Նինոծմինդայի հանրային առողջապահության կենտրոնի ղեկավար՝ Տիգրան Եղոյանը «Մթիս Ամբեբիի» հետ զրույցում նշում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում մունիցիպալիտետում կորոնավիրուսի դեպքեր չեն գրանցվել։
«Մունիցիպալիտետում համաճարակային իրավիճակը բավականին կայուն է։ Կլինիկայում ունենք 35 մահճակալ, ունենք ազատ տեղեր։ Պատվաստման տեմպը աճում է՝ աշխատանքային օրերին, միջինում 20-30 մարդ է պատվաստվում»,- ասում է Եղոյանը։
Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի երկու նոր դեպք է հաստատվել Ախալքալաքի մունիցիպալիտետում։ Հանրային առողջապահության կենտրոնի ղեկավար Սիրուշ Տոնականյանը մեզ ասում է, որ տեղում դեռ չգիտեն, թե որ շտամին են պատկանում նոր դեպքերը, քանի որ ստանդարտ PCR թեստը դա չի պարզում։ Տոնականյանի խոսքով, մունիցիպալիտետում օրական մոտավորապես 40 մարդու են պատվաստում։
Վրաստանում, վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 5596 նոր դեպք։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեի խոսքով, նոր դեպքերի մեծ մասը կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» շտամով վարակվածներն են։
«Երկրում վարակման պիկին կարող ենք հասնել փետրվարի առաջին կեսին և օրական ունենանք 60 հազար նոր դեպք, որից լաբորատոր կերպով կհաստատվի մոտ 20-30 տոկոսը, այսինքն օրական պաշտոնական կարող է հաստատվել 12-15 հազար նոր դեպք», - հայտարարել է Գամղրելիձեն։
NCDC-ի տեղեկատվությամբ, հունվարի 12-ին Վրաստանի շրջաններում կորոնավիրուսով ամենաշատ վարակման դեպքերը հաստատվել են Թբիլիսիում (3180), որին հաջորդում են Աջարիան (638) և Իմերեթին (563)։ Ամենաքիչ դեպքերը գրանցվել են Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում (33) և Սամցխե-Ջավախեթիում (99)։
Հունվարի 12-ի դրությամբ, Վրաստանում ընդհանուր հաշվով պատվաստվել է 2 577 637 մարդ, վերջին 24 ժամվա ընթացքում երկրում իրականացվել է 10 688 պատվաստում։ Ամբողջական պատվաստվել է չափահաս բնակչության 41,1 տոկոսը։ Կորոնավիրուսի համաճարակից ի վեր երկրում վարակից մահացել է 14 311 մարդ։