«Զինվորի գործն ուղարկվել է կոմիսիոն փորձաքննության՝ որքանով է ճիշտ իրականացվել բուժումը, վերջնական եզրակացություն դեռ չի արվել: Հայտնի է, որ մահվան պատճառը թոքային զարկերակի թրոմբոէմբոլիան է: Մնացածը պետք է պարզի Սամխարաուլիի փորձաքննությունը: Վերջնական եզրակացությունը կլինի 1-2 ամսից»,- ասում է Դավիթ Մերաբիշվիլին։
Փորձագետի պատասխանի մասին մահացածի հորեղբայրը տեղեկացել է լրատվամիջոցներից։
«Մենք ուզում ենք բողոք ներկայացնել, բայց չգիտենք, թե ում դիմենք, ինչ անենք, ոչ էլ փաստաբան ունենք: Մենք չենք հավատում այդ փորձագետների եզրակացություններին, նրա մահից հետո ոչ մի նամակ, կամ ոչինչ չենք ստացել: Ուզում ենք, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, քանի որ տղան մինչև բանակ գնալը լրիվ առողջ է եղել ու սխալ վիրահատության արդյունքում հնարավոր է թրոմբ է առաջացել»,- մեզ հետ զրույցում ասաց Արթուր Սահակյանը:
Փոկա գյուղում բնակվող 19-ամյա Սարգիս Սահակյանը մահացել է 2021 թվականի նոյեմբերի 18-ին։ Նա մոտ մեկ ամիս ծառայել է Ախալքալաքի ռազմաբազայում՝ անցել է կարանտին: Զինվորի մահվան մասին տեղեկությունն առաջինը հայտնել է «Հարավային դարպասը»:
Ընտանիքը հիշում է, որ Սարգիսը նոյեմբերի 11-ին Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոցում ստամոքսի խոցի վիրահատության է ենթարկվել, իսկ նոյեմբերի 16-ին դուրս է գրվել հիվանդանոցից։
Նույն օրը ընտանիքին հայտնել են, որ զինծառայողը պետք է վերադառնա զորամաս և 10 օր մնա զինվորական հոսպիտալում, հակառակ դեպքում նրա նկատմամբ քրեական գործ կհարուցվի։ Մեկ օր անց՝ նոյեմբերի 18-ին, զորամասից ընտանիքին հայտնել են, որ երիտասարդի վիճակը կրկին վատացել է և նրան տեղափոխել են Ախալքալաքի կլինիկա։ Այս կլինիկայում երիտասարդի հարազատներին ասել են, որ պացիենտն իրենց մոտ տանելու պահին արդեն մահացած է եղել:
Ընտանիքի անդամները պատմել են, որ Սարգիսն իրեն լավ է զգացել, երբ վիրահատությունից հետո նրան տուն են տարել: Հարազատները պնդում են, որ 19-ամյա երիտասարդն ուներ առողջության վկայական, որտեղ ոչինչ գրված չէր թրոմբի կամ այլ հիվանդության մասին:
Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոցի մենեջեր Սոփո Մորգոշիայի խոսքով, Սարգիս Սահակյանին իրենց հիվանդանոցում շտապ վիրահատության է ենթարկվել և հինգ օր է մնացել բուժհաստատությունում, իսկ դուրս գրելու ժամանակ նա իրեն լավ է զգացել։ Նրա խոսքով, բուժող բժիշկները նրան ամբուլատոր հսկողության տակ մնալու խորհուրդ են տվել, թեև թրոմբոէմբոլիայի հետ կապված ուսումնասիրություններ չեն իրականացվել, քանի որ հիվանդը չի պատկանել ռիսկային խմբին:
2021 թվականի դեկտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոցի մենեջեր Բեսո Բուրջալիանին հրաժարական է տվել: Նա Փոկացի զինծառայողին վիրահատող բժիշկներից էր: Բուրջալիանին պնդել էր, որ իր հեռանալը կապված չէ այս գործի հետ:
Ինչպես նաև 2021 թվականի դեկտեմբերին Բժշկական կարգավորման գործակալությունը ներգրավվել է զինծառայողի մահվան հետաքննությանը, որը պետք է ուսումնասիրեր Ախալցիխեի ռեֆերալ հոսպիտալում Սարգիս Սաակյանին մատուցված բժշկական ծառայությունների որակը։ «Մթիս Ամբեբի»-ն գործակալությունից հետաքրքրվել է, թե ինչ փուլում է հետաքննությունը։ Հոդվածը կթարմացվի գործակալությունից տեղեկություն ստանալուն պես։