«Մթիս Ամբեբին» հավաքել է այս բոլոր պատմությունները։
3 մայիսի, 2007 թվական – մահացել է 1 հանքափոր
- Թեմուր Ցիրեկիձե - 35 տարեկան
Առաջին հերթափոխին իջնում էր Ձիձիգուրիի անվան հանքահորում։ Թեմուր Ցիրեկիձեի ոտքը սայթաքել է և բախվել պատին։ Պատի վրայով քաշված բարձր լարման ցանցը եղել է բաց, որի հետևանքով նա էլեկտրահարվել է և տեղում մահացել։ Մահացած հանքափորը ուներ կինը և երկու մանկահասակ երեխա։
Դեկտեմբեր 2009 – վիրավորվել է 1, մահացել՝ 1 հանքափոր
- Ռաժդեն Բոճորիշվիլի - 48 տարեկան
Մինդելիի հանքահորում պաշտպանիչ պատնեշի փլուզման հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Ռաժդեն Բոճորիշվիլիի հետ երկրորդ հանքափորը՝ 32-ամյա Շավլեգ Վարդոսանիձեն ծանր վիրավորվել է։
2 մարտի, 2010 թվական – վիրավորվել է 1, մահացել 4 հանքափոր
- Մուրման Կուբլաշվիլի - 28 տարեկան,
- Գիորգի Բրեգաձե - 53 տարեկան,
- Միզդոն Օնիանի - 66 տարեկան,
- Ջեմալ Ջիշիաշվիլի – 72,
Պայթյունը տեղի է ունեցել ժամը 22:20-ին Մինդելի հանքահորում: Երրորդ հերթափոխից ողջ մնացած միակ մարդը 37-ամյա Բեսո Զոսիաշվիլին էր։
Վարչապետ Նիկա Գիլաուրին, ով նույն օրը ժամանել էր Տղիբուլի, խոստացավ, որ պայթյունի պատճառը կպարզի կառավարական հանձնաժողովը։ Նախագահ Սաակաշվիլին մարտի 4-ը Վրաստանում հայտարարեց սգո օր։
«Ես ու տղաս երբեք միասին նույն հերթափոխում չենք եղել։ Ինչևէ, այդ օրը ես պետք է լինեի հանքահորում։ Մեկ այլ բրիգադում հերթափոխի պետ էի աշխատում։ Երբ պայթյունի ձայնը լսեցի, տղաներին ասացի՝ գնացինք, կարծես պայթեցին։ Գիտեի, որ իմ տղան ավերակների մեջ է, բայց եթե նա կլիներ, թե մեկ ուրիշը պետք է փրկեինք:
Գնացի ու շնչառության ձայն եմ լսում։ Ինչ-որ մեկը մահանում էր։ Երկու մետր այն կողմ տեսա մեկին։ Գլուխը վնասվել էր։ Գնացի մոտիկ, բայց չճանաչեցի։ Պայթյունից նրա դեմքն ու մարմինն այրվել էր։ Ձեռքը սեղմեցի, ասացի՝ Բեսո, դո՞ւ ես։ Ամուր բռնեց ձեռքս։ Հասկացավ, որ ինչ-որ մեկը հասել է իրեն օգնության:
Դուրս բերեցինք։ Պատրաստվում էի ետ դառնալ՝ օգնելու ուրիշներին: Ասացին, որ այնտեղ բոլորը մահացել են։ Քութաիսիի բժիշկները շատ տանջվեցին՝փրկեցին որդուս։ Նա 27 օր սարքին էր միացված», - Դեմուր Զոսիաշվիլին հանքահորում աշխատել է 50 տարի։ Մի անգամ նա նույնպես հրաշքով փրկվել է պայթյունից։ Բեսոն միևնույն է հանքափոր դարձավ։ «Եթե հանքը չլինի, Թղիբուլին կմեռնի։ Այլ աշխատանք չկա: Իմ տղան էլ վեր կենալուն պես՝ մեկ ամիս անց, կրկին հանքահոր վերադարձավ»։
Կառավարության խոստումը մնաց որպես խոստում։ Ողբերգության պատճառները հետաքննելու համար կառավարական հանձնաժողով չստեղծվեց։ Հատուկ հանձնաժողով ստեղծեց «Վրաստանի արդյունաբերական խումբը» (GIG), որը 2006 թվականից 45 տարի ժամկետով Տղիբուլիի հանքահորերի (Սաքնախշիրի ՍՊԸ) սեփականատերն էր: Հանձնաժողովն իր եզրակացության մեջ գրել է, որ պայթյունը տեղի է ունեցել հանքափորների անփութության հետևանքով. «Վնասված թունելի օդափոխությունը սկսվել է անսարք էլեկտրասարքավորման պայմաններում, որը կայծ է առաջացրել, ինչը հանգեցրել է մեթանի պայթեցմանը»։
ՍՊԸ «Վրաստանի արդյունաբերական խմբի» գլխավոր տնօրեն Դավիթ Բեժուաշվիլին Գելա Բեժուաշվիլիի եղբայրն է։ Գելա Բեժուաշվիլին բարձր պաշտոններ է զբաղեցրել Վրաստանի կառավարությունում՝ 2004 թվականին եղել է պաշտպանության նախարար, 2004-2005 թվականներին՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, 2005-2008 թվականներին՝ արտաքին գործերի նախարար։ Ինքը՝ Դավիթ Բեժուաշվիլին, 1999-ից 2016 թվականներին եղել է խորհրդարանի անփոփոխ անդամ՝ նախ «Քաղաքացիների միությունից», ապա՝ «Ազգային շարժումից» Թեթրիծղարոյի մեծամասնական պատգամավորի մանդատով։ Իր հերթին, «Վրաստանի արդյունաբերական խմբի» 100%-անոց բաժնետոմսերը պատկանում էր Մարշալյան կղզիներում գրանցված «Chemexim International 735»-ին։
Մոտավորապես 6 ամսում պայթյունը կրկնվեց՝ կրկին Մինդելիի հանքահորում։
26 օգոստոսի, 2010 թվական - 6 վիրավոր, 4 - մահացած
- Լաշա Բոճորիշվիլի - 24 տարեկան,
- Մալխազ Ճանտուրիձե - 43 տարեկան,
- Պաատա Մոդեբաձե - 49 տարեկան,
- Իոսեբ Օբոլաձե - 51 տարեկան։
Վիրավորված 49-ամյա Գիա Օբոլաձեին ոտքի անդամահատում անհրաժեշտ եղավ։ Հանքափորները հիվանդանոցում տարբեր ծանրության այրվածքներով բուժվել են գրեթե 2 ամիս, 27-ամյա Լևան Քուրցիկիձեն՝ ավելի երկար։
Պայթյունի հաջորդ օրը նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ժամանեց Տղիբուլի և հայտարարեց, որ «կառավարությանը կհանձնարարի ապահովել, որ անվտանգության տեսուչները կանոնավոր աշխատեն այնտեղ»:
Հունվարի 22, 2011 թվական - 4 վիրավոր, 1 մահացած
- Մերաբ Կալանդաձե - 37 տարեկան
Պայթյունը տեղի է ունեցել կեսգիշերին։ 54-ամյա Վիտալի Տուրձիլաձեն մարմնի 60 տոկոս այրվածքներ է ստացել, սակայն ողջ է մնացել։ Համեմատաբար թեթև վնասվածքներ են ստացել 51-ամյա Մերաբ Օբոլաձեն, 60-ամյա Մամուլի Կուբլաշվիլին և 67-ամյա Նուգզար Ջավախաձեն։
Էկոնոմիկայի նախարարության տեխնիկական և շինարարական տեսչությունը եզրակացրել է, որ վթարը տեղի է ունեցել մեթանի բարձր կոնցենտրացիայի և սխալ արտադրված պայթուցիկ նյութերի պատճառով։
«Իմ ունեցած տեղեկությամբ, բոլոր տեսակի ապացույցները կան, որ նախորդ պայթյունը (2010թ. օգոստոսի 26-ին), որի հետևանքով զոհվեցին մի քանի հանքափորներ, ոչ թե նրանց անփութության, այլ հենց հանքահորի ղեկավարության հանցավոր քայլի արդյունքն է, քանի որ նրանք անջատել են օդափոխության համակարգը և իրենց աշխատակիցների կյանքի հաշվին փող խնայել։ Շատ եմ ափսոսում, որ այս քրեական գործը մինչ այժմ չի բերել տրամաբանական եզրակացության, որ կոնկրետ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն, կոնկրետ մարդիկ ուղարկվեն դատարան, իսկ եթե դատարանը պարզի, ապա բանտ, եթե այդպես լիներ, երեկվա պայթյունը կարող էր տեղի չունենալ։ Պայթյունի վերջին դեպքը պետք է լուրջ մարդիկ հետաքննեն, այդ թվում՝ արտասահմանից հրավիրվածները, և ոչ թե նրանք, ովքեր նստում են Թբիլիսիում և փող են վերցնում Տղիբուլիի տերերից և, հետևաբար, խնդիր չեն արձանագրում ու հազար ու մի անհեթեթություն և սուտ են գրում»,- լրագրողների հետ զրույցում հունվարի 22-ին ասել է նախագահ Սաակաշվիլին։
2011 թվականի սեպտեմբերի 9 – մահացել է 1 հանքափոր
- Թեմուր Գաբրիաձե - 35 տարեկան
Պաշտոնական տեղեկություններով՝ Մինդելիի հանքահորում հանքաքար արդյունահանելու նպատակով պլանային պայթյուն է նախապատրաստվել։ Պայթյունը ուշացել է, ինչի պատճառով հանքափորներից Թեմուր Գաբրիաձեն հետ է շրջվել՝ հասկանալու պատճառը։ Պայթյունը տեղի է ունեցել հենց այդ պահին: Հանքափորը զոհվել է։ Թեմուր Գաբրիաձեն ուներ կին ու 4 տարեկան երեխա։
Նոյեմբերի 6, 2011 թվական – մահացել է 3 հանքափոր
- Թամազ Գորդաձե - 54 տարեկան,
- Բոնդո Միխելաձե - 61 տարեկան,
Մինդելիի հանքավայրի տարածքներից մեկում քարածուխ արդյունահանելիս փլվել է տանիքը։
Ուղիղ 19 օր անց նույն հանքահորում տանիքը կրկին փլուզվել է։
Նոյեմբերի 25, 2011 թվական - 1 վիրավոր, 1 մահացած
- Սերգի Աշոտիա - 50 տարեկան
Արհմիությունները և «Սաքնախշիրի» ՍՊԸ-ի ադմինիստրացիան պայմանավորվել են կյանքի կոչել ապահովագրական նոր ծրագիր, որը ապհովագրելու էր տարեկան 5 մահվան դեպք։ Ծրագրում ներառված էին նաև 2011 թվականի նոյեմբերի 6-ին Մինդելի հանքահորում զոհվածների ընտանիքները։ Յուրաքանչյուր ընտանիք ապահովագրական ընկերությունից ստացել է 35 000 լարի։
Մինդելի հանքահորի առաստաղը փլուզվել է նաև 2012 թվականի հունվարի 7-ին։ Տուժել է երկու 2 հանքափոր, այդ թվում 30-ամյա Գիորգի Մանագաձեն։ Նրա ողնաշարը վնասվել է և առ այսօր նա անվասայլակով է տեղաշարժվում։
13 հոկտեմբեր, 2013 թվական - 1 վիրավոր, 1 մահացած
- Լևան Նեփարիձե - 35 տարեկան
Մինդելիի հանքավայրի վեցերորդ հանքահորում տանիքը կրկին փլուզվել է, փլատակների տակ են մնացել 2 հանքափոր։ Խրեսիլի գյուղի բնակիչ Լեևան Նեփարիձեն մահացել է։
Հունվարի 28, 2014 թվական – մահացել է 1 հանքափոր
- Տարիել Քասրաշվիլի - 50 տարեկան
Արտադրության ոլորտում փոխտնօրեն Տարիել Քասրաշվիլին, ով հանքում աշխատելու 30 տարվա փորձ ուներ, հայտնվել է վագոնների արանքում և ստացել կյանքին մահացու վնասվածքներ։
Փետրվարի 22, 2015 թվական – մահացել է 1 հանքափոր
- Կոտե Բախուտաշվիլի - 54 տարեկան
Հանքափորը մահացած հայտնաբերվել Մինդելի հանքահորում։
7 հոկտեմբեր, 2016 թվական – մահացել է 1 հանքափոր
- Թեմուր Կակաուրիձե - 51 տարեկան
«Սաքնախշիրիի» աշխատակիցների խոսքով՝ Թեմուր Կակաուրիձեն, հավանաբար ածխաթթու գազի հետևանքով է խեղդվել, որից հետո ընկել է և ստացել քթի և ճակատի ծանր վնասվածքներ։ Մարմինը Մինդելիի հանքահորում առավոտյան հերթափոխի աշխատակիցներն են գտել։
2017 թվականի մայիսի 9 – մահացել է 4 հանքափոր
- Ալեկո Ճելիշվիլի - 45 տարեկան,
- Գիզո Կուբլաշվիլի - 55 տարեկան,
- Գիզո Գուբելիձե - 56 տարեկան,
- Վիկտոր Դաղունդարիձե - 57 տարեկան։
Հանքափորները Մինդելի հանքավայրում քարածուխ արդյունահանող սարքի պարանն են փոխել, ինչի ժամանակ վերելակը պոկվել է։ Հանքի վերելակը ընկել է 400 մետր բարձրությունից։ Փրկարարները մի քանի ժամ տևած փրկարարական աշխատանքներից հետո դուրս են բերել չորսի մահացածներին։
Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել էր, որ երկրում աշխատանքի տեսչությունն արդեն ստեղծվել է և հնարավոր է ակտիվացվի։
«Այն, ինչ արվելու է հետաքննության շրջանակներում, կլինի բացարձակ թափանցիկ և հստակ, բոլոր մեղավորները, ում մեղքը կհաստատվի՝ կպատժվեն»,- խոստացել էր էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիան։
2017 թվականի հոկտեմբերի 27 - մահացել է 1 հանքափոր
- Դավիթ Փորչխիձե – 50 տարեկան
Մինդելիի հանքահորերից մեկում ստորգետնյա աշխատանքների ժամանակ մեծ զանգված է փլուզվել։ Մահացել է 6-րդ տեղամասի աշխատողը։
5 ապրիլ, 2018 թվական - 3 վիրավոր, 6 մահացած
- Պավլե Գամեզարդաշվիլի - 25 տարեկան,
- Գիորգի Բոճորիշվիլի - 28 տարեկան,
- Միրզա Քուրցիկիձե - 46 տարեկան,
- Բեսիկ Գուրգենիձե - 49 տարեկան,
- Էլգուջա Բոճորիշվիլի - 51 տարեկան,
- Գոգի Ռափավա - 58 տարեկան,
28 տարեկան Գիորգին, երեք երեխայի հայր
«Այնքան մասնատված է եղել, որ մարմնի մասերը մեծ դժվարությամբ են գտել։ Մեր երեխային չենք տեսել։ Ձախ ձեռքը չէին գտել, մե շաբաթ փնտրում էին։ Հանքահորում ամեն ինչ տակնուվրա էին արել և երեքշաբթի՝ նրա թաղման օրը գտան, բերեցին գերեզմանոց և թաղեցին»։
28-ամյա Գիորգի Բոճորիշվիլին նույնպես 5 հանքափորների հետ միասին մահացել է Տղիբուլիի Մինդելիի հանքավայրում։
«Լուսադեմին տան առաջին հարկի լացի ձայն լսեցի։ Միանգամից իջա ներքև։ Իմ հարսը գրկել էր իր մեկ տարեկան երեխային ու լաց էր լինում։ Հարցրի՝ Սալոմե, Գիորգի՞ն։ Սիրտս զգացել էր, որ ինչ-որ բան է պատահել։ Գլխով համաձայնության նշան արեց։ Երբ ես դուրս եկա, չեմ հիշում, թե ինչ է եղել»,- մայրը՝ Լյուդմիլա Բոճորիշվիլին հիշում է՝ Գիորգին 20 տարեկան էր, երբ սկսեց աշխատել հանքահորում։ «Երբ նրանք ունեցան իրենց առաջնեկին, կարիքները ավելի շատացան։ Ընտանիքում միայն ամուսինս էր աշխատում, նա նույնպես հանքափոր էր։ Աշխատավարձը ոչնչի չէր բավականացնում։ Ինձ ասում էր ընտանիք ունեմ, երեխան, պետք է ձեր կողքին լինեմ, կգնամ հանքում կաշխատեմ։ 7 տարի աշխատում էր այնտեղ։ Շատ քարածուխ էին արդյունահանում, նրա բրիգադը գերազանցում էր ծրագիրը։ Այդ հանքավայրի տարածքը կոմունիստների ժամանակ փակվել է։ Ամուսինս փորձառու հանքափոր է։ Նրանից գիտեմ, որ ներսում շատ գազ է եղել, և այն չպետք է բացվեր, բայց բացել են և սկսել աշխատել»։
Գիորգիի հայրը՝ Ջոնդո Բոճորիշվիլին, արդեն 33 տարի աշխատում է Տղիբուլիի հանքում։ Երեք անգամ դժբախտ պատահար է տեղի ունեցել, բայց երեք անգամ էլ փրկվել է մահից․ «Մի անգամ պայթյունին շատ մոտ եմ եղել, երկու անգամ ողջ եմ մնացել վայրկյանների շնորհիվ։ Եթե երկու վայրկյանում դուրս չգայի, մեռած կլինեի։ Գիորգին գիտեր այս ամենը, բայց, այնուամենայնիվ, գնաց հանքահորում աշխատելու։ Երեք երեխայի հայրն ինչ պետք է աներ, նրանց խնամել էր պետք»։
Պավլե, 25 տարեկան - դպրոցից հանքահոր
2018 թվականի ապրիլի 5-ին Պավլեն ամենաերիտասարդն էր Մինդելիի հանքահորում պայթյունի արդյունքում զոհերի մեջ: 2010 թվականին Պավլեի հայրը՝ Գուրամ Գամեզարդաշվիլին, հանքահորում ծանր վիրավորվել է։ Քարածուխի քանդման ժամանակ նրա ձախ ոտքի վրա քար է ընկել։ Մի քանի վիրահատություններից հետո տեղաշարժվել հենակների օգնությամբ։ Պավլեն այն ժամանակ 18 տարեկան էր՝ 12-րդ դասարանի աշակերտ։ Դպրոցից դուրս էր եկել և ընտանիքին օգնելու համար գնացել այնտեղ։ Ընդունվել էր Տղիբուլիի արհեստագործական ուսումնարան ու իր ապագան կապում էր հանքի հետ։ Աշխատել է 8 տարի։ Պավլեի ավագ եղբայրները՝ Միրզան և Գոդերձին, նույնպես աշխատում էին հանքահորերում, հանքարդյունաբերությունը նրանց ընտանեկան մասնագիտությունն է։
Պավլեի մահից հետո Միրզան դադարել է հանքահոր իջնել։ Նա միակն էր, ով հրաժարում աշխատելուց, միաժամանակ վեց մարդու մահից հետո։ «Այնտեղ, որտեղ իմ եղբայրն ու այն տղաներն են մահացել, ամեն օր գնալ ու աշխատել չեմ կարող։ Ամեն ինչ փորձել եմ՝ առևտուր, երթուղային տաքսի, սակայն ոչինչ չստացվեց։ Շատ ընտանիքներ բանկից վարկ են վերցրել և կախված են դրանից։ Եթե այս հանքահորը կանգ առնի, արդեն մեռած քաղաքն ընդհանրապես կմեռնի։ Խանութներն աշխատում են պարտքերով։ Հանքավայրի աշխատավարձով պարտքերն ենք տալիս, հետո ապրանքը նորից պարտքով են վերցնում ու այդպես շարունակ»։
2018 թվականը Տղիբուլիի համար ամենածանր տարին էր, հանքահորում տեղի ունեցած դեպքը 12 մարդու կյանք խլեց:
2 հունիսի, 2018 թվական – մահացել է 2 հանքափոր
- Սանդրո Բուցխրիկիձե - 27 տարեկան,
- Ռևազ Լոմթաձե - 56 տարեկան։
Առավոտյան ժամը 8-ին Սանդրո Բուցխրիկիձեն և Ռևազ Լոմտաձեն մահացել են փակ 35 մետրանոց հանքահորում, որը շահագործում էր անհատ ձեռներեց Դավիթ Սոփրոմաձեն՝ «Սաքնախշիրի» լիցենզիայի շրջանակներում։ Հավանաբար՝ երկուսն էլ խեղդվել են թթվածնի պակասից։
Սանդրո Բուցխրիկիձեն Տղիբուլիի թատրոնի դերասան էր։ Աշխատում էր Կարմիր Խաչի տեղական կազմակերպությունում: Օգնում էր Տղիբուլիում բնակվող սոցիալապես անապահով և միայնակ մարդկանց։ Անվճար ճաշարանից տարեցների համար սնունդ էր տանում։ Երեխաներին սովորեցնում էր ժողովրդական գործիքներ նվագել։ Հետաքրքրվում էր լեռնային տուրիզմով։
Հունիսի 14-ին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Սանդրո Բուցխրիկիձեին պարգևատրել է Պատվո շքանշանով։
2015 թվականից «Սաքնախշիրին» պայմանագիր ուներ 23 սուբյեկտի հետ (3 իրավաբանական անձ և 20 անհատ ձեռներեց): Պայմանագրով «Սաքնախշիրին» նրանց թույլ էր տալիս քարածուխ արդյունահանել ընկերության լիցենզավորված տարածքից՝ պայմանով, որ միայն լիցենզավորված անձը կկարողանա հանքաքար գնել նրանցից։ Ժամանակավոր հանքահորերում արդյունահանվող մեկ տոննա քարածուխի համար հանքափորներին վճարում էին 20 լարի, իսկ «Սաքնախշիրին» լիցենզավորվածից գնում էր տոննան 50 լարիով։ Նման ձևով ընկերության համար ավելի էժան քարածուխ արդյունահանելը։ Այս պայմանագրերի ժամկետը լրացել է 2018 թվականի հունիսի 30-ին, սակայն Սանդրո Բուցխրիկիձեի և Ռևազ Լոմթաձեի մահից հետո քարհանքերը ստուգվել են Աշխատանքի տեսչության, Տեխնիկական և շինարարական վերահսկողության ազգային գործակալության կողմից։ Պետական գերատեսչություններն ուսումնասիրել են ընդհանուր առմամբ 11 քարհանքի գործունեություն: Ապացուցվել է, որ ածուխ է արդյունահանվել հանքագործների առողջության և կյանքի հաշվին։ Արհեստագործական ձեռնարկություններում աշխատում էր ավելի քան 150 հանքափոր։ Նրանցից ոչ մեկն աշխատանքային պայմանագիր չի ունեցել, ապահովագրություն, աշխատանքի անվտանգության տարրական պայմանները չեն պահպանվել՝ նույնիսկ օդափոխություն չի եղել։ 2018 թվականի հունիսի 30-ից հետո, երբ լրանում էին պայմանագրերի ժամկետը, այս ձևով քարածուխ արդյունահանելու պայմանագիր չի կնքվել։
16 հուլիսի, 2018 թվական - 6 վիրավոր, 4 մահացած
- Լաշա Փորչխիձե - 30 տարեկան,
- Միխեիլ Գամեզարդաշվիլի - 55 տարեկան,
- Իոսեբ Քարքաշաձե - 57 տարեկան,
- Մուրման Լիլուաշվիլի - 57 տարեկան։
Մինդելի հանքավայրի թունելներից մեկում առաստաղը փլուզվել է առավոտյան ժամը 5-ին մեթանի պայթյունի հետևանքով։ Մահացածներից ամենաերիտասարդը Լաշա Փորչխիձեն էր։ Հանքավայրում աշխատելու հինգ տարվա փորձ ուներ, Նախ ամրացման աշխատանքներում էր ներգրավված, վարձատրվում էր 800 լարիով։ Աշխատավարձը բարձրացնելու նպատակով նա վերջին տարում տեղափոխվել էր արդյունահանման բրիգադ։ Ամուսնացած չէր, Տղիբուլիում ապրում էր տատիկի հետ։
Հուլիսի 16-ին տեղի ունեցած պայթյունի ժամանակ ծանր վիրավորվել է 6 հանքափոր՝ 23-ամյա Նոդար Ջիշիաշվիլին, 30-ամյա Գիորգի Աբուլաձեն, 35-ամյա Միխեիլ Արաբիձեն, Գիվի Միկիաշվիլին, Մամուկա Սոփրոմաձեն և 53-ամյա Դավիթ Բոճորիշվիլին։
Վարչապետ Մամուկա Բախտաձեի որոշմամբ հուլիսի 16-ը հայտարարվեց սգո օր, իսկ Մինդելիի հանքավայրը ժամանակավորապես փակվեց։ Կառավարության ղեկավարը խոստացավ, որ հանքում աշխատանքները չեն վերսկսվի, քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել, և որ անվտանգության իրավիճակը ուսումնասիրվելու էր միջազգային ինժեներական փորձագետների կողմից. «Մենք մարդու կյանքից և անվտանգությունից վեր որևէ բան չենք կարող դասել»: Հանքափորներին խոստացել էին, որ այդ ընթացքում նրանք սովորականի նման կստանան իրենց աշխատավարձերը։
Նույն օրը «Վրաստանի արդյունաբերական խումբը» պատրաստակամություն հայտնեց «Սաքնախշիրիի» դուստր ձեռնարկությունը անվճար փոխանցել պետությանը։«2006 թվականից «Սաքնախշիրին» տասնյակ միլիոնների ներդրում է արել, որի արդյունքում վերականգնվել է արդյունաբերական գործընթացը և աշխատանքի է տեղավորվել 1400 հանքափոր։ Վերջին տարիներին ընկերությունն անում էր ամեն ինչ անվտանգության համակարգերը բարելավելու համար, սակայն Տղիբուլիի հանքավայրերի առանձնահատկություններից ելնելով, «Սաքնախշիրին» չկարողացավ գտնել այնպիսի ինժեներական լուծում, որը լիովին անվտանգ կդարձներ արդյունահանումը։ Չնայած վերջին 12 տարիների ընթացքում կատարված զգալի ծախսերին, մենք պատրաստ ենք «Սաքնախշիրի» ընկերությունը անվճար փոխանցել պետությանը։
Մինդելիի հանքի շահագործման դադարեցման ընթացքում, հանքափորներին մի քանի անգամ չեն վճարել խոստացված աշխատավարձը։ Մի քանի տասնյակ հանքափորներ իջել էին հանքավայր և, ի նշան բողոքի դուրս չէին գալիս՝ պահանջելով վարձատրություն և աշխատանքի շարունակում: Քարածուխի արդյունահանումը վերսկսվեց 2019 թվականի նոյեմբերին։ Մինչ այդ՝ սեպտեմբերի վերջին, «Սաքնախշիրի» ՍՊԸ-ի սեփականատերը փոխվեց և 100%-անոց սեփականատեր դարձավ ՍՊԸ «Steel International Trading Company»։ Այս ընկերության սեփականատերը Գիորգի Ճելիձեն է։ Ձեռնարկատիրական ռեգիստրի տվյալներով՝ Ճելիձեն կապված է 18 ընկերությունների հետ։ Նա նաև 2019 թվականին հիմնադրված «Georgia Terminal Service»-ի տնօրենն է, որը պատկանում է «Georgian Manganese» ՍՊԸ-ին, որն ունի 40 տարվա լիցենզիա 16 430 հեկտարի վրա մանգան արդյունահանելու համար Ճիատուրայի և Սաչխերեի տարածքներում։
27 մայիս, 2019 թվական – մահացել է 1 հանքափոր
- Նուգզար Խվադագիանի - 55 տարեկան
Տղիբուլիում քարածուխի բաց արդյունահանման հանքերից մեկում հողը փլվել էր և 55-ամյա Նուգզար Խվադագիանին մնացել հողի տակ։ Ըստ «Սաքնախշիրի»-ի՝ Խվադագիանին եղել է իրենց աշխատակիցը, սակայն ընկերությունը 2018 թվականի հուլիսի 16-ից հետո դադարեցրել է հանքարդյունաբերությունը տարածաշրջանում, և բաց քարհանքերում չարտոնված ներխուժում է գրանցվել նրանց նախկին կապալառուների կողմից։
Նոյեմբերի 27, 2021թվական – մահացել է 2 հանքափոր
- Ավթանդիլ Արսենիձե - 50 տարեկան,
- Վիտալի Տուրձիլաձե - 65 տարեկան։
Տղիբուլիում՝ Ջալաղանիա փողոցի մոտ, փակ հանքերից մեկում հողը փլվել է։ Փրկարարները Վիտալի Տուրձիլաձեին հողի տակից ողջ են դուրս հանել, իսկ մյուս հանքափոր Ավթանդիլ Արսենիձեին հայտնաբերել էին մահացած։ Թուրձիլաձեն՝ հաջորդ օրը Քութաիսիի հիվանդանոցում մահացավ։
«Ամուսինս այնտեղ մեր վատ վիճակի պատճառով էր աշխատում։ Մինչ այդ նա «Սաքնախշիրիի» աշխատակից էր։ 2011 թվականին նա ծանր վիրավորվել է, մարմնի գրեթե 80%-ն այրվել էր։ Ընկերությունն ամեն ամիս 160 լարի էր տալիս։ Հետո դադարեցրին այս օգնությունը և մնացինք թոշակի հույսին։ Հանքում աշխատանքները նույնպես դադարեցվել էին, բայց ասում էին շուտով կվերսկսվի աշխատանքները։ Այս դեպքը տեղի է ունեցել հենց այդ միաժամանակ»,- ասում է մահացածի կինը՝ Մարինա Տուրձիլաձեն։
30 հունվար, 2022 թվական - 8 վիրավոր, 1 մահացած
- Ճաբուկա Սոփրոմաձե - 52 տարեկան
Մինդելիի հանքահորում պայթյունը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 22։00-ին։ 9 վիրավորներից մեկը՝ Ճաբուկա Սոփրոմաձեն, մահացել է Տղիբուլիի հիվանդանոցում։ 8 հանքափորները Ամիրան Կորտնին՝ 65 տարեկան, Զվիադ Դիասամիձեն՝ 35 տարեկան, Գիա Արաբիձեն՝ 38 տարեկան, Իրակլի Կիրկիտաձեն՝ 41 տարեկան, Գելա Գուրգենիձեն՝ 54 տարեկան, Շավլեգ Վարդոսանիձեն (2009 թվականին նույնպես ծանր վիրավորվել է), Թոռնիկե Ջավախիձեն՝ 26 տարեկան և Մերաբ Գաբրիաձեն՝ 41 տարեկան, նույն գիշերը տեղափոխվեցին Թբիլիսիի այրվածքաբանության կենտրոն։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
«Սաքնախշիրիի» կողմի, փետրվարի 8-ին տարածած հաղորդագրության համաձայն՝ հունվարի 30-ի պայթյունը եղել է հանքափորների մեղքով։ Ընկերությունից պարզաբանմամբ, իրենց կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովի հետազոտության նախնական արդյունքները նույնպես դրա մասին են վկայում։
Հունվարի 31-ին «Մթիս Ամբեբին» Ներքին գործերի նախարարությունից պահանջել է հանրային տեղեկություն Տղիբուլիի հանքերի և հանքահորերի մասին՝ 2006 թվականից մարդկանց վնասվածքների և մահվան դեպքերը առնչությամբ հետաքննության արդյունքների և քրեական պատասխանատվության ենթարկվածների վերաբերյալ: Նախարարությունից մինչ այժմ տեղեկություն չենք ստացել։
Շատ դեպքերում «Սաքնախշիրին» և նրա հատուկ հանձնաժողովները հանքում մարդկանց մահն ու վնասվածքները կապում են հանքափորների անփութության հետ: Նման եզրակացության մեջ մահացածի ընտանիքին նույնիսկ 35 հազար լարիի կյանքի ապահովագրության գումարը չի տրվում։
Բացառություններ են 2018 թվականի ապրիլի 5-ին և հունիսի 2-ին տեղի ունեցած դեպքերը, երբ ՆԳՆ-ն ձերբակալել է 7 անձի։ Մինդելիի հանքավայրի տնօրեն Ակակի Ախվլեդիանիին, նույն հանքավայրի գլխավոր ինժեներ Գիզո Կիրկիտաձեին, հանքի ղեկավար Մամուլի Կուբլաշվիլիին, N 1 հանքահորի ղեկավար Մուրադի Աբուլաձեին, ղեկավարի տեղակալ Տարիել Աբեսաձեին, ղեկավարի խորհրդական Գոչա Քասրաշվիլիին, ժամանակավոր ածխահանքի սեփականատեր, անհատ ձեռնարկատեր Դավիթ Սոփրոմաձեին մեղադրանք է առաջադրվել հանքարդյունաբերության, շինարարական կամ այլ աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնները խախտելու համար։ Նրանք շուտով ազատ արձակվեցին, մի քանի ամիս անց՝ ապրիլի 5-ին մահացած 28-ամյա Գիորգի Բոճորիշվիլիի ծնողները համաձայն չէին որոշման հետ և պահանջում էին պատժել մեղադրյալներին։ Ընտանիքին ասել են, որ եթե չհամաձայնեն ազատ արձակել մեղադրյալին, ընկերությունն այլևս նոր պայմանագիր չի կնքի իրենց հետ, որը կնքում է ամեն տարի, և մահացած հանքափորի երեխաներին ամսական 150 լարի նպաստ է տրվում։ Այսպես այս ընտանիքը նույնպես համաձայնեց։ Գիորգին ուներ երեք փոքր երեխան, նրա կինը նույնպես գործազուրկ է։
«Մթիս Ամբեբին» շարունակում է ռեպորտաժներ պատրաստել Տղիբուլիի մասին՝ ավելի լավ տեղեկացնելու և ընթերցողներին ցույց տալու հանքափորների կյանքը, քարածուխի արդյունահանումը և անվտանգության խնդիրները, Տղիբուլիի տնտեսական հնարավորությունները կամ որևէ այլ թեմա, որն այսօր արդիական է մունիցիպալիտետի և նրա բնակիչների համար։