականապես անընդունելի է խթանել առևտրային հարաբերությունները մի երկրի հետ, որի զինված ուժերը հրթիռներով և ռումբերով հարձակվում են Ուկրաինայի խաղաղ քաղաքների վրա և սպանում անմեղ քաղաքացիների, այդ թվում երեխաների։