Քանի դեռ Ռուսաստանը պատրաստվում էր Ուկրաինայի վրա լայնամասշտաբ հարձակման և պատերազմական գործողություններ սկսելու համար, իսկ պատերազմին սպասող հանրության ուշադրությունը ուղղված էր Ուկրաինային՝ «Ալտ Ինֆոյի» խմբի կողմից ստեղծված ռուսամետ կուսակցությունը ամբողջ Վրաստանում իրար հետևից գրասենյակներ է բացում։ «Պահպանողական շարժումը» վերջին մեկ ամսվա ընթացքում շրջաններում արդեն 37 գրասենյակ ունի։ Եվս 6 գրասենյակ է նախատեսվում բացել լեռնային շրջաններում փետրվարի 25-27-ը, մինչդեռ հիմնադրվելուց մինչև փետրվարի 18-ը ներառյալ կուսակցության եկամուտը կազմում է միայն 36 675 լարի։
«Պահպանողական շարժումը» հունվարին շրջանային գրասենյակների բացումը սկսեց Սամեգրելո-Զեմո Սվանեթիից։ Խոբիում կուսակցության գրասենյակը ղեկավարում է Ռոստոմ Կիլասոնիան, Մարտվիլիում՝ Օթար Դանելիան, Ծալենջիխայում՝ Գիորգի Նաճղեբիան, Աբաշայում՝ Զուրաբ Ցոմաիան, իսկ Զուգդիդիում՝ Գիա Գուլուան։
Մեստիայում ռուսամետ կուսակցության շրջանային կազմակերպության նախագահը Գիորգի Ռատիանին է, ով 2017 թվականից Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հակահետախուզության վարչության Սամեգրելո-Զեմո Սվանեթիի վարչության աշխատակից էր և հսկում էր Մեստիայի մունիցիպալիտետը։
Պաշտոնապես Ռատիանին ՊԱԾ-ի աշխատակից չէ, այն բանից հետո երբ 2021 թվականին նախաձեռնող խումբը նրան առաջադրեց Մեստիայի քաղաքապետի թեկնածու՝ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում։ «Մթիս Ամբեբիի» տեղեկությամբ, Ռատիանին Մեստիայի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էր ՊԱԾ-ի հանձնարարությամբ՝ «Լելոյի», Գախարիայի և Անա Դոլիձեի կուսակցություններից առաջադրված թեկնածուներից ձայներ խլելու համար։ Գիորգի Ռատիանին այս տեղեկությունը չի հաստատում։ Ընտրությունների առաջին փուլում իշխանական թեկնածուն հաղթել 64․16 տոկոսով, իսկ Գիորգի Ռատիանին ստացել է ձայների 11․43 տոկոսը (618 ձայն)։
- Գիորգի, ինչու՞ եք որոշել լինել ռուսամետ կուսակցության տեղական կազմակերպության ղեկավար։
- Սա ռուսամետ կուսակցություն չէ, վրացամետ է։
-Տարիներ շարունակ հակահետախուզական վարչության աշխատակից էիք։ Պաշտոնապես ձեր կուսակցությունը եկամուտի տեսքով ընդամենը 36 հազար լարի է ստացել։ Ի՞նչ միջոցներով եք վարձակալել Մեստիայի կենտրոնում գտնվող գրասենյակը։
- Ինձ հարցաքննու՞մ եք։ Այդ հարցին չեմ պատասխանի։ Կամ ի՞նչ կապ ունի ՊԱԾ-ը, ես ՊԱԾ-ի աշխատակից չեմ։
- Ուզում եք ասել, որ այն ինչ անում եք ձեզ ՊԱԾ-ը չի հրահանգու՞մ։
- Ձեզ ասացի, ես Անվտանգության ծառայության աշխատակից չեմ։
Մեստիայի կենտրոնում՝ Թամար թագուհու փողոցի թիվ 16 շենքը, որտեղ տեղակայված է «Պահպանողական շարժման» շրջանային կազմակերպությունը՝ պատկանում է Յուրի (Խուտա) Ռատիանիին։ Յուրի Ռատիանին 2018-2019 թվականներին եղել է Մեստիայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի «Եվրոպական Վրաստան» խմբակցության փոխնախագահ։ Նա մասնակցել է նաև 2021 թվականի հոկտեմբերի 2-ի ընտրություններին, նույն կուսակցության ցուցակի չորրորդ համարով, սակայն չի ընտրվել քաղաքային խորհրդի անդամ։ Նույն շենքում է գտնվում Մեստիայի տարածքային ընտրական հանձնաժողովը։
Փետրվարի 24-ին Մեստիայում ոստիկանություն է մոբիլիզացվել կուսակցության գրասենյակի առաջ, քանի դեռ այնտեղ նախատեսված ակցիան չի ավարտվել՝ ի աջակցություն Ուկրաինայի։
Թելավիում նույնպես «Պահպանողական շարժումը» գրասենյակ է բացել քաղաքի կենտրոնում՝ անմիջապես քաղաքապետարանի և նահանգապետի աշխատակազմի դիմաց։ Շրջանային կազմակերպությունը ղեկավարում են Իլիա Մեգրելիշվիլին և Գիա Կարչաուլին։ Լագոդեխիում կուսակցության տեղական կազմակերպության ղեկավար է նշանակվել Վախտանգ Բարբաքաձեն։
«Մինչև ապրիլի վերջ մենք կունենանք 77 գրասենյակ ողջ Վրաստանում, որտեղ մեր համախոհները կկարողանան հանդիպել կուսակցության առաջնորդների հետ»,- հունվարի 30-ին ասել է «Պահպանողական շարժման» առաջնորդներից Կոնստանտին Մորգոշիան։
Հունվարի վերջին և փետրվարին ռուսամետ կուսակցության գրասենյակներ են բացվել Քվեմո Քարթլիում, Մցխեթա-Մթիանեթիում, Շիդա Քարթլիում, Իմերեթում, Սամեգրելոյում, Աջարիայում և Կախեթիում։
Դմանիսիում կուսակցությունը ղեկավարում է Գիորգի Արխվլիանին, Ռուսթավիում՝ Մերաբ Գիգանին, Կասպիում՝ Գիգա Կարբելաշվիլին, Խաշուրիում՝ Գիորգի Կիկնաձեն և Ռամազ Նոզաձեն, Թեթրիծղարոյում՝ Անտոն Թամլիանին և Թամազ Բեքաուրին, Գարդաբանիում՝ Գիորգի Դադվանին, Բորջոմիում՝ Շորենա Կոբիձեն, Ախալցիխեում՝ Սիմոն Էղիաշվիլին և Ակակի Ջելիա, Ծնորիում՝ Գիորգի Խատիաշվիլին, Ղվարելիում՝ Գոչա Կեկենաձե, իսկ Ախմետայում Ջիմշեր Բուխաչաուրի։
Կուսակցությունը Ախմետայում նույնպես տեղակայվել է քաղաքի կենտրոնում՝ քաղաքապետարանի դիմաց։ Շենքը, որտեղ վարձակալվել է տարածքը, պատկանում է Ախմետայի մունիցիպալիտետի՝ «Վրացական երազանքից» սակրեբուլոյի անդամ, ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Կախա Մամուլաշվիլիի ընտանիքին։
Վարձակալության պայմանագիրը ձևակերպված է 11 ամսով։ Մամուլաշվիլին ասում է, որ նա կապ չունի «Պահպանողական շարժման» հետ և միայն տարածքն է վարձով տվել:
Սաչխերեում «Պահպանողական շարժման» շրջանային կազմակերպության ղեկավարն է Լաշա Գոմարթելիան, Ճիաթուրայում՝ Գիորգի Լոբժանիձեն և Զաուր Մոդեբաձեն, Զեստափոնիում՝ Դավիթ Չումբաձեն և Բեսիկ Լեոնիձեն, Դուշեթիում՝ Աբո Սամխարաձեն և Մարինե Լափանաշվիլին, Քարելիում՝ Մարիամ Միքացաձեն և Էստատե Խոսրուաշվիլին, Գորիում՝ Գելա Մեգրելիշվիլին,Վանիում Գոգի Ռևազ Փաշկուրիձեն, Խոնիում՝ Գիա Մանագաձեն, Ծղալտուբոյում՝ Զազա Մուսելիանին, Տղիբուլիում՝ Արսեն Փոփխաձեն, Թեջոլայում ՝ Զաուր Օբոլաձեն, Բաղդաթիում՝ Մամուկա Կվետենաձեն, Բաթումիում՝ Գոգի Քադիձեն, Քութաիսիում՝ Գիգա Սուլակաձեն, Սամտրեդիայում՝ Գիա Վաշակիձեն, Սենակիում՝ Գիորգի Բոկուչավան, Փոթիում՝ Դավիթ Դվալիշվիլին, իսկ Չխորոծղույում՝ Բեքա Գաբեդավան և Էմզար Միքավան։
«Մենք հենց առաջին ընտրություններում կլինենք կառավարություն և իշխող ուժ»,- երեկ հայտարարել է Կոնստանտին Մորգոշիան՝ շրջանային գրասենյակներից մեկի բացման ժամանակ։
Առաջիկա երեք օրվա ընթացքում կուսակցությունը նախատեսում է գրասենյակներ բացել Ախալքալաքում, Նինոծմինդայում, Ցագերիում, Լենտեխիում, Օնիում և Ամբրոլաուրիում։
Աուդիտի ծառայության փաստաթղթերի համաձայն՝ կուսակցության հիմնական ֆինանսավորողները շրջանային կազմակերպությունների ղեկավարներն են։ Օրինակ՝ 1900-1900 լարիի նվիրատվություն են կատարել Քութայիսիի և Զուգդիդիի կազմակերպությունների ներկայացուցիչներ Գիգա Սուլակաձեն և Գիա Գուլուան, 1800 լարի Մերաբ Գիգանը Ռուսթավիից, 500-500 լարի Գիորգի Ռատիանին Մեստիայից և Գոչա Կեկենաձեն Ղվարելիից։
Փոքր քաղաքների գրասենյակների համար կուսակցությունը պաշտոնապես ամսական 400 լարի է վճարում, թեև մի քանի տարածքների սեփականատերերից, որոնց ինքնությունը նրանց խնդրանքով չենք հայտնում,գիտենք, որ իրական վճարը ամսական կազմում է 1000 լարի։ Նույն տարածքները նախքան «Պահպանողական շարժմանը» հանձնելը՝ վարձակալվել է 400 լարիից ավելի շատ գումարով։
Գործող օրենսդրության համաձայն, քաղաքական կուսակցությունները պարտավոր են Պետական աուդիտի գրասենյակ տեղեկություն ներկայացնել կուսակցության հաշվեհամարին կատարված նվիրատվությունների մասին՝ այն ստանալուց 5 օրվա ընթացքում։ «Պահպանողական շարժումը» Պետական աուդիտի վարչությանը տվյալներ է ներկայացրել փետրվարի 18-ի դրությամբ։ Կուսակցությունը պարտավոր է նաև գովազդի պատվիրման օրվանից 5-օրյա ժամկետում Աուդիտի գրասենյակ ներկայացնել գովազդային ծախսերը, իսկ տարեկան հայտարարագիրը, որը պետք է արտացոլի կուսակցության բոլոր եկամուտներն ու ծախսերը, մինչև հաջորդ տարվա սկիզբը այժմ հայտնի չեն, քանի որ այդ տվյալները Աուդիտի գրասենյակ ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 1-ն է:
«Ալտ Ինֆոյի» խումբը կուսակցությունը հիմնել է անցյալ տարվա նոյեմբերի 20-ին։ «Պահպանողական շարժման» նախագահն է Զուրաբ Մախարաձեն, կուսակցության գլխավոր քարտուղարը՝ Գիորգի Քարդավան։ Կառավարման խորհրդի անդամներն են՝ Իրակլի Մարտինենկոն, Իրակլի Մորգոշիան, Գիորգի Քարդավան և Վասիլ Գվիլիան։ Ռեզերվային հանձնաժողովի կազմում են Էմրե Քուչուկը, Գիորգի Մորգոշիան և Ալեքսանդր Քարդավան։ «Պահպանողական շարժումը» որպես կուսակցություն պաշտոնապես գրանցվել է 2021 թվականի դեկտեմբերի 7-ին։
Կուսակցության նպատակն է վերջ տալ Վրաստանում «լիբերալ բռնապետությանը» և ստեղծել «քրիստոնեական ժողովրդավարություն»։ Ղեկավարները բացահայտ հայտարարում են, որ լինելու են Ռուսաստանի դաշնակիցները, ցանկանում են նրա հետ ուղիղ և անվերապահ երկխոսություն ունենալ և ինտեգրվել Մոսկվայի շահերից բխող համակարգերում։
«Ալտ Ինֆոն» 2021 թվականի հուլիսի 5-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած բռնի ցույցի կազմակերպիչն էր, որի ժամանակ ցույցի մասնակիցները հարձակվեցին տասնյակ լրագրողների վրա և տարբեր մարմնական վնասվածքներ պատճառեցին, ինչպես նաև հարձակվեցին հասարակական կազմակերպությունների գրասենյակների վրա։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի հայտարարություններով, ինչպես նաև ՆԳՆ-ի անգործությունից ոգևորված ագրեսիվ խմբերը ողջ օրվա ընթացքում բռնություն էին գործադրում լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ։ Հանցագործության կազմակերպումը սկսվել է հուլիսի 5-ից մի քանի շաբաթ առաջ։ «Ալտ Ինֆոյի» անդամները սեփական ալիքով հրապարակայնորեն կոչ էին անում հեռուստադիտողներին դիմել բռնության: Չնայած տուժողների ցուցմունքներին ու տեսաապացույցներին՝ դատախազությունը «Ալտ Ինֆոյի» ղեկավարներից ոչ մեկին չի ձերբակալել։
2021 թվականի սեպտեմբերին Վրաստանի Հաղորդակցության ազգային հանձնաժողովը «Ալտ Ինֆո» հեռուստաընկերությանը Վրաստանի ողջ տարածքում հեռարձակման թույլտվություն տվեց։