««Օմիկրոնի» արագ տարածման և վարակի թույլ ընթացքի, ինչպես նաև համաշխարհային պրակտիկան հաշվի առնելով վերացվում է «Կանաչ անձնագիր» պահանջելու պարտավորությունը: Բոլոր հաշվառման համակարգերը գործում են, և նրանք, ովքեր «Կանաչ անձնագրի» կարիք կունենան արտերկիր մեկնելու համար՝ կկարողանան օգտվել այդ մեխանիզմից»,- ասվում է կառավարության հաղորդագրությունում:
Դեկտեմբերի 1-ից մինչև այժմ կանաչ կարգավիճակ/անձնագիր է տրվել երկու անգամ պատվաստված կամ վարակված և բուժված քաղաքացիներին: Բացի այդ, կարգավիճակը կարելի էր ձեռք բերել 72-ժամյա վավերականության PCR կամ 24-ժամյա վավերականության հակամարմինների թեստ կատարելով:
Վրաստանում անցած օրուգիշերվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 24 201 նոր դեպք: Երկրում վարակման 164 572 ակտիվ դեպք, որից 157 087-ը բուժվում է տնային պայմաններում:
Միջգերատեսչական համակարգող խորհրդի ներկայացուցիչ Գիորգի Ղիբրաձեի խոսքով, չնայած վարակի աճող թվին, իրավիճակը լիովին կառավարելի է, և հիվանդանոցային հատվածի վրա ճնշումը էապես չի աճում:
«Հիվանդների ճնշող մեծամասնությունը բուժվում է տնային պայմաններում, և նրանց առողջական վիճակը վերահսկվում է ընտանեկան բժիշկների կողմից, որոնց թիվը վերջին օրերին էլ ավելի է աճել:
Եվս մեկ անգամ նշում ենք, որ վարակվելու դեպքում հնարավոր բարդությունները կանխելու ամենակարևոր և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում քաղաքացիներին ակտիվորեն ներգրավվել պատվաստումների գործընթացում: Առողջական հետագա բարդություններից խուսափելու համար հատկապես կարևոր այսպես կոչված ռիսկային խմբերի պատվաստումը»,- ասել է Գիորգի Ղիբրաձեն:
Նրա խոսքով, ռիսկային խմբերում՝ 50 տարեկանից բարձր, առաջնային պատվաստումների դեպքում խրախուսական ծրագիրը դեռ գործում է և նախատեսում է 200 լարի, իսկ խթանող դեղաչափով պատվաստման դեպքում նույն տարիքային խմբում գործում է 100 լարիով խրախուսման ծրագիր:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ Վրաստանում 1 335 856 մարդ երկու անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, ինչը չափահաս բնակչության միայն 46%-ն է: