Ռուսաստանը ցորենի խոշորագույն արտահանողն է աշխարհում, այդ թվում Ուկրաինան՝ առաջին հնգյակում է, սակայն այժմ երկու երկրների նավահանգիստները փակ են, պահանջարկը մեծ է առաջարկից, իսկ ցորենի միջազգային գինը կտրուկ բարձրանում է։
«Հիմա հնարավոր է միայն եթե մեկը ճամպրուկով գումարը տանի, այլապես փոխանցումներ հնարավոր չէ իրականացնել։ Այդ պատճառով, մենք տեղափոխվում ենք այլ երկրներ, որտեղ այս խնդիրը չկա, բայց այլ երկրներում նույնպես ուկրաինական և ռուսական շուկաների փակումը հանգեցրել է գների բարձրացման», - Ցորեն և ալյուր արտադրողների ասոցիացիայի ղեկավար Լևան Սիլագավայի խոսքով, այժմ Ռուսաստանում փոխանցումներ կարելի է անել միայն ռուբլիով։
Ռուբլիի փոխանցումն ուղեկցվում է երկու խնդրով՝ մեկն այն է, որ արևմտյան պատժամիջոցների ֆոնին սա կընկալվի որպես օգնություն Ռուսաստանին՝ սահմանափակումներից խուսափելու համար, և երկրորդ՝ այդ պատժամիջոցների պատճառով ռուբլին կորցրել է իր գնողունակությունը։
Վրաստանում ցորենի ընդամենը մեկ ամսվա պաշար է մնացել։ ՄԱԿ-ի գյուղատնտեսության և պարենի կազմակերպության ռեկոմենդացիայի համաձայն՝ երկիրը պետք է երկամսյա ցորենի պաշար ունենա։
«Հիմա մենք կառավարության հետ աշխատում ենք ցորեն ներկրելու, պաշարները համալրելու ուղղությամբ, բայց դա կլինի բոլորովին այլ գնով։
Աղետ չէ, բայց միանշանակ պետք է պաշարները լցվեն։ Եթե ալյուր չլինի, նորից ինչ-որ կատակլիզմ տեղի ունենա, ու այս մեկամսյա պաշարը չունենանք, դա ուղղակիորեն կազդի գնի վրա։ Առանց ներմուծման մնալու ֆիզիկական վտանգ էլ կա։ Այս համակարգը հորինվել է, որպեսզի լինի ոչ թե ցորենի, այլ ալյուրի պաշարներ»,- «Ռեգինֆո»-ին ասում է Լևան Սիլագավան։
Հացթուխների ասոցիացիայից մեզ ասում են, որ երկրում ալյուրի պաշարը բավական է և ստեղծված իրավիճակը հացի գնի վրա չի ազդի։ Վրաստանը ալյուր գնելու խնդիր չունի, այդ թվում՝ Ռուսաստանից, քանի որ այս երկրից ալյուր են գնում մասնավոր ընկերություններ՝ ոչ թե փոխանցումներով, այլ կանխիկ եղանակով։
Ռուսաստանը՝ Թուրքիայից հետո, Վրաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է։ 2021 թվականի տվյալներով՝ Ռուսաստանի ֆինանսական մասնաբաժինը ներմուծման ընդհանուր ծավալում կազմում է մինչև 10%, իսկ ներկրված ապրանքներից երրորդ տեղում ցորենն է։
Վերջին տարիներին Վրաստանում արտադրվում է միջինը 100 հազար տոննա ցորեն։ Ռուսաստանը նաև Վրաստանի ցորենի և ալյուրի հիմնական մատակարարն է։ Օրինակ՝ 2021 թվականին մեր հյուսիսային հարևանից երկիր է ներկրվել 337 հազար տոննա ցորեն, որի համար վճարել ենք 87 միլիոն դոլար։ Սա ընդհանուր ներմուծման 92%-ն է։ Ռուսաստանի մասնաբաժինը ավելի բարձր՝ 99 տոկոս էր կազմում 2020 թվականին։
Մաքսատուրքերի սահմանման արդյունքում 2021 թվականին Ռուսաստանից ցորենի ներկրումը նվազել է, թեև գնել ենք երեք անգամ ավելի՝ 36,5 տոննա ալյուր, որը չի հարկվում։
2009 թվականից հետո Ռուսաստանը մեկ անգամ է կորցրել ցորենի ներմուծման առաջատարությունը՝ 2012 թվականին, երբ Ղազախստանն է դարձել հիմնական մատակարարը։ Այդ ժամանակվանից մինչև օրս այլ երկրներից Վրաստան ներկրվող ցորենի բաժինը չնչին է։
Լևան Սիլագավան կարծում է, որ Վրաստանի համար այլ երկրներից ցորեն ներկրելը դժվար չի լինի։
«Մենք կանցնենք այլ շուկաների։ Ղազախստանից կարող ենք ցորեն ներկրել Ադրբեջանի տարածքով երկաթգծի միջոցով, ալյուր կարող ենք ներմուծել Թուրքիայից։ Կա նաև Ռումինիայի այլընտրանքը, որի նավահանգիստը հեռու է պատերազմական գործողություններից»։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուց կարճ ժամանակ անց Վրաստանի Ազգային բանկը պարզաբանեց, որ չի կարող շրջանցել ֆինանսական սահմանափակումները։ Ռուսական «ՎՏԲ բանկին» արգելվել է երկրում դոլարով, եվրոյով, ֆունտով և այլ արտարժույթով փոխանցումներ կատարել, իսկ բանկի ակտիվները փոխանցվել են չինական «Բազիսբանկ»-ին։
«Ռուսական ֆինանսական հատվածի նկատմամբ գործնականում բոլոր պատժամիջոցները կիրականացվեն նաև Վրաստանում, անկախ նրանից՝ մենք պատժամիջոցներ կկիրառենք, թե ոչ։ Դեռևս SWIFT փոխանցումները սահմանափակվել են միայն 5 խոշոր բանկերի համար։ Այդ բանկերին չի կարելի գումար փոխանցել Վրաստանից կամ հակառակը։ Այլ բանկերի փոխանցումները դեռևս հնարավոր են, թեև տվյալները ամեն ժամ փոխվում են, հնարավոր է, որ պատժամիջոցներն էլ ավելի ընդլայնվեն և ավելի շատ բանկերի հետ կապը սահմանափակվի։ Ինչ վերաբերում է արագ փոխանցումներին, ապա այսօրվա դրությամբ արագ փոխանցումների համակարգը չի սահմանափակվում միջազգային հանրության կողմից, սակայն այստեղ կարևոր են Ռուսաստանում բնակչության նկատմամբ կիրառվող սահմանափակումները»,- «Ռեգինֆո»-ին ասում է Վրաստանի բանկային ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ձնելաձեն։
Բանկային ասոցիացիայում համոզված են, որ միջազգային առևտրի ճակատագիրը մեծապես կախված է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմից, քանի որ երկու երկրներն էլ Վրաստանի հիմնական առևտրային գործընկերներն են։ «Այս իրավիճակը կարող է բավականին ցավոտ լինել, որը միանշանակ ազդեցություն կունենա ներմուծման-արտահանման վրա՝ դեռ չգիտենք, թե որքանով։ Այնուամենայնիվ, Վրաստանը այլ շուկաներում մրցելու ներուժ ունի, ինչպես դա մեզ թույլ է տալիս Ասոցացման համաձայնագիրը»։
Ռուսաստանի ֆինանսական հատվածի նկատմամբ կիրառված պատժամիջոցների ցանկն հետևյալ տեսքն ունի՝ Եվրամիությունը դադարեցրել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի հասանելիությունը ակտիվներին։ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան և Եվրոպական միությունը ռուսական յոթ բանկերի դուրս են մղել SWIFT համակարգից։ Ռուսական խոշորագույն բանկ` «Սբերբանկին», արգելվել է առևտուր անել դոլարով, իսկ Մեծ Բրիտանիան սառեցրել է «ՎՏԲ բանկի» ակտիվները: Արևմտյան պատժամիջոցները կիրառվել են այլ բանկերի հանդեպ, որոնք են՝ «Գազպրոմբանկը», Black Sea Development and Reconstruction Bank-ը, Moscow Credit Bank-ը, Otkritie Bank-ը, IS Bank-ը և այլն: