Գերմանիայի կողմից «Հյուսիսային հոսք 2» գազատարի արտոնագրի կասեցումը հենց պատասխան է Ռուսաստանի գործողություններին։ 1 230 կիլոմետրանոց կառույցը Բալթիկ ծովով Ռուսաստանը կապում է Գերմանիայի հետ։ Խողովակաշարի նախագծին ի սկզբանե դեմ էին ԱՄՆ-ը, Ուկրաինան և եվրոպական այլ երկրներ, որոնք կարծում էին, որ Ռուսաստանը ևս մեկ ուժեղ քաղաքական զենք կստանար և կմեծացներ Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից:
Ձմռան հետ միասին Եվրոպայում բնական գազի և էլեկտրաէներգիայի գները հասել են ռեկորդային մակարդակի։ Հետհամաճարակային շրջանում՝ պահանջարկի աճի, վերականգնվող էներգիայի վաղաժամ անցման և Եվրոպայում արդյունահանման նվազման հետ միասին, Ռուսաստանը նույնպես մեղադրվում է գների աճի մեջ: Եվրամիության գազի ներկրման 40 տոկոսը բաժին է ընկնում ռուսական «Գազպրոմին»:
Եվրոպական էներգետիկ ճգնաժամը նույնպես ցույց է տալիս, թե ինչու է ռուսական էներգիայից կախվածությունը ռիսկային, թեև Կրեմլի կողմից էներգիայի քաղաքական նպատակներով օգտագործումը կարելի է տեսնել Վրաստանի ոչ վաղ անցյալում:
Մեկ տարում կրկնապատկված ներմուծում
Վրաստանում էլեկտրաէներգիայի սպառումը, փաստացի, տարեցտարի ավելանում է։ Օրինակ՝ 2020 թվականի համեմատ 2021 թվականին երկիրը սպառել է 13 տոկոսով ավելի՝ 13,7 միլիարդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա։ Վերջին տարիներին սպառման աճը, տնտեսական աճի հետ մեկտեղ, կապում են կրիպտոարժույթի բիզնեսի և Աբխազիայի էլեկտրաէներգիայի ճգնաժամի հետ:
Աճող սպառումը բավարարելու համար ավելի շատ էլեկտրաէներգիա է անհրաժեշտ, սակայն, նոր սերնդի կայանների սակավության պատճառով, 2017 թվականից սկսած Վրաստանում սպառումը գերազանցում է արտադրությանը: Ճիշտ է, նախորդ տարի երկրում կառուցվել է 7 նոր ՀԷԿ, սակայն դրանց ընդհանուր հզորությունը կազմում է ընդամենը 23,5 ՄՎտ։
Անցյալ տարի Վրաստանն արտադրել է 12,6 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա։ Դրանում ամենամեծ տեսակարար կշիռը՝ 80%-ը պատկանում է ՀԷԿ-երին, 19%-ը՝ ՋԷԿ-երին, որոնք աշխատում են ներկրվող գազով, իսկ 1%-ը բաժին է ընկնում հողմային էներգիային։
Վրաստանը գնալով ավելի շատ էլեկտրաէներգիա է գնում դեֆիցիտը լրացնելու համար, հատկապես ձմռանը, երբ սպառումը մեծանում է, իսկ հիդրոէներգիայի արտադրությունը՝ նվազում։ 2012-21 թվականներին ներմուծումն աճել է 226%-ով և նախորդ տարի հասել ռեկորդային բարձր ցուցանիշի՝ 2 մլրդ կՎտ.ժ-ի:
2021 թվականին Ռուսաստանը դարձել է Վրաստանի էլեկտրաէներգիայի հիմնական մատակարարը, ներմուծման 62%-ը կատարվել է հենց այս երկրից (այստեղից 49,7% Աբխազիայի համար), 30%-ը՝ Ադրբեջանից, 8%-ը՝ Թուրքիայից։
Հյուսիսային հարևանից նախորդ տարի ներմուծվել է 1,2 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա, ինչը 118 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Վրաստանը երբեք Ռուսաստանից այսքան էլեկտրաէներգիա չի գնել մեկ տարվա ընթացքում:
Ըստ ESCO-ի՝ Ռուսաստանից ներկրվող էլեկտրաէներգիայի 80%-ը անհրաժեշտ էր Աբխազիայի սպառումը բավարարելու համար:
Օկուպացված Աբխազիայում 2012 թվականից ի վեր սպառումը գրեթե կրկնապատկվել է նախորդ տարի կազմելով 2,9 միլիարդ կՎտ.ժ։ Տարածաշրջանում սպառման նման աճը կապված է կրիպտոարժույթի բիզնեսի, ինչպես նաև բաշխման, գերսպառման և անսարք հաղորդալարերի խնդրի հետ, որի դեմ դե ֆակտո կառավարությունը, ինչպես ինքն է պնդում, դեռևս անարդյունք է պայքարում։
2021 թվականի գարնանը Էնգուրի ՀԷԿ-ը, որի արտադրանքի 40%-ը գնում է Աբխազիա և հանդիսանում է նրա մատակարարման միակ աղբյուրը, վերականգնողական աշխատանքների պատճառով երեք ամսով դադարեց աշխատել։ Հենց այս ժամանակահատվածում է նկատվում Ռուսաստանից ներմուծման աճը։
Եթե հաշվի առնենք, որ ՋԷԿ-երն ամբողջությամբ աշխատում են ներկրվող գազով, իսկ Վրաստանը լրացուցիչ էլեկտրաէներգիա է գնում դեֆիցիտը լրացնելու համար, կստացվի, որ երկրի սպառման ավելի քան 30%-ը լրացվում է այլ երկրներից ներկրվող էներգիայով։
Ռուսական գազի մասնաբաժինը
2004-2006 թվականներին, երբ երկիրը կախված էր ռուսական գազից, դիվերսիոն խմբերը մի քանի անգամ պայթեցրել են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ այս ահաբեկչական գործողությունների հետևում կանգնած է եղել Ռուսաստանի հետախուզական վարչությունը։
Այս ամենին հաջորդեց 2006 թվականի հունվարին Հյուսիսային Կովկասում Ռուսաստան-Վրաստան մայրուղային գազատարի պայթյունը։ Պայթեցվեց երկու գազատար և Կարաչայ-Չերքեզիայում բարձր լարման էլեկտրահաղորդման գիծը: Ցուրտ ձմռանը Թբիլիսին մնացել էր առանց գազի և լույսի։
Նույն թվականին Ռուսաստանի Դաշնության կառավարությունը էմբարգո սահմանեց Վրաստանից գյուղմթերքների ներմուծման վրա։ Սահմանափակումը տևեց 7 տարի և վերացվեց միայն 2013 թվականին։
Սակայն Վրաստանը կրկին բնական գազ է ստանում Ռուսաստանից։ Երկիրը գազի ներկրման վրա ծախսում է միջինը 300 մլն դոլար։ Անցյալ տարի այդ թիվը կազմում էր 320 մլն դոլար։
2021 թվականին, նախորդ տարվա համեմատ, մենք կրկնակի ավելի՝ 70 միլիոն դոլար ենք վճարել ռուսական գազի համար։ Ներմուծվող գազի արժեքում Ռուսաստանի մասնաբաժինը 12%-ից հասել է 22%-ի։ Մնացածը՝ 250 մլն դոլարի բնական գազը Վրաստանը գնել է Ադրբեջանից, որը 2006 թվականից գլխավոր ներկրող է։
«Մենք երկու տեսակի պայմանագրեր ունենք Ադրբեջանի հետ: Մի պայմանագրով գազ է մատակարարվում բնակչությանը և ՋԷԿ-երին և սակագինը շատ էժան է, իսկ մյուս պայմանագրով նախատեսված է կոմերցիոն հատվածի համար և կարելի է այստեղ վաճառել ցանկացած գնով։ Ռուսական գազը մտնում է այս կոմերցիոն սեկտոր, որպեսզի մրցակցի ադրբեջանականի հետ։ Այն չի ներմուծվում բնակչության և ռազմավարական ՋԷԿ-երի համար։ Սակայն Ադրբեջանը չունի այնքան բնական գազ, որ մեզ լիովին բավարարի։ Հարցը այն չէ, որ նրանք ընդհանրապես գազ չունեն, այլ այն, որ դեկտեմբեր-փետրվար ամիսներին մեր սպառումը միջինից չորս անգամ բարձր է։ Այս պահին ռուսական գազը մեզ օգնում է բավարարել սպառման գագաթնակետի ժամանակահատվածը», - բացատրում է Վրաստանի նավթի և գազի կորպորացիայի ռազմավարական պլանավորման և նախագծերի բաժնի ղեկավար Թեյմուրազ Գոչիտաշվիլին։
Նավթի և գազի կորպորացիայում կարծում են, որ միակ այլընտրանքը գազի պահեստի կառուցումն է, որտեղ կպահվի ամռանը Ադրբեջանի մատակարարած գազը և ձմռանը կսպառվի. «Այդ դեպքում անխուսափելի չի լինի ռուսական գազի ներկրումը դեկտեմբեր- փետրվար ամիսներին: Սակայն, եթե ներմուծումը մեր ձեռքերում է, և մենք թույլ չեք տա ազատորեն իրականացնել, ինչպես դա արել է Եվրոպան, և արդյունքն այժմ տեսնում է, ապա հնարավոր է պահպանել համամասնությունը։ Եթե կոմերցիոն շուկայում թողնենք միայն Ադրբեջանին՝կարող է 500 դոլար սահմանել, եթե մրցակից չունեք»։
Երկու տեսակետ էներգետիկ անկախության վերաբերյալ
Ինչպե՞ս փրկել Վրաստանն այս վտանգից - Վերականգնվող էներգիայի զարգացման ասոցիացիայում կարծում են, որ լավագույն միջոցը ներքին արտադրության ավելացումն է։
Ասոցիացիայի ղեկավար Գիորգի Աբրամիշվիլիի խոսքով, երկրում էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումն անշրջելի գործընթաց է, քանի որ սպառումն ավելի բարձ կլինի և այն բավարարելու համար անպայման կպահանջվի մեծ ՀԷԿ-երի կառուցում։
«Սպառման աճը մի կողմից ողջունելի է, քանի որ դա նշանակում է, որ տնտեսությունը նույնպես աճում է, բայց կա էներգակիրների ռուսաստանյան սպառողներից ավելի մեծ կախվածության վտանգ։ Փաստ է, որ ներկայիս կուտակումը բավարար չէ աճող սպառման համար։ Հաշվի առնելով, որ Էնգուրիից բացի այլ մեծ ՀԷԿ չունենք, սա խնդիր է ստեղծում։ Երբ այս կայանը կանգ է առնում, մենք ստիպված ենք մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա ներկրել։ Չափազանց կարևոր է, որ մենք խելամտորեն օգտագործենք մեր վերականգնվող էներգիայի աղբյուրները: Սակայն դրան խանգարում է 1980-ականներին Հուդոնի դեմ սկսված քարոզչությունը և առասպելների կասկադը, թե իբր ՀԷԿ-երի դեմ արտահայտվելը նշանակում է հայրենասիրություն և լավ վրացություն։ Իրականում հակառակն է։ Վրաստանի արտադրական պոտենցիալը փոքր և մեծ էլեկտրակայանների համար կազմում է մոտ 50 միլիարդ կՎտ.ժ, ինչը նշանակում է, որ երկրին կբավականացնի ամբողջ արտադրվող էներգիան, և բացի այդ՝ տարեկան մինչև 6 միլիարդ դոլար կարող ենք ստանալ արտահանման և հարկերի միջոցով»,- «Մթիս Ամբեբիի» հետ զրույցում ասում է Գիորգի Աբրամիշվիլին:
Գիորգի Աբրամիշվիլին համոզված է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների նախապայմաններից մեկը եվրոպական էներգետիկ ճգնաժամն էր, որից օգտվեց Ռուսաստանը և ցնցեց ողջ Եվրոպան. «Մի կողմից կան քաղաքական ռիսկեր, մյուս կողմից՝ ֆինանսական։ Եթե մենք իմանանք, որ ունենք մեր երկրում արտադրվող էներգիայի ֆիքսված գին, դա մեզ լուրջ կայունություն կտա։ Ռուսական և ադրբեջանական սակագները ցանկացած պահի կարող են փոխվել, եթե կրկնապատկվեն կամ եռապատկվեն՝ մենք չունենք լծակներ և այլընտրանք»:
«Կանաչ այլընտրանք» միջազգային ֆինանսական ինստիտուտների մոնիտորինգի ծրագրի համակարգող Դավիթ Ճիպաշվիլին կարծում է, որ երկրի էներգետիկ անկախությանը սպառնում է էներգետիկ ոլորտում ռուսական ընկերությունների ներկայությունը և ռուսական չափանիշները։
«Վրաստանը էլեկտրաէներգիապես կախված չէ Ռուսաստանից, այս երկրից ներմուծման մեծ մասը սպառվել է Էնգուրի ՀԷԿ-ի փակման պատճառով Աբխազիայի համար, որի համար մենք չենք վճարել և ոչ մի աղետալի բան տեղի չի ունեցել։ Ես չեմ ակնկալում, որ կարճաժամկետ հեռանկարում կամ երբևէ Վրաստանին այս առումով վտանգ կսպառնա։ Ներմուծումը միանշանակ վատ կամ լավ չէ, աշխարհում չկա մեկուսացված էներգետիկ համակարգ, բոլորը փորձում են դիվերսիֆիկացված լինել և ինտեգրվել հարևան պետությունների կամ տարածաշրջանների հետ։ Մեր խնդիրն այն է, որ մենք ինտեգրված ենք ռուսական էներգահամակարգին, ունենք նրանց չափանիշները, ոչ թե, օրինակ, Թուրքիայի եվրոպական չափանիշները։
Հիմնական խնդիրն այն է, որ վրացական էներգետիկ ոլորտը և մի քանի ՀԷԿ-եր, օրինակ՝ «Դարիալ» ՀԷԿ-ը, գտնվում են ռուսական ընկերությունների ձեռքում։ Էներգետիկ անկախությունը միայն այն չի նշանակում, թե որտեղ է գտնվում էլեկտրակայանը, ավելի կարևոր է, թե ում է պատկանում այն: Ինչպես կարելի է խոսել էներգետիկ անկախության մասին, երբ «Ժինվալի» ՀԷԿ-ը նույնպես ռուսական «Թելասիին» է պատկանում։ Մենք ոլորտում լուրջ խնդիրներ ունենք, և այո, մենք լուրջ կախվածության մեջ ենք Ռուսաստանից, բայց ՀԷԿ-երի կառուցումը չի լուծի այս խնդիրը»,- ասում է Դավիթ Ճիպաշվիլին։
«Կանաչ այլընտրանք» կազմակերպությունում կարծում են, որ էներգետիկ անկախությունը պետք է ձեռք բերվի ոչ թե մեծ կամ փոքր ՀԷԿ-երի կառուցմամբ, այլ քամու և արևային էներգիայի զարգացմամբ, գոյություն ունեցող ՀԷԿ-երի վերականգնմամբ և անտեղի սպառման կրճատմամբ։ «Երբ մենք խոսում ենք էներգետիկ անկախության մասին, էներգաարդյունավետությունը մեր էներգիայի բանալին է: Մեր տնտեսությունը տեխնոլոգիապես հնացած է, և մենք ԵՄ-ի միջինից 46%-ով ավելի շատ էներգիա ենք սպառում ՀՆԱ-ի արտադրության համար, և դա պետք է շտկվի»:
Ըստ Դավիթ Ճիպաշվիլիի, գլխավորը հիմա պետք է պարզել, երկրի էներգետիկ կարիքները մոտ ապագայում կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում, և դա իմանալուց հետո նոր միայն հնարավոր կլինի արձագանքել երկրի էներգետիկ համակարգ մարտահրավերներին։
Այն, որ ռուսական էներգետիկ ռեսուրսներից կախվածությունը վտանգավոր է, ավելի հստակ երևում է Եվրոպայում՝ պատերազմի համատեքստում։ Վերականգնվող էներգիայի զարգացման համար ընդունված «Կանաչ պայմանագիրը», որը կարող է նոր գլխացավանք դառնալ Եվրոպայի համար, կենսական նշանակություն ունի։ Ճգնաժամի պայմաններում Եվրոպան՝ «Գազպրոմի» հիմնական առանցքային շուկան, ակտիվորեն քննարկում է ռուսական գազը փոխարինելու հարցը, այդ թվում՝ ԱՄՆ-ից և Կատարից ստացվող հեղուկ բնական գազով: Ռուսական գազից իր կախվածությունը նվազեցնելու համար Գերմանիան նախատեսում է հեղուկ բնական գազի երկու տերմինալ կառուցել և պաշարներ ստեղծել:
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից և «Հյուսիսային հոսք 2»-ի դադարեցումից հետո աճում է տնտեսական պատժամիջոցների ցանկը, որին Վրաստանը չի միանում, և որոնք անխուսափելիորեն իրենց ազդեցությունը կունենան համաշխարհային շուկայի վրա։ Պատժամիջոցների ենթարկված ընկերությունների ցանկում ներառված են Ռուսաստանի 13 խոշորագույն ընկերություններ և բանկեր, այդ թվում՝ բնական գազի մագնատ և խոշորագույն արտադրող «Գազպրոմը»։
Հեղինակ՝ Կախի Չակվետաձե