Տրանսկովկասյան արահետը հիմնված է պարզ գաղափարի վրա։ Դրա ավարտից հետո մենք կունենանք երկու հեռավոր արահետ, որով կանցնենք Հարավային Կովկասի և մի շարք բնակավայրերի գեղատեսիլ վայրերով, իսկ ճանապարհին կհանդիպենք ձյունածածկ գագաթների, հարթավայրերի և հնագույն անտառներ։
Տրանսկովկասյան արահետը (TCT) տարածաշրջանը, առաջին հերթին, կբացի տեղացի և օտարերկրյա ճանապարհորդների համար: Ծրագրի նպատակն է նաև խթանել գյուղատնտեսությանը, տարածաշրջանային զարգացմանը և կայուն զբոսաշրջությանը: Արահետը ծառայում է հարաբերությունները հարթելու մի տարածքում, որը հայտնի է իր խիստ սահմաններով, սառեցված հակամարտություններով, քաղաքական առճակատումներով և բռնության պարբերական դրսևորումներով:
Հարավային Կովկասում հակամարտության ամենաակտիվ գոտին Լեռնային Ղարաբաղն է։ 2020 թվականին, երբ Հայաստանն ու Ադրբեջանը վերսկսեցին ռազմական գործողությունները՝ նախագիծը դադարեցվեց։
«Մենք պետք է դադարեցնեինք աշխատանքը, վտանգված էր շատ ավելի կարևոր բան, մեր աշխատակիցները ստիպված էին շատ դժվարություններ հաղթահարել», - հիշում է Մեգան Նիլը՝ Transcaucasian Trail Association-ի համահիմնադիրը, - «Նախագիծը այնպես կանգ առավ, որ չգիտեինք նույնիսկ, թե երբ կկարողանայինք շարունակել»։
2020 թվականի նոյեմբերին կրակի դադարեցումից հետո աշխատանքները վերսկսվեցին։ 44-օրյա պատերազմը, որը բազմաթիվ կյանքեր խլեց, պարզվեց, որ նախազգուշացում էր այն մասին, թե որքան արագ կարող են իրավիճակը փոխել քաղաքական և ռազմական որոշումները։ Կազմակերպիչները գիտակցում են, որ հնարավոր է ստիպված լինեն փոխել երթուղին կամ ձևափոխել փոքր արահետները, սակայն ամենաշատը նրանից են վախենում, որ լարված իրավիճակը ընդհանրապես չվտանգի գաղափարը: Ծրագրի իրականացման համար պարտադիր է բոլոր երեք պետությունների մասնակցությունը։
Արահետի գաղափարը ամերիկացի Փոլ Սթիվենսի և բրիտանացի Թոմ Ալենի մոտ առաջացել է 2015 թվականին։ 1500 կիլոմետրանոց արահետը շրջանցում է տարածաշրջանի սառեցված հակամարտության հիմնական գոտիները՝ Աբխազիան, Հարավային Օսիան և Լեռնային Ղարաբաղը: Ճանապարհորդները յուրաքանչյուր ուղղությամբ պետք է հատեն միայն մեկ ազգային սահման։
Առաջին արահետը սկսվում է Սև Ծովի ափին՝ Անակլիա քաղաքի մոտ և հատում է Սվանեթիի լեռները։ Վրաստանի կենտրոնական հատվածով և Հայաստանով ճանապարհն ավարտվում է Իրանի հետ սահմանին՝ Մեղրի քաղաքի մոտ։ Երկրորդ արահետը կկապի Սև և Կասպից ծովերը՝ Կովկասյան լեռնաշղթայի երկայնքով։
Ծրագրի ապակենտրոնացման համար բոլոր երեք երկրներում ստեղծվել են տեղական կազմակերպություններ: Վրաստանում և Հայաստանում շեշտը դրվել է հասարակական կազմակերպությունների օգնությամբ տարբեր խմբերի միջև համագործակցության վրա։ Ադրբեջանում աշխատանքները սկսվել են միայն 2021 թվականի ամռանը, և արդեն երևում է, որ պետության մասնաբաժինը ավելի մեծ է լինելու։
«Մեծ հետաքրքրությամբ սպասում եմ [հայկական թիմի] հետ աշխատելուն, քանի որ մենք կարող ենք շատ բան կիսել միմյանց հետ», - ասում է Ադրբեջանում նախագծի ղեկավար Նազրին Գարիբովան: TCT-ն վերջերս ֆինանսավորվել է Ադրբեջանի զբոսաշրջության դեպարտամենտի կողմից։
«Մենք ունենք ընդհանուր լեռներ, ընդհանուր մշակութային առանձնահատկություններ։ Մեր միջև ավելի շատ ընդհանուր բան կա, քան տարբերություն: Մենք չենք կարող խուսափել քաղաքական նրբություններից, սակայն սա չէ գլխավորը։ Մենք քաղաքական գործիչներ չենք, մենք փորձում ենք բոլորի համար օգտակար միջազգային նախագիծ ստեղծել»։
Հայաստանում աշխատանքներն ընթանում են ավելի քան հինգ տարի։ 827 կիլոմետր երկարությամբ հյուսիս-հարավ ճանապարհը բացվել է դեկտեմբերին։ Կազմակերպիչներն արդեն սպասում են առաջին ճամփորդներին, ինչը կհանգեցնի հետաքրքրության աճին և ենթակառուցվածքների զարգացմանը։
TCT-ի համահիմնադիր Թոմ Ալենը ուսումնասիրել է հայկական հատվածի 5-6 հազար կիլոմետրանոց շերտը։ Դրա համար նա օգտագործել է Google Earth-ը և մինչև այժմ գաղտնի խորհրդային ռազմական քարտեզները։ Ըստ վերջնական տարբերակի՝ ճանապարհը սկսվում է Իրանի սահմանին մոտ գտնվող Արաքսի հովտից և ավարտվում Արփի ազգային պարկի մոտ։ Ամենահեռավոր հատվածն անցնում է Գեղամի լեռնաշղթայի երկայնքով։ Կարմիր պեմզայով ու ժայռերով պատված դաշտը, որը հիշեցնում է լուսնի մակերեսը՝ անմարդաբնակ է, եթե չհաշվենք քոչվոր հովիվներին, որոնք ամռան ամիսներն այնտեղ են անցկացնում։
«Հայաստանում արշավները շատ տարածված և հայտնի են դարձել», - ասում է Trails for Change տեղական կազմակերպության մենեջեր Աշխեն Մեսրոպյանը: 2020 թվականի պատերազմը նրանց նույնպես ստիպել է դադարեցնել աշխատանքը Լեռնային Ղարաբաղում։ Մեսրոպյանի հայրենի քաղաքը՝ Հադրութը, ռազմական գործողությունների արդյունքում հայտնվել է Ադրբեջանի կազմում։ Նա չի կարող տուն վերադառնալ։ Զարմանալի չէ, որ Աշխենը թերահավատորեն է վերաբերվում արահետի օգնությամբ հարաբերությունները բարելավելու գաղափարին:
«Չեմ կարծում, որ ուղիները կարող են ջերմացնել հարաբերությունները։ Ես հավատում եմ փոփոխություններին, բայց միայն երկրի սահմաններից ներսում»։
«Արահետը կձևավորվի միայն այն դեպքում, եթե մեր հեռանկարը դուրս գա այս երկրների սահմաններից, լավագույն դեպքում՝ ողջ կովկասյան տարածաշրջանից»,- Թոմ Ալենը հավատում է, որ իր և այլ օտարերկրացիների տեսլականը կլինի ծրագրի հաջողության բանալին։
Մինչև Տրանսկովկասյան արահետի բացումը՝ բնութագրման, քարտեզների ստեղծման, հետագծերի համար շատ տարիներ կա։ Նույնիսկ ավարտից հետո երկու արահետներին էլ մշտական խնամք կպահանջվի: Ակնհայտ է, որ այս ընթացքում տարածաշրջանում քաղաքական իրավիճակը բազմիցս փոխվելու է։ Transcaucasian Trail Association-ի համահիմնադիր Մեգան Նիլը կարծում է, որ արահետը նաև միջանցք կծառայի դեպի Հարավային Կովկաս։
«Իհարկե, պատերազմը սարսափելի է, բայց այն մեզ ստիպեց հասկանալ, որ երկխոսությունն անհրաժեշտ է խնդիրների լուծման տարբեր՝ ավելի ստեղծագործական մեթոդներով հանդես գալու համար»։