Կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգիայի թանկացման որոշումն ընդունել է դեռ 2020 թվականի դեկտեմբերին։ Բարձրացված սակագինը բնակչությունը պետք է 2021 թվականի հունվարի 1-ից վճարեր, սակայն կորոնավիրուսի պատճառով կառավարության որոշմամբ սուբսիդավորվեց նոր սակագինը և բյուջեից վճարվեց հին և նոր սակագների տարբերությունը այն բաժանորդների համար, որոնք օգտոգործում էին մինչև 300 կՎտ․ժ էլեկտրաէներգիա։
2022 թվականին սուբսիդավորման ծրագիրն ավարտվեց։ Հունվարից ավելացված սակագները կվճարեն ինչպես շրջանների, այնպես էլ Թբիլիսիի բնակիչները։ Մայրաքաղաքում էլեկտրաէներգիայի գինը ամեն 100 կՎտ․ժ-ի համար բարձրանում է 3,5 լարիով, շրջաններում՝ 6 լարիով։
Կենցաղային սակագինը Թբիլիսիում՝
- 0-100 կՎտ․ժ սակագինը կկազմի 18,041 թեթրի՝ 14,544 թեթրիի փոխարեն,
- 101-300 կՎտ․ժ սակագինը կկազմի 22,053 թեթրի՝ 18,556 թեթրիի փոխարեն։
Սա նշանակում է, որ ամեն օգտագործած 100 կՎտ․ժ-ի համար ընտանիքը 3,5 լարով ավելի է վճարում։
Կենցաղային սակագինը շրջաններում՝
- 0-100 կՎտ․ժ սակագինը կկազմի 17,731 թեթրի՝ 12,065 թեթրիի փոխարեն,
- 101-300 կՎտ․ժ սակագինը կկազմի 21,707 թեթրի՝ 15,435 թեթրիի փոխարեն։
Սա նշանակում է, որ ովքեր մինչև 100 կՎտ․ժ էլէկտրաէներգիա էին սպառում՝ 5,7 լարի ավելի կվճարի, իսկ ովքեր մինչև 300 կՎտ․ժ՝ ամեն 100 կՎտ․ժ-ի համար՝ 6,3 լարի։
Անփոփոխ է մնում միայն 301 կՎտ․ժ-ից ավելի էլեկտրաէներգիայի վճարը։ Թբիլիսիում և շրջաններում սակագները կազմում են համապատասխանաբար՝ 26, 537 և 26,227 թեթրի։
Վրաստանի Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի խոսքով՝ նախորդ տարի կոմունալ վճարումների սուբսիդավորումը միանվագ բնույթ էր կրում։ Կառավարության այսօրվա նիստից հետո նախարարը հայտարարեց, որ պետական սուբսիդավորման ծրագիրն իրեն սպառել է։