«Վաղը այստեղ չեմ լինի։ Գնում եմ Ուկրաինա: Ի՞նչ է կատարվում: Պետք է խաղաղություն հաստատենք: Ապրեք:» - հեռախոսով մեկին է ասում Փառնաոզ Քսովրելին։ Նա արդեն դուրս է եկել հարցազրույցից։ Որոշվել է, ընտրել են ու գնալու է:
Փետրվարի 27-ին ստեղծվել է «Վրացական լեգիոնի» համակարգող շտաբը։ Շատերն են ցանկանում որպես կամավորներ Վրաստանից մեկնել Ուկրաինա։ Լեգիոնն ինքնին կամավորական խումբ է, բայց բաղկացած է առնվազն հարյուր փորձառու զինվորներից։ Նրանց մեծ մասը Վրաստանի զինված ուժերի նախկին սպաներ են, 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի, Իրաքի և Աֆղանստանի ռազմական առաքելությունների վետերաններ։ Կամավորները ընտրվում են շատ խիստ կանոններով, խմբին միանալու համար անհրաժեշտ է ռազմական փորձը:
«Հեռախոսը ոչ մի րոպե կանգ չի առնում։ Զտում ենք ռազմական փորձ ունեցող մարդկանց։ Այստեղից հեշտ է երևում, բայց կարևոր է մարտի դաշտում ունենալ այն մեկին, որը համապատասխան փորձ ունի։ Հիմա կարիք չկա, որ անփորձ մարդը հասնի ռազմաճակատ։ Այլ աջակցություն հայտնելու բազմաթիվ եղանակներ կան: Այստեղ ազգությունը, քաղաքականությունը, գաղափարախոսությունը, ոչինչ այլևս նշանակություն չունի։ Սա բարու և չարի պատերազմ է և բարին պետք է հաղթի»,- ասում է «Վրացական լեգիոնի» Թբիլիսիի համակարգող շտաբի ներկայացուցիչ Վախո Մամուլաշվիլին՝ հավելելով, որ երկու օրվա ընթացքում հավաքվել է ավելի քան 100 կամավոր։
Վրաստանում Ուկրաինայի դեսպանատունը և շտաբը գործում են համատեղ։ Ինքնաթիռը վայրէջք կկատարի Լեհաստանում։ Կամավորների հետ այնտեղ կկնքվեն պայմանագրեր։ Ամեն ինչ պետք է լինի խստորեն կազմակերպված և վերահսկողության տակ՝այդպիսին է պլանը։
Փառնաոզ Քսովրելին նախկին զինվորական է, որդին ապագա լրագրող է։ Մեզ հետ ուրախությամբ է խոսում որդուն պատվին։ «Այսօր որոշեցի ու այսօր մեկնում եմ։ Գնում ենք պաշտպանելու Ուկրաինայի ազատությունը»:
«Ուկրաինայի ազատությունը պաշտպանելն այժմ նույնն է, ինչ պաշտպանել Վրաստանի ազատությունը: Նրանց պարտությունը մեր պարտությունն է, հաղթանակը՝ մեր հաղթանակը»:
«Խաղաղ բնակչությանը թող հանգիստ թողնեն: Փառք և հաղթանակ բոլոր վրացի մարտիկներին, որոնք կռվում են Ուկրաինայի և Վրաստանի համար»,- ասում է Փառնաոզը և կատակով ասում, որ հույս ունի ետ կվերադառնա և կնայի իր հարցազրույցը:
Կամավորները իրար մեջ խոսում են, որ հիմա վրացիներից լավ ուկրաինացիներին ոչ ոք չի հասկանում: Սոսոն ամաչում է տեսախցիկի առաջ իր կարծիքով կիսվել: Նա նույնպես գնալու է: Մոտավորապես 30 տարեկան կլինի: «Ուշացել եմ, ավելի շուտ պետք է գնայի»:
«Սա նաև մեր պատերազմն է: Գնում եմ ուկրաինացի հերոսների պատճառով: Այլ կերպ չեմ կարող: Գնում եմ, քանի որ ճշմարտությունը ուկրաինացիների կողմն է, իսկ երբ ճշմարտությունը քոնն է, նշանակություն չունի, թե ով է քո հակառակորդը»:
«Աստծո հույսն ունեմ: Կգամ, կգամ: Եթե չգամ՝ ոչինչ, ինձ համար նշանակություն չունի, ինձնից լավ տղաներ չեն վերադարձել պատերազմից»:
Կամավորների մեկ ինքնակազմակերպված խումբ ավտոբուսով մեկնել է Ուկրաինա փետրվարի 28-ի առավոտյան: Այստեղ էլ ավելի անհամբեր մարդիկ էին հավաքվել։ Ոմանք մարտական փորձ ունեն, ոմանք՝ բժշկական: Նրանց թվում նաև կանայք կան։ Գիորգի Շանիձեն իր տանը տեղավորել է Վրաստանում մնացած չորս ուկրաինացիների և ինքն էլ հետևել է կամավորներին։ - «Ամենակարճ ճանապարհը սա է, կգնանք մինչև Ուկրաինայի սահմանը, հետո կերևա, մենք կապ ունենք «Վրացական լեգիոնի» հետ, ունենք նաև անձնական շփումներ և ամեն ինչ լավ է լինելու»։
Վրացիները ծառայում են նաև Ուկրաինայի զինված ուժերում։ Ամուսիներ՝ ծագումով Տղիբուլիից Ռուսկա Իվանեիշվիլին և Կախեթիից Գելա Բեգլարիշվիլին մի քանի տարի է, ինչ կողք-կողքի կռվում են Ուկրաինայում։
Փետրվարի 28-ին, ժամը 8:45-ին, «Վրացական լեգիոնի» կողմից կազմակերպված մի խումբ կամավորներ պետք է օդանավ բարձրանային ու մտնեին Լեհաստանի օդային տարածք։ Հենց այդ ժամանակ էլ համակարգող շտաբը հայտարարեց, որ թռիչքը, որով պետք է մեկնեին կամավորները, չեղյալ է հայտարարվել և Ուկրաինա մեկնելու համար շրջաններից ժամանածների համար օթևանի կարիք եղավ։
Շտաբից մեզ հայտնեցին, որ մոտ 200 կամավորների օդանավակայանում են հայտարարել, որ չարտերային թռիչքը Լեհաստանի ուղղությամբ՝ չեղարկվել է: «Ուկրաինայի դեսպանատունն ամբողջ օրը բանակցում է Վրաստանի կառավարության հետ։ Ինքնաթիռը փոխվել է երեք անգամ։ Երբ մտածեցինք, որ ամեն ինչ կարգավորվել է, օդանավակայանում մեզ բարձրախոսով, առանց պարզաբանման հայտնեցին, որ չարտերային թռիչքը Լեհաստանի ուղղությամբ չեղարկվել է։ Շտաբն ու դեսպանատունն այժմ փորձում են ժամանակավորապես տեղավորել մարդկանց, որոնք մնալու տեղ չունեն Թբիլիսիում, քանի դեռ չենք գտել գնալու այլընտրանքային ուղիներ»։
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը Twitter-ում արձագանքել է թռիչքի ուշացմանը՝ կոչ անելով Իրակլի Ղարիբաշվիլիին թույլ տալ կամավորներին թռչել։
«Վրացի քաջ եղբայրները Ուկրաինային օգնելու համար օդանավակայանում սպասում են թռիչքին։ Հուսանք, Իրակլի Ղարիբաշվիլին համարձակություն կունենա և թռիչքի թույլտվություն կտա։ Ուկրաինան սպասում է սրան։ Եվրոպան սպասում է սրան։
«Ազատասեր վրաց ժողովուրդ, օգնեք ձեր վարչապետին ճիշտ որոշում կայացնել»,- գրել է Ուկրաինայի վարչապետը Twitter-ում։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փետրվարի 28-ին կառավարության նիստում խոսել է Ուկրաինայում ընթացող պատերազմի վերաբերյալ վրաց ժողովրդի արձագանքների և քաղաքացիների կողմից ներկայացված պահանջների մասին, որոնք, նրա կարծիքով, հակասում են երկրի ազգային շահերին։ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է նաև, որ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն անարդյունավետ են, ինչի պատճառով վարչապետը կրկին դարձել է հասարակական սուր քննադատության թիրախ։
Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են արդեն վեցերորդ օրը: Փետրվարի 24-ին Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, որին նախորդեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Դոնբասի և Լուգանսկի անջատողական շրջանները անկախ հանրապետություններ ճանաչելը: Ռուսաստանի ռազմական միջամտությունը հանգեցրել է պատժամիջոցների ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից:
Փետրվարի 28-ին, Ուկրաինայի և Բելառուսի սահմանին բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։ Երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի դիմումը։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեn այսօր խորհրդարանում հայտարարեց, որ կառավարության թույլտվությամբ կամավորներ ուղարկել Ուկրաինա, որտեղ պատերազմը շարունակվում է արդեն վեց օր, կնշանակի «Վրաստանի անմիջական մասնակցություն ռազմական հակամարտությանը»։
Այսօր նաև հայտնի դարձավ, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խորհրդակցությունների է կանչել Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովին։ Գործը վերաբերում է Վրաստանի կառավարության դիրքորոշմանը պատժամիջոցների և Ուկրաինա մեկնել ցանկացող կամավորներին խոչընդոտելուն։