Դիմումի մեջ ասվում է, որ Ջավախեթիի համայնքային կազմակերպությանն ու նրա ակտիվիստներին ամեն օր դիմում են Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետներում ապրող մարդիկ, որոնք ծնվել և մեծացել են Վրաստանում, ապրում են այստեղ, սակայն չունեն Վրաստանի քաղաքացիություն։
Քաղաքացիություն չունենալու պատճառով Ջավախեթիում շուրջ 3000 մարդ չի մասնակցում ընտրություններին, չի օգտվում համընդհանուր առողջապահական ծրագրերից, ինչը ծանր բեռ է դառնում նրանց համար հատկապես կորոնավիրուսային համաճարակի պայմաններում։ Նրանք չեն մասնակցում «Արտադրիր Վրաստանում» ծրագրերին, չեն ստանում սոցիալական աջակցություն և կենսաթոշակ։
Ջավախեթիի բնակիչները կորցրել են Վրաստանի քաղաքացիությունը ստանալով Հայաստանի կամ Ռուսաստանի քաղաքացիություն՝ ՌԴ աշխատանքի ավելի հեշտ մեկնելու համար։ Նրանք Վրաստանի քաղաքացիությունից հրաժարվելու ցանկություն չեն ունեցել, թեև 2013 թվականին Վրաստանի քաղաքացիության մասին օրենքում կատարված փոփոխությունը թույլ չէր տալիս Վրաստանի քաղաքացուն միաժամանակ լինել այլ պետության քաղաքացի, բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված բացառիկ դեպքերի։ Անձինք, ովքեր պարզվել էր, որ այլ երկրի քաղաքացիներ են, մեխանիկորեն կորցրել են Վրաստանի քաղաքացիությունը։
Այսօր այս մարդկանց մի մասը պատրաստ է հրաժարվել այլ երկրի քաղաքացիությունից, սակայն միևնույն է չեն կարողանում վերականգնել Վրաստանի քաղաքացիությունը։ Բանն այն է, որ անձը քաղաքացիության համար պետք է դիմի Ծառայությունների զարգացման գործակալություն և հանձնի վրացերենի համապատասխան քննություն, իսկ Ջավախեթիի 35-40 տարեկանից բարձր բնակչության մեծ մասը վարժ կամ ընդհանրապես չի տիրապետում վրացերենին։ Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցը ցանկացողներին առաջարկում է վրացերենի ուսուցում։ Ջավախեթիում ուսումնական կենտրոններ կան Ախալքալաքում և Նինոծմինդայում, բայց ոչ բոլորը կարող են օգտվել այս հնարավորությունից։
Ջավախեթիի համայնքային կազմակերպությունը խնդրում է նախագահին և Մարդու իրավունքների պաշտպանին ուսումնասիրել և արձագանքել այս հարցին։ «Պատրաստ ենք լրացուցիչ տեղեկություններ տրամադրել հարցի վերաբերյալ, ապահովել շփում Վրաստանի քաղաքացիություն չունեցող անձանց հետ և համայնքի անունից մասնակցել աշխատանքային հանդիպումներին, որոնք առնչվում են Ջավախեթիի բնակչության համար կարևորագույն խնդրի լուծմանը», - ասվում է դիմումի մեջ։
2020 թվականին քաղաքացիությունը պահպանելու, վերականգնելու, հատուկ կարգով քաղաքացիություն շնորհելու և քաղաքացիության հաստատելու խնդրանքով 7123 անձ է դիմել գործակալություն։ Այս տվյալները չեն արտացոլում միայն Ջավախեթիի բնակիչների դիմումները, սակայն, մեր տեղեկություններով, նրանցից շատերը Ջավախեթիի բնակիչներ են։
Այս թեմայով՝
Հազարավոր մարդիկ Ջավախեթիում առանց Վրաստանի քաղաքացիության – հատուկ ռեպորտաժ