«Դեկտեմբերի 29-ից հունվարի 17-ը դպրոցներում արձակուրդներ են և այդ կապակցությամբ խորհուրդը որոշել է հունվարի 1-ից հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածը հայտարարել ոչ աշխատանքային օրեր։ Սա վերաբերում է հանրային հաստատություններին։ Մասնավոր հատվածը կարող է ինքնուրույն որոշում կայացնել և ոչ աշխատանքային հայտարարել հունվարի 1-10-ն ընկած ժամանակահատվածը։ Այս պահին լրացուցիչ սահմանափակումներ չեն կիրառվում, իսկ խորհրդի նիստում մեղմացման վերաբերյալ որոշում չի կայացվել»,- ասել է Ղիբրաձեն։
Նրա խոսքով, Վրաստանում արդեն հայտնաբերվել է Օմիկրոն շտամը և կա վարակի տարածման մեծ ներուժ, ինչի պատճառով խորհուրդը գիշերային ակումբները բացելու որոշում չի կայացրել։
Աշխատանքի տեսչությունն այսօրվանից՝ դեկտեմբերի 22-ից, ակտիվորեն կսկսի ստուգել, թե ինչքանով են հաստատությունները կիրառում քովիդ անձնագիրը։
«Առաջին օրերը խորհրդատվական բնույթ կկրեն և մենք կօգնենք թե՛ տնտեսվարող սուբյեկտներին, թե՛ քաղաքացիներին ներբեռնել և ստանալ ծառայություններ։ Որպեսզի անձն ունենա «կանաչ կարգավիճակ», նա պետք է համապատասխանի մի քանի չափորոշիչների՝ պետք է լինի պատվաստված, Քովիդոն վարակված և բուժված, ունենա վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստ, կամ 24 ժամում արված արագ թեստ: Առողջապահության նախարարությունը մշակել է երկու հավելված՝ Covid pass և Georgia e-Health։ Վրաստանի տարածքում գտնվող ցանկացած անձ՝ լինի Վրաստանի քաղաքացի, թե օտարերկրյա այցելու, կարող է օգտագործել Քովիդ անձնագրերի հավելվածը տարբեր հաստատություններ մուտք գործելու և ծառայություններ ստանալու համար»,- ասել է Աշխատանքի տեսչության վարչության ղեկավար Բեքա Փերաձեն։
Եթե որևէ օբյեկտ չներմուծի «կանաչ քարտերի» հասկացությունը, ապա առաջին փուլում ֆիզիկական անձանց համար պատիժը կկազմի 2000 լարի, իսկ իրավաբանական անձանց համար՝ 10 000 լարի։ Կրկնությունը հանգեցնում է քրեական պատասխանատվության, ինչպես նախատեսված է մեկուսացման և կարանտինի կանոնների խախտման համար։
Ըստ Փերաձեի, եթե տնտեսվարող սուբյեկտների դեպքում լինեն համակարգային խախտումներ, և նրանք ընդհանրապես չօգտագործեն և չներմուծեն համապատասխան հավելվածները, Աշխատանքի տեսչությունը իրավասու կլինի ժամանակավորապես սահմանափակել նրանց տնտեսական գործունեությունը։