Ջավախեթիի պահպանվող տարածքների տնօրենի պաշտոնը թափուր է դարձել 2021 թվականի դեկտեմբերին։ Թամազ Մետրևելին աշխատանքից ազատվել է այն պատճառով, որ Թեթրոբիի արգելանոցի ռեյնջերներից մեկը 4 ամիս վարձատրվել է այն ժամանակահատվածում, երբ Վրաստանում չի գտնվել և չի կատարել իր ծառայողական պարտականությունները։ Մետրևելին ասում է, որ ռեյնջերներին վերահսկելու պարտավորություն ուներ իր տեղակալ Թամազ Կարապետյանը, ով չի ասել, որ ռեյնջերը իրեն պատկանելիք մեկամսյա արձակուրդից հետո՝ աշխատանքի չի ներկայացել։ Հայաստան մեկնած ռեյնջերը Վրաստան վերադառնալուց հետո ամբողջությամբ վերադարձրել է փոխանցված աշխատավարձը։ Թամազ Կարապետյանին պահպանվող տարածքների գործակալության կողմից խիստ նկատողություն է տրվել, իսկ Թամազ Մետրևելին ազատվել է աշխատանքից։
«Մթիս Ամբեբին» Պահպանվող տարածքների գործակալությունից գրավոր տեղեկատվություն է խնդրել Թամազ Մետրևելիին ազատ արձակելու և մինչ այդ Սամվել Պետրոսյանին Ջավախեթիի Պահպանվող տարածքների վարչությունում նշանակելու մասին։ Գործակալությունը հրաժարվել է տեղեկատվություն տրամադրել՝ պատճառաբանելով, որ այն պարունակում է անձի անձնական տվյալներ։
Մենք պարզել ենք, որ Սամվել Պետրոսյանը առանց մրցույթի աշխատանքի է ընդունվել Ջավախեթիի պահպանվող տարածքների վարչակազմում՝ անհաստիք աշխատող, ամենամսյա աշխատավարձ է նշանակվել՝ 1500 լարի։ Անցյալ տարվա օգոստոսի 1-ից դեկտեմբերի 31-ը Պետրոսյանը Ջավախեթիի պահպանվող տարածքների վարչություն աշխատանքի է ներկայացել ընդամենը մի քանի անգամ։ Պահպանվող տարածքների գործակալությունը մեզ հիմնավորում չի ներկայացրել, թե որն էր անհաստիք աշխատակից ավելացնելու անհրաժեշտությունը։
«Ես շատ համեստ մարդ եմ, կյանքս լուրջ եմ անցկացրել, պաշտոններ եմ ունեցել, սակայն հիմա հենց նմանատիպ հասարակ պաշտոնի եմ ուզում աշխատել»,- ասում է Սամվել Պետրոսյանը։
- Մենք ունենք տեղեկություն, որ քննարկվում է Ձեզ վարչության ղեկավար նշանակելու հարցը։
- Լու՞րջ, սա Ձեր հեռախոսահամա՞րն է։ Եթե ինձ տնօրեն նշանակեն, Ձեզ կոնյակ կուղարկեմ։ Առաջինը Ձեզնից եմ լսում, ո՞վ է ասել։ Գաղտնի տեղեկությու՞ն է։ Եթե անկեղծ ասեմ, այս ուղղությամբ ոչինչ չեմ անում։ Ես ունեցել եմ բարձր պաշտոններ, իսկ հիմա իսկապես ուզում եմ հանգիստ, իմ ընտանիքի ու թոռների հետ ավելի շատ ժամանակ անցկացնել։
- Գիտենք, որ դատարանը շարունակում է Ախալքալքում մարտի 26-ին տեղի ունեցած միջադեպի գործի քննությունը
- Հիմա ու՞մ պատվերն եք կատարում, լուրջ ասեք ինձ։
- Դուք մտածում եք, որ եթե լրագրողը հարց է տալիս, նա ինչ որ մեկի պատվե՞րն է կատարում։
- Իհարկե, այդտեղ ուրիշ տարբերակ չկա։ Քանի դեռ դատավճիռը չի կայացվել, ես անմեղ եմ և հետևաբար կարող եմ բարձր պաշտոն զբաղեցնել։ Դուք չգիտե՞ք այս կանխավարկածի մասին։
- Իհարկե գիտենք։
- Հենց այս տրամաբանությունից ելնելով, կարծում եմ, Ձեզ սա ինչ-որ մեկը պատվիրել է։
- Միանշանակ դա այդպես չէ։ Դուք Ձեզ մեղավոր ճանաչու՞մ եք։ Ընդունու՞մ եք դատախազության կողմից առաջադրված մեղադրանքները։
- Ի՞նչ մասնագիտություն ունե՞ք։
- Լրագրող եմ։
- Ի՞նչ կրթություն ունեք։
- Լրագրոություն։
- Խորհուրդ եմ տալիս սովորել իրավաբանություն, քանի որ այս հարցը, որ տալիս եք, լսելիս ես դատավորին հիշեցի։ Այս հարցը կարող է տալ միայն դատավորը։ Դատական գործն ընթանում է։ Հիմա մենք նորմալ հարաբերություններ ունենք մյուս կողմի հետ։ Նրանք հասկացել են իրենց մեղքը, ես՝ իմը, զուտ բարոյական տեսանկյունից։ Այս գործընթացը երկուսի համար էլ լավ դաս եղավ, կարծում եմ նաև բոլորի համար։
Ի՞նչ եք սպասում դատարանից։
-Դատարանի արդար որոշում եմ ակնկալում։ Ես կընդունեմ դատարանի կայացրած վճիռը։ Ես տարեց մարդ եմ, 70 տարեկանից բարձր: Պատվիրողները Ձեզ իմ տարիքն էլ կասեին։ Եթե նույնիսկ պատի մոտ կանգնեցնեն և գնդակահարեն, առանձնապես չեմ տանջվի։ Թող կայացնի այն որոշումը, ինչ կայացնելու է։ Ինձ ոչ բանտով կվախեցնեն, ոչ էլ ուրիշ բանով։ Եթե հրապարակում եք, միայն այս դրվագը մի հրապարակեք, գրեք նաև այն, թե ինչու եմ ես այդպես ասում և մտածում»:
Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ նշանակվելուց հետո նա ընդամենը մի քանի անգամ է գնացել աշխատանքի, Սամվել Պետրոսյանը պարզաբանեց, որ օգոստոսի 1-ից աշխատում է ամեն օր և իր նախաձեռնությամբ մի շարք միջոցառումներ են անցկացվել։
«37 տարվա ստաժ ունեմ և միշտ պատասխանատվությամբ եմ վերաբերվում յուրաքանչյուր աշխատանքի։ Այստեղ էլ մենք արդեն բազմաթիվ հանդիպումներ ենք անցկացրել։ Հիմա, օրինակ, աշխատում ենք Փարվանա լճի շրջակայքում ենթակառուցվածք ստեղծելու վրա, որպեսզի այն գրավիչ լինի զբոսաշրջիկների համար, միևնույն ժամանակ գյուղերում հանդիպում ենք մարդկանց և բացատրում, թե ինչ ցանցերով կարող են ձուկ որսալ, ինչու չի կարելի ձվադրության ժամանակ ձուկ որսալ։ Մարզպետարանի հետ շփվել եմ, այստեղ շատ էկոլոգիական թեմաներ կան, որոնց ուղղությամբ աշխատում ենք»։
Միջադեպի մասին
2020 թվականի մարտի 26-ին Խորհրդարանի այն ժամանակվա մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի և «Հայրենասերների դաշինքի» անդամ՝ Ախալքալաքի նախկին ոստիկանապետ, Սամվել Պետրոսյանի միջև զինված բախում էր տեղի ունեցել։
Սոցցանցում տարածված տեսանյութում երևում է, որ Մկոյանը մարդկանցով լի փողոցում թիրախավորած կրակում է Պետրոսյանի ուղղությամբ։ Զինված բախման մեջ կողմերն իրար են մեղադրում։
Հենզել Մկոյանը հայտարարել էր, որ մինչ այս բախումը վիճաբանություն է տեղի ունեցել իր եղբորորդու՝ 19-ամյա Արմեն Մկոյանի, և Պետրոսյանի որդու միջև։ Մկոյանն ասել էր, որ իրավիճակի հանդարտվելուց հետո Սամվել Պետրոսյանը հարձակվել է իր վրա և հրազենից արձակված կրակոցով փորձել սպանել իրեն։ «Վրացական երազանքի» պատգամավորի խոսքով՝ ինքը երկու նախազգուշական կրակ է արձակել օդ։ Սամվել Պետրոսյանի խոսքով, իր ուղղությամբ առաջինը գործող պատգամավորն է երեք անգամ կրակել, որից հետո հանել է զենքը և ինքնապաշտպանության նպատակով օդ կրակել։
Գլխավոր դատախազության հայտսարարությամբ, հետաքննությամբ պարզվել է, որ Ախալքալաքում՝ Ազատության և Ջավախիշվիլիի փողոցների խաչմերուկում գտնվող «Գոլդ» սրճարան-բարի մոտ Սամվել Պետրոսյանը և Արմեն Մկոյանը ակնհայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հանրության նկատմամբ և բռնությամբ խախտել հասարակական կարգը՝ կիրառելով բռնի գործողություններ և սպառնալով նման գործողություններով՝ հրազենից և ձայնային ատրճանակներից բազմաթիվ կրակոցներ արձակելով։
Իրավապահները Պետրոսյանին և Մկոյանին ձերբակալել են մարտի 28-ին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն, արարք, որը կոպտորեն խախտում է հասարակական կարգը և ակնհայտ անհարգալից վերաբերմունք արտահայտում հանրության նկատմամբ՝ բռնություն գործադրելով և բռնության սպառնալիքով, հրազենի գործադրմամբ)։ Հանցագործությունը ենթադրում է ազատազրկում 4-7 տարի ժամկետով։ Հունիսին երկու ձերբակալվածներն էլ 20 հազար լարի գրավի դիմաց ազատ են արձակվել։ Ախալցիխեի շրջանային դատարանը գործը քննում է արդեն շուրջ 2 տարի։