Հայոց լեզվի և ադրբեջաներենի ու գրականության ուսուցիչները այսօր ունեն պրակտիկոսի կարգավիճակ։ Ավագ ուսուցչի կարգավիճակ ստանալու համար նրանք մայրենի լեզվի քննությունը հանձնելուց հետո պետք է նաև երկարաժամկետ վերապատրաստում անցնեն Մասնագիտական զարգացման ազգային կենտրոնում։ Այս դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո նրանք կստանան համապատասխան կարգավիճակ և վարձատրություն:
«Ուսուցչի տունը առաջարկում է երկարաժամկետ վերապատրաստում այն ուսուցիչներին, որոնք լեզվական խոչընդոտի պատճառով դժվարանում են հանձնել մասնագիտական ունակությունների քննությունը։ Նախարարության նախաձեռնությամբ այս ուսուցիչները վրացերենի դասընթացն ավարտելուց հետո հնարավորություն ունեն անցնելու երկարաժամկետ վերապատրաստում։ Արդյունքում ուսուցիչներին տրվում է կարիերայի զարգացման հեռանկար»,- «Մթիս Ամբեբիին» տեղեկացրին ԿԳՆ մամուլի ծառայությունից։
Վրաստանի դպրոցական կրթության համակարգում գոյություն ունի սերտիֆիկացված մանկավարժի երեք կատեգորիա, նրանց աշխատավարձը սահմանվում է ըստ ստաժի և աշխատանքային ժամերի։ Ըստ կատեգորիաների փոխվում է նաև հավելավճարը։
2022 թվականի հունվարից, կարգավիճակի համապատասխան հավելավճարները հետևյալն են՝
- ավագ ուսուցիչների համար՝ 670 լարի,
- առաջատար ուսուցիչների համար՝ 1050 լարի,
- մենթոր ուսուցիչների համար՝ 1350 լարի։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Խանչալի գյուղի հանրային դպրոցի ուսուցիչ Արմենուհի Իսպիրյանը, ուրիշ մանկավարժների նման, այս նորությանը տարիներ է, ինչ սպասում է։ 22 տարվա ստաժ ունեցող ուսուցչի համար նախարարության որոշումը կրկնակի նշանակություն ունի, քանի որ մանկավարժները կկարողանան բարձրացնել կարգավիճակը, իսկ անուշադրության մատնված հայոց լեզուն և գրականությունը՝ ավելի շատ կգնահատվի։
«Մեր դպրոցում կա հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է, սակայն իր առարկայից քննություն հանձնելու հնարավորություն չունենալու պատճառով, նա ուրիշ առարկայից հանձնեց քննություն և դարձավ ավագ ուսուցիչ», - Իսպիրյանը հիշում է այն դեպքերը, երբ իր կոլեգաները ստիպված էին տարբեր ուղիներ փնտրել՝ դպրոցում իրենց կարգավիճակը բարելավելու համար։
Նա նույնպես պատրաստվում է մասնակցել քննություններին։ Քննությունների ազգային կենտրոնի էջում արդեն ծանոթացել է հայոց լեզվի և գրականության քննության ծրագրին և սպասում է գրանցման մեկնարկին։ Կարծում է՝ քննությունը հեշտ չի լինի, քանի որ քննական ծրագրում նորագույն գրականության այնպիսի հեղինակների է հանդիպել, որոնց ստեղծագործությունները ներառված չեն դասագրքերում։
Արդեն մեկ տարի է, ինչ վրաց լեզվի և գրականության ավագ ուսուցչի կարգավիճակ է ստացել Արմենուհի Պոդոսյանը, ով Նինոծմինդայի Օրոջալար գյուղի դպրոցում՝ վրացերեն դասավանդելուն զուգահեռ, աշխատում է նաև որպես ուսուցչի օգնական։ Արմենուհին այժմ պատրաստվում է հայոց լեզու և գրականություն առարկայի քննության համար։
«Ծանոթացա քննական ծրագրին, որը պարունակում է լեզուների բոլոր բաղադրիչները (հնչյունաբանություն, ձևաբանություն, շարահյուսություն, ուղղագրություն, գրականություն): Բավականին ծավալուն ծրագիր է։
Որոշ հարցեր ներառված չեն ուսումնական ծրագրում, բայց կարծում եմ, որ լեզվի ուսուցիչը պետք է անպայման տեղյակ լինի այս հարցերից», - Արմենուհին Օրոջալար գյուղում սկսել է աշխատել հինգ տարի առաջ՝ Թբիլիսիի պետական համալսարանի հայագիտության և թուրքագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո, ոչ վրացալեզու դպրոցների աջակցության ծրագրի շրջանակներում։
Առարկայական քննությունները, Վրաստանի Կրթության և գիտության նախարարության որոշմամբ, պատրաստում է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը։
Երկու լեզվի և գրականության մանկավարժների առարկայական քննությամբ և մասնագիտական իրավասությունների հաստատման քննությամբ կստուգվի՝
- ազգային ուսմանական պլանի հիմնական պահանջների իմացությունը,
- առարկայի ուսուցման համար պարտադիր լեզվաբանական և գրական նյութի իմացությունը,
- ուսումնական գործընթացն ապահովելու համար գնահատման տարբեր մեթոդների կիրառումը,
- անծանոթ տեքստն ըմբռնելու և վերլուծելու ունակությունը,
- քննադատական մտածողության ունակությունը,
- գրելու կուլտուրան։
Քննությունների ազգային կենտրոնի կայքում հրապարակված տեղեկության համաձայն, ուսումնական ծրագրի լավ իմացությունից բացի, մանկավարժից պահանջվում է գեղարվեստական գրականության քննադատական ընկալում, այս կամ այն դարաշրջանին հատուկ գաղափարների ու խնդիրների իմացություն և վերլուծություն։
Ուսուցիչների քննությունների համար գրանցումը կսկսվի մարտին, իսկ քննությունները կանցկացվեն ամռանը։ Հայոց և ադրբեջաներեն լեզվի և գրականության ուսուցիչները պատրաստվելու համար ունեն մի քանի ամիս։