Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը և լավ կառավարումը Վրաստանում առօրյա կյանքի մի մասն են, և երկիրն այսօր ավելի մոտ է ԵՄ-ին, քան երբևէ։
Անփոփոխ ներկայացնում ենք վարչապետ Ղարիբաշվիլիի ուղերձը քաղաքացիներին.
«Այսօր պատմական օր է Վրաստանի համար՝ ես երկրի անունից ստորագրում եմ ԵՄ անդամակցության դիմումը։ ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելը ևս մեկ կարևոր քայլ է Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին՝ փուլ, որը մեր պատմության նոր էջն է բացում և շարունակում մեր նախնիների ջանքերը, որոնք ուղղված էին միասնական եվրոպական ընտանիքում միավորմանը:
Վրաստանը եվրոպական պետություն է: Մեր երկիրը իր երկարամյա պատմության ընթացքում միշտ պատկանել է եվրոպական մշակույթի և քաղաքակրթության տարածքին և այսօր էլ իր արժեքավոր ներդրումն է ունենում նրա պաշտպանության և զարգացման գործում։
«Եվրոպացի լինելը» ոչ այլ ինչ է, քան այն արժեհամակարգի ընդհանրությունը, որը ստեղծում է Եվրոպան։ Վրաստանի պատմությունը, որը ազատության համար պայքարի պատմություն է, վկայում է այն բանի մասին, որ այդ արժեքները վրաց ժողովրդի բնության մեջ են և, հետևաբար, անբաժանելի են։
Պատմությունը վրաց ժողովրդի եվրոպական ընտրությունը դարձրել է ռազմավարական նպատակ։ Անկախության ձեռքբերման օրվանից մեր երկիրը հետևողականորեն շարունակել է շարժվել այս ուղղությամբ, և այս օրը մեր ջանքերի հերթական ցուցադրումն է։
Այսօր Վրաստանն ավելի քան երբևէ մոտ է Եվրամիությանը:
2014 թվականին, երբ ես որպես Վրաստանի վարչապետ ստորագրեցի Վրաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագիրը, մենք մեր երկրի և ժողովրդի առջև ստանձնեցինք ամենամեծ պատասխանատվությունը՝ հաջողությամբ շարժվելու եվրաինտեգրման ճանապարհով և ամուր հիմքեր դնելու մեր երկրի եվրոպականացման համար:
Մենք հպարտ ենք, որ 2014 թվականից մեր կառավարության հետևողականությամբ և հանրության աջակցությամբ Վրաստանը, որպես Եվրամիության ասոցացված գործընկեր, հաջողությամբ կատարում է համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները և զգալի առաջընթաց է գրանցել իրավական, ԵՄ-ի հետ տնտեսական և քաղաքական մերձեցման առումով:
Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, լավ կառավարումն արդեն մեր առօրյայի մաս են կազմում։ Մենք ակտիվորեն ընդունում ենք եվրոպական նորմերն ու չափանիշները երկրի քաղաքական, տնտեսական կամ սոցիալական կյանքի բոլոր ոլորտներում։
Մեր երկրի քաղաքացիները օգտվում են առանց վիզայի ճանապարհորդելու իրավունքից ԵՄ/Շենգենյան տարածքում, ինչը շատ լավ հնարավորություն է մեր հասարակությունների և ժողովուրդների միջև սերտ կապեր հաստատելու համար։
Եվրամիության հետ ազատ առևտուրը մեզ հնարավորություն է տալիս աստիճանական տնտեսական ինտեգրման հասնել աշխարհի խոշորագույն շուկաներից մեկին: Երկրի արդիականացումը՝ եվրոպական չափանիշներին համապատասխան, մի շարք ոլորտներում դարձել է անշրջելի։
Եվրոպական ժողովրդավարություն կառուցելու և, հետևաբար, ԵՄ-ին անդամակցելու անդառնալի ձգտումը՝ դեպի Վրաստանի ամբողջականությունն արված քայլ է։ Հավատում եմ ԵՄ-ում ինտեգրման ճանապարհը մենք կանցնենք մեր աբխազ և օս հայրենակիցների հետ և նրանց հետ միասին կկառուցենք միասնական, եվրոպական և ուժեղ պետություն:
Երբեմն Եվրոպայում հարց է առաջանում՝ արդյոք Վրաստանը եվրոպական մշակույթի երկիր է։ Վրաստանում այս հարցի պատասխանն ակնհայտ է բոլորի համար։ Վրաստանն աշխարհի հնագույն երկրներից մեկն է։
Ֆրանսիացի մտածող Պոլ Վալերիի բնորոշմամբ, թե որ երկիրը կարելի է համարել եվրոպական տարածության անդամ, նա սահմանել է երեք հիմնական չափանիշ՝ 1. հունահռոմեական մշակույթի ազդեցությունը, 2. քրիստոնեական հավատքը և 3. դեմոկրատական ավանդույթը: Ըստ այդ չափորոշիչների՝ Վրաստանն անկասկած եվրոպական տարածության, եվրոպական ընտանիքի անդամ է։
Վրաց ազգը, հպարտանալով իր հազարամյա մշակույթով ու պատմությամբ, միշտ կողմնորոշվել է դեպի Եվրոպա՝ հավատարիմ մնալով իր արժեքներին։ 20-րդ դարի սկզբին վրաց ժողովուրդը ստեղծեց եվրոպական արժեքների վրա հիմնված բարձր դեմոկրատական պետություն, որի ոգին և սահմանադրությունը համահունչ էին նույնիսկ այսօրվա եվրոպական չափանիշներին։
1991 թվականին վերականգնված ազգային անկախությունն ու պետականությունը հիմնված էին նույն սահմանադրության, եվրոպական արժեքների վրա և որպես հիմնական ուղի սահմանվում էր եվրոպական կողմնորոշումը։
Եվրոպական ապագան Վրաստանի բոլոր կառավարությունների համար վրաց ազգի կողմից սահմանված ծրագիր և այլընտրանք չունեցող գործողությունների պլան է:
Եզրափակելով՝ կուզենայի մեջբերել վրացի հայտնի գիտնական, Եվրոպական սահմանադրության հեղինակ Միխեիլ Մուսխելիշվիլիի (Միշել Մուսխելի) խոսքերը՝ մի մարդու, որը իր ժամանակից առաջ էր և տարված էր միացյալ Եվրոպայի գաղափարով: «Վրաստանը գիտի, որ պատկանում է Եվրոպային։ Հիմա Եվրոպան պետք է եզրակացություններ անի։ Անհրաժեշտ է, որ Վրաստանն իր տեղը հաստատի Եվրոպայում, իսկ արևմտյան երկրներն ընդունեն Վրաստանին իրենց ընտանիքում»։
Այս խոսքերը, ինչպես երբեք, արձագանքում են այսօրվա իրականությանը։ Մենք հուսով ենք և խորապես համոզված ենք, որ այսօր այն պատմական գործընթացի հիմքն է, որը կհանգեցնի Վրաստանի անդամակցությանը եվրոպական ընտանիքին։
Թող Աստված մեզ պահապան լինի»: