Սամեբա գյուղում արդեն սովոր են։ Այստեղ միայն փետրվարի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 7 երկրաշարժ, նախորդ տարվանից առ այսօր՝ 54։
Ոչ տեղական, ոչ էլ կենտրոնական իշխանությունը որևէ օգնություն չի ցուցաբերել վնասված տների վերանորոգման հարցում։ Սակայն տների պատերը ճաքած են, և ոչ ոք չգիտի՝ կդիմանա՞ն արդյոք դրանք հերթական ուժեղ ցնցմանը։
«Վստահաբար կարող ենք ասել, որ Վրաստանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ տեղի է ունենում չորս-հինգ տարին մեկ անգամ։ Կովկասը լրիվությամբ սեյսմիկ ակտիվ տարածաշրջան է, բայց այստեղ կան մի քանի նշանավոր տարածքներ, որոնցից մեկը Ջավախեթիում է, որտեղ երկրաշարժերը բավականին հաճախ են լինում»,- փետրվարի 16-ին Սամեբա էինք գնացել Իլիայի պետական համալսարանի պրոֆեսոր, սեյսմոլոգ Զուրաբ Ջավախիշվիլիի հետ միասին:
Առավոտյան ինն անց կես է։ Մադաթափա լճի մոտ, որի ափին է գտնվում Սամեբա գյուղը, ջերմաստիճանը ցույց է տալիս -7 աստիճան։ Լիճը, որն ամռանը լի է չվող թռչուններով և գրավիչ վայր է զբոսաշրջիկների համար, այժմ ամբողջովին սառցակալված է։ Ձյան բարձրությունը հասնում է կես մետրի։ Մարդիկ չեն երևում։
180 տարի առաջ Ջավախեթիի բարձրավանդակում դուխոբորների կողմից կառուցված գյուղերը աստիճանաբար դատարկվում են։ Սամեբայում ապրում է մոտ 60 մարդ՝ 25%-ով պակաս, քան 20 տարի առաջ։
- Ոորտեղի՞ց եք, ո՞ր հեռուստատաընկերությունից: Տեսախցիկներով տեսնելուն պես մեզ հարցրեց մի երիտասարդ կին, որը ինչ որ տեղ էր շտապում։ - Երեկ էլ էին եկել լրագրողներ, առաջի օրն էլ։ Սամեբան Դմանիսիի գյուղ չէ, գոնե ճիշտ հայտարարեք։
- «Մթիս Ամբեբիից» ենք։
-Ես ձեր հետևորդներից եմ։ Սպասեք, հիմա կկանչեմ մորաքրոջս, նա ավելի լավ կպատմի ձեզ երկրաշարժի մասին։ Ես ուշանում եմ դպրոցից, տարրական դասարանների ուսուցիչ եմ։
Վրաստանում Սամեբա անունով 8 գյուղ կա՝ Քոբուլեթիում, Խելվաչաուրիում, Չոխատաուրիում, Զեստափոնիում, Նինոծմինդայում և Ծալկայում։ Երկրաշարժի օրը լրատվամիջոցների մի մասը որպես էպիկենտրոն էր նշում Դմանիսիում գոյություն չունեցող Սամեբան։
Սամեբան, որտեղ գրեթե ամեն օր երկրաշարժեր են տեղի ունենում, գտնվում է Ջավախեթիում՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետում։
Ցիցինո Նաթենաձեն Սամեբայում է ապրում արդեն 32 տարի։ Այն բանից հետո, երբ իշխանությունները Ասպինձայից և Ադիգենիից մի քանի ընտանիքի վերաբնակեցրին այստեղ։ Այժմ գյուղում ապրում են ազգությամբ հայեր, վրացիներ և ընդամենը մեկ դուխոբորի ընտանիք։
«Փետրվարի 13-ին երեկո էր։ Սկզբից այնպիսի որոտի ձայն լսեցի, մտածեցի պատերազմ է սկսվել։ Երբ պատուհանները սկսեցին դղրդալ՝ հասկացա ինչն-ինչոց է։ Վեր կացա, վերարկուս հագա և դուրս վազեցի։ Բոլոր դռները բաց էին։ Քիչ անց կրկնվեց։ Համեմատաբար թույլ էր։ Որոշ ժամանակ անցավ՝ երրորդ անգամ ցնցվեցինք: Դրսում երկար ժամանակ չէի կարող մնալ, գայլեր կան։ Վերադարձա տուն։ Գիշերը՝ չորսն անց կես նորից կրկնվեց։ Ամբողջ գիշեր շարժվում էի, որ չքնեմ։ Վախենում էի, որ տունը կփլվի։ Հաջորդ օրը, երբ իմացել էին, որ հեռուստատեսություններից են եկել, այդ ժամանակ եկավ սակրեբուլոյի նախագահը, որպեսզի տարածքում լիներ։ Երկու րոպեով մտան դպրոց, հարցրին՝ ինչպես ենք ու գնացին։ Ո՞վ է անցավ գլուխը հասարակ մարդկանց համար ցավի տակ դնում», - Ցիցինոյի տունը նույնպես ճաքեր ունի, սակայն չգիտի, թե որ երկրաշարժի հետևանքն է:
Այս տարի Սամեբայի մոտ 3 մագնիտուդից բարձր երկրաշարժ արդեն 10 անգամ է գրանցվել՝ Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կողմից, որը Վրաստանում երկրաշարժերը գրանցում է 34 սեյսմոգրաֆների միջոցով։ Սեյսմոգրաֆը արձանագրում է երկրակեղևի նույնիսկ ամենափոքր տատանումները: 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ավերածություններ չի առաջացնում, սակայն մարդիկ զգում են։ 2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը թույլ տատանումներով կարող են զգալ միայն բարձր շենքերում գտնվող մարդիկ։ Մարդիկ չեն կարող զգալ 1 բալ ուժգնությամբ երկրաշարժը, միայն սեյսմոգրաֆը կարող է դա հասկանալ։ Ջավախեթիում նման թույլ երկրաշարժեր օրը մի քանի անգամ է տեղի ունենում։ Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնն իր կայքում տեղեկություն է հրապարակում միայն 3 մագնիտուդից բարձր սեյսմիկ ակտիվության մասին։
5 մագնիտուդ ուժգնությունը բավականին ուժեղ երկրաշարժ է։ Ցնցումը զգացվում է ինչպես շենքերում, այնպես էլ դրսում։ Դղրդում են պատուհանները։ Շենքերը հաճախ են վնասվում։ 2021 թվականի օգոստոսի 16-ի գիշերը Սամեբայի մոտ տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,1 մագնիտուդա։ Հին տները այն ժամանակ էլ են ճաքել, սակայն տեղական իշխանությունից ոչ մեկը չի հետաքրքրվել տեղի ունեցածով։ Խարաիշվիլիների տունը, որը կառուցել են Դուխոբորները ավելի քան 100 տարի առաջ, վնասվել է և անցյալ տարի և այս տարի։ Տունը չորս կողմից ճաքեր ունի, որի հետևի պատն ու տանիքը փլվելու եզրին են։ Ընտանիքն ունի մի քանի գլուխ կով, դա է ամբողջ ունեցվածքը: Տունն ամբողջությամբ վերանորոգելու կամ ինչ որ տեղ տեղափոխվելու հնարավորություն չունեն։
6 մագնիտուդ երկրաշարժը ուժեղ է՝ պատերին ճաքեր են առաջանում, հին շենքերի մեծ մասը փլուզվում է։ Կարող են վնասվել նաև նոր շենքերը։ 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը շատ ուժեղ է։ Գետնին ու ժայռերին ճաքեր են առաջանում, տները փլվում են, մարդկանց կյանքին մեծ վտանգ է սպառնում։ 1991 թվականի ապրիլի 29-ին Զեմո Իմերեթիում և Ռաճայում տեղի ունեցած 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը համարվում է Կովկասում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժը։ Էպիկենտրոնը գտնվել է Սաչխերեի Խախիեթի գյուղում։ Գյուղն ամբողջությամբ թաղվել է՝ բոլոր 42 բնակիչները զոհվել են։ Գյուղի փլատակների տեղում այժմ լիճ է։
8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ավերիչ ուժ ունի, փլվում են շինություններ, ճաքում է հողը, առաջանում են սողանքներ և լճեր։ 9 մագնիտուդ ուժգնությունը ամենաուժեղ երկրաշարժն է։ Երկիրը ցնցվում է ալիքի պես։ Քանդվում են բնակավայրերը, շենքերը։ Հնարավոր է նաև ժայթքի հրաբուխ։
Ամերիկացի գիտնական Չարլզ Ռիխտերի ստեղծած սանդղակը, որը կրում է նրա անունը, ընդհանուր առմամբ բաղկացած է 9 միավորից։ 1935 թվականից երկրաշարժի հզորությունը սեյսմոգրաֆը չափում է Ռիխտերիի սանդղակով։
«Առանց երկրաշարժի ոչ ոք տեղյակ չէ, որ այստեղ գյուղ կա և մարդիկ են ապրում։ Վերջին երկրաշարժը մեզ շատ է վնասել։ Եթե նման ձևով կրկնվեց՝ մեր տները կքանդվեն։ Արդեն երեք տարի շարունակ սա անհանգստացնում է մեզ։
Տեղական իշխանությունները պետք է մեզ օգնեն ամրացնել պատերն ու տանիքները։ Ես կարող եմ դա անել ինքնուրույն, բայց նրանք, ովքեր ոչ ապրանք ունեն, ոչ այլ եկամուտ, ինչպե՞ս կարող են դա անել։ Եթե մեզ չօգնեն և չամրացնենք մեր տները, նորից նման երկրաշարժի դեպքում կփլվի մեր վրա ու կմեռնենք»,- Սամեբայի մյուս բնակիչների նման, Անդրեյ Թումասյանը նույնպես չգիտի, թե ինչ պետք է անել երկրաշարժի ժամանակ։ - «Տանը նստած էինք։ Հեռուստացույց էի նայում։ Այնպես սկսեց դղրդալ ու այնպիսի աղմուկ բարձրացնել, որ պահարանի սպասքը իրար էր դիպչում։ Միանգամից գնացի մյուս սենյակ, որտեղ փոքրիկ երեխան էր քնած։ Գրկեցի ու դուրս եկանք։ Շուտ կանգ առավ։ Երկրորդի մեկնարկից 10 րոպե էլ չէր անցել։ Տան կտուրից սվաղը թափվում էր, պատերը ճաքեցին։ Վազեցինք փողոց»։
Սամեբան Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժերի սիրտն է։ Այս փոքրիկ բնակավայրում ոչ ոք նրանց խորհուրդներ չի տվել, թե երկրաշարժի ժամանակ ինչպես խուսափել վտանգից։ Սեյսմոլոգ Զուրաբ Ջավախիշվիլիից նրանք առաջին անգամ խորհուրդներ լսեցին։
Եթե գտնվում եք շենքում՝
- Մնացեք տեղում: Մտեք սեղանի կամ այլ կահույքի տակ և ձեռքերը հենեք գետնին։
- Խուսափեք պատուհաններից, բուխարիներից, ծանր կահույքից և կենցաղային տեխնիկայից, հեռու մնացեք այն իրերից, որոնք կարող են ընկնել, ինչպիսիք են ջահերը, պատի պահարանները և այլն:
- Անմիջապես հեռացեք խոհանոցից, քանի որ կահույքը կարող է ընկնել պատից:
- Մինչև ցնցումների դադարը պետք չէ վազել դուրս կամ աստիճաններով իջնել։
- Ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, մարդկանց զգալի մասը վնասվածքներ է ստանում հիմնականում շենքերից դուրս գալու ժամանակ։
- Չօգտվել վերելակից։
Եթե փողոցում եք՝
- Եթե փողոցում եք, աշխատեք հեռու մնալ շենքերից, լուսացույցերից, հոսանքի գծերից և տեղափոխվել համեմատաբար բաց, դատարկ տարածք։
Եթե ղեկին եք՝
- Եթե ղեկին եք, կանգ առեք, սակայն զգույշ։ Աշխատեք ձեր մեքենան հնարավորինս հեռու պահել երթևեկության գոտուց,
- Մի կանգնեք կամրջի վրա կամ դրա տակ, վերգետնյա անցումների, լուսացույցերի, ծառերի, լուսավորության սյուների կամ ճանապարհային նշանների տակ,
- Մնացեք մեքենայի մեջ մինչև ցնցումների ավարտը,
- Երթևեկությունը վերսկսելուց առաջ ծանոթացեք լուրերին և համոզվեք՝ չի՞ վնասվել ճանապարհի այն հատվածը, ուր պատրաստվում եք գնալ։
Եթե հայտնվել եք փլատակների տակ՝
- Մի վառեք կրակայրիչ,
- Մի շարժվեք և մի փորձեք հեռացնել փոշին,
- Ծածկեք ձեր դեմքը հագուստով,
- Հպվեք խողովակին կամ պատին, որպեսզի փրկարարները կարողանան հեշտությամբ գտնել ձեզ: Գոռացեք, բայց հիշեք, որ այս պահին դուք կարող եք վնասակար փոշի կուլ տալ։
Ինչ վերաբերում է տարածված միֆին, թե երկրաշարժի ժամանակ պետք է դռան մոտ կանգնել, ապա դա սուտ է՝ այն ապահով տեղ չէ։
«Մեր բախտը բերել է, որ փետրվարի 13-ին էպիկենտրոնը ամբողջովին չբնակեցված վայրում էր՝ Սամեբայից 9 կմ հեռավորության վրա։ Ոչ թե 6, նույնիսկ ավելի թույլ երկրաշարժը՝ 5 մագնիտուդ ուժգնությամբ որևէ խիտ բնակավայրում բարձր շենքերի առկայության դեպքում լուրջ վնասներ կպատճառեր, շատ վտանգավոր կլիներ մեր քաղաքների համար։
Սամեբայում քարոտ գրունտ է։ Շենքերը կառուցված են ամուր գրունտի վրա, բայց վնասված տները միանշանակ ամրացման կարիք ունեն։ Ինչ վերաբերում է Բաթումիին՝ ընդհանուր առմամբ, առափնյա քաղաքներում գրունտը շատ վատ է և երկրաշարժերն ավելի նկատելի են դառնում։ Բարձրահարկ շենքերի առկայությունը կարևոր գործոն է։ Վթարային շենքերի դեպքում դժվար է ինչ-որ խորհուրդ տալ։ Ուստի կարևոր է այս ամենի վրա ուշադրություն դարձնել մինչև երկրաշարժը։ Մենք պետք է ապրենք ամուր շենքում։ Սա այսօր երկրաշարժից պաշտպանվելու միակ միջոցն է»։