27-ամյա Տիգրան Թարզյանն ապրում է Նինոծմինդայի Ուչմանա գյուղում։ 18 տարեկանում վրացերեն միայն բարևել գիտեր։ Եթե չլիներ 2010 թվականին մեկնարկած 1+4 կրթական ծրագիրը, Տիգրանը ո՛չ վրաց լեզուն կսովորեր, ո՛չ էլ Թբիլիսիում կստանար բարձրագույն կրթություն։
Ծրագիրը Վրաստանի էթնիկ փոքրամասնություններին թույլ է տալիս բարձրագույն կրթություն ստանալ` պարզեցված ձևով։ Դիմորդները հանձնում են ընդհանուր ունակությունների թեստ՝ հայերեն, ադրբեջաներեն, աբխազերեն կամ օսերեն։ Նրանք անցնում են վրացերենի մեկամյա վերապատրաստման կուրս, որն արժե 2250 լարի։ Այնուհետև 60 կրեդիտ կուտակելու դեպքում ուսումը շարունակում են իրենց նախընտրած ֆակուլտետում։ Ծրագրի ուսանողների քանակը տարեցտարի ավելանում է։ Եթե 2010 թվականին ծրագրից օգտվել է ընդամենը 247 ուսանող, ապա 2018 թվականին ընդունվել է 1231 ուսանող, 2019 թվականին՝ 1334։ 2020 թվականին վրացերենի կրթական ծրագրից օգտվել է 1191 հոգի, այդ թվում՝ 935-ը ադրբեջանցի, 252-ը՝ հայ, 4-ը՝ օս։ 2021 թվականին ընդունվել է 1332 դիմորդ, որտեղից 7-ը օս է, 1033-ը՝ ադրբեջանցի, 292-ը՝ հայ։
Տիգրանը սովորել է Իլիայի պետական համալսարանի` քաղաքագիտության ֆակուլտետում։ Նա երրորդ կուրսի ուսանող էր, երբ Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի գրասենյակը 1 + 4 ծրագրի մասնակիցներին հանրային ծառայությունում ստաժավորում առաջարկեց: Ծրագրի նպատակն է` բարելավել էթնիկ փոքրամասնությունների զբաղվածության հեռանկարները, նպաստել նրանց ներգրավվածությանը և քաղաքացիական ինտեգրման գործընթացին։ Տիգրանը եռամսյա պրակտիկա է անցել Առողջապահության նախարարության սոցիալական պաշտպանության վարչությունում։ Համալսարանն ավարտելուց հետո Տիգրանը վերադարձել է Ջավախեթի և մասնակցել Նինոծմինդայի մունիցիպալիտետում մասնագետի թափուր պաշտոնի մրցույթին՝ աշխատանքի ընդունվելու հույսով։ Նրա սպասելիքները չեն արդարացել. «Բոլոր փուլերը անցա, գնացի նաև հարցազրույցի։ Ասացին, որ լավ կադր եմ, բայց մեկ-երկու ամիս հետո ինձ նամակ գրեցին՝ շնորհակալություն էին հայտնում մրցույթին մասնակցելու համար, բայց ինձ չընտրեցին: Թափուր պաշտոնը միայն ձևականորեն են հայտարարում, թեկնածուն նախապես ընտրված է։ Շատ են դեպքերը, երբ իմ հասակակիցները սովորել են Թբիլիսիում, Ջավախեթի վերադառնալուց հետո չեն կարողացել աշխատանք գտնել և ստիպված են եղել լքել Վրաստանը։ Ջավախեթիից ձայն, որ չի լսվում՝ պատճառներից մեկը երիտասարդների արտահոսքն է։
Մեզ հետ, որ բարձրագույն կրթություն ենք ստացել Թբիլիսիի լավագույն բուհերում և վերադարձել այստեղ, տեղական իշխանությունը ոչ մի հանդիպում չի ունեցել։ Չեն հետաքրքրվել` ինչ նախաձեռնություններ ունենք, ինչ կարող ենք անել»։
Վրաստանի «Հանրային ծառայության մասին» օրենքի 27-րդ հոդվածը սահմանում է, որ պետական լեզվին չտիրապետող անձը չի կարող ընդունվել աշխատանքի որպես պաշտոնատար անձ։ Նինոծմինդայի և Ախալքալաքի քաղաքապետարաններում և սակրեբուլոներում բյուջեից ֆինանսավորվող ծառայություններում կան բազմաթիվ պաշտոնյաներ, ովքեր չգիտեն վրացերեն:
Нельзя – մեզ ասաց Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի քարտուղարուհին` մինչև մեր հայ թղթակցի օգնությամբ չբացատրեցինք, թե ինչ հարցով ենք ուզում հանդիպել քաղաքապետի հետ։ Ուզում էինք հասկանալ, թե ինչու քաղաքապետը չի կատարում օրենքով սահմանված պահանջները և հանրային ծառայության թափուր աշխատատեղերի առկայության դեպքում գոնե, ինչու նախապատվությունը չի տալիս պետական լեզվին տիրապետող և բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին։
Անիվարդ Մոսոյանը «Վրացական երազանքից» արդեն երկրորդ անգամ է ընտրվել Նինոծմինդայի քաղաքապետի պաշտոնում։ Նա քաղաքապետարանը ղեկավարում է 2017 թվականից։ Հարցին, թե վերջին 4 տարում 1 + 4 ծրագրի քանի մասնակից է աշխատանքի ընդունվել, պատասխանեց որ 4-ը՝ «որպես մասնագետներ, որոնցից մեկը իրավաբանական ծառայության ղեկավարն է»։
Նինոծմինդայի քաղաքապետի աշխատասենյակում մի կողմում կախված է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, կողքին՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի լուսանկարը։
Նաիրի Իրիցյանն օրեր առաջ վերընտրվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահի պաշտոնում։ Նա 2017 թվականից է զբաղեցնում սակրեբուլոյի նախագահի պաշտոնը։ Մինչ այդ սակրեբուլոյի փոխնախագահն էր, Ախալքալաքի քաղաքապետ է եղել 2002-2006 թթ-ին։ Վրացերեն չգիտի։ 1 + 4 ծրագրի վերաբերյալ հարցազրույցի համար մեզնից խնդրեց ռուսերեն խոսել։ Պետական լեզվի չիմացությունը «Վրացական երազանքին» չի խանգարել սակրեբուլոն հանձնել Իրիցյանին։
Այն, որ կուսակցական պատկանելությունն ու հավատարմությունն ավելի արժեքավոր են, քան պետական լեզվի իմացությունը, կրթությունն ու մասնագիտական հմտությունները, վառ օրինակ է նաև Արեկնազ Պետրոսյանի փորձը։ Արեկնազն ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը, Իլիայի պետական համալսարանի մագիստրոս է։ Նա եռամսյա պրակտիկա է անցել Ազգային արխիվում, ապա վերադարձել Ջավախեթի։ Արեկնազն այժմ Ջիգրաշեն գյուղի հանրակրթական դպրոցում վրաց լեզվի ուսուցչի օգնական է։ «1+4 ծրագիրն ավարտածները հիմնականում աշխատում են դպրոցներում և տեղական լրատվամիջոցներում։ Միգուցե մենք պետք է ավելի շատ աշխատենք, որպեսզի պետական կառույցներում ինչ-որ բան փոխվի և մեզ էլ թույլ տան աշխատել քաղաքապետարանում կամ դրա ծառայություններում»:
«Ի դեմս ծրագիրն ավարտածների` այսօր երկիրն արդեն ունի լավ պատրաստված երիտասարդներ, որոնք մայրենի լեզվից բացի տիրապետում են պետական լեզվին, ունեն գիտելիքներ և մասնագիտական հմտություններ և ակտիվորեն ներգրավված են հասարակական կյանքի տարբեր ոլորտներում»,- սա հատված է 2021 - 2030 թվականների Քաղաքացիական հավասարության և ինտեգրման պետական ռազմավարությունից, որը կառավարության կողմից հաստատվել է 2021 թվականի հուլիսին:
«Եթե չլիներ 1 + 4 ծրագիրը, ես չգիտեմ, թե որտեղ կլինեի այսօր և կկարողանայի արդյոք վրացերեն խոսել։ Մեր գյուղը 25-30 տարի ուսանող չի ունեցել։
2014 թվականին երկու դիմորդ առաջին անգամ այս ծրագրով ընդունվեցին, 2016-ին ես ընդունվեցի, հետո` ևս 4 երիտասարդ»։ Դարբազի գյուղը, որտեղ ապրում է 24-ամյա Նաշիր Օրդուխանովը, Բոլնիսիից 23 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։
Նաշիրը Իլիայի համալսարանի իրավագիտության դպրոցի 4-րդ կուրսի ուսանող է: Ստաժավորման պետական ծրագրին չի մասնակցել. «Մինչ կորոնավիրուսի համաճարակը, նախքան հեռավար կրթությանն անցնելը վարձով էի ապրում Թբիլիսիում։ Վարձի հետ պետք է վճարեի նաև այլ վճարներ ունեի։ Մայրս էր ինձ գյուղից օգնում, բայց առանց վարձատրության աշխատելով` չէի կարողանալու անհրաժեշտ ծախսերը հոգալ։ Ես ներգրավված էի ՀԿ-ների նախագծերում, և՛ վարձատրվում էի և՛ զգալի փորձ ձեռք բերեցի։
Ունեմ ծանոթներ, որոնք Մառնեուլիում կամ այլ տեղերում ստաժավորման ծրագրով եղել են պետական հաստատություններում։ Ստաժավորումն ավարտվել է, սակայն նրանցից ոչ ոք աշխատանքի չի ընդունվել պետական մարմիններում։ Այս ոլորտը փակ է նրանց համար, որոնք չունեն ազդեցիկ բարեկամներ, կամ կուսակցական ակտիվիստներ չեն»։
Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի աշխատակազմը, որն իրականացնում է 1 + 4 ստաժավորման ծրագիրը, ճշգրիտ վիճակագրություն չունի, թե քանի մասնակից է կարողացել աշխատանքի ընդունվել` ստաժավորումն ավարտելուց հետո։ Նախարարի աշխատակազմը չի նկարագրում, թե այս նախագիծն ինչ փոփոխություններ է բերել ստաժավորման մասնակիցներին։
Քաղաքացիական հավասարության վարչության պետի տեղակալ Էլիսո Լոմիձեն վստահեցնում է, որ ծրագրի մասնակիցների հետ անձնական շփումից գիտեն, որ 400 հոգուց առնվազն 100-ը աշխատանքի է ընդունվել տարբեր աշխատատեղերում, հիմնականում ուսումնական հաստատություններում։ «Տեսել ենք ոչ բավարար ներգրավվածություն, այդ պատճառով 2021-2030 թվականների պետական ռազմավարության մեջ հստակ առաջնահերթություն ենք սահմանել էթնիկ փոքրամասնությունների երիտասարդների հզորացումը։ Սակայն, եթե համեմատենք նախորդ տարիները, 10 տարի առաջ ունեցած պատկերի հետ, ապա այսօր մենք ունենք կիրթ, ակտիվ, քաղաքացիական հատվածում ներգրավված երիտասարդներ, որոնք գնալով ավելի են ուժեղանում»։
Պաատա Զաքարեիշվիլին, ով 2014-2016 թվականներին եղել է Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար, կարծում է, որ 1 + 4 ծրագրի հաջողակ մասնակիցների աշխատանքի տեղավորումը քաղաքացիական ծառայության մեջ խոչընդոտվում է կլանային կառավարման և անվտանգության ծառայությունների չափազանց մեծ ազդեցության պատճառով. «Անվտանգության ծառայությունները նախընտրում են կլանների հետ համագործակցել՝ նրանցով ավելի հեշտ է իրավիճակը կառավարել, քան կրթված երիտասարդներով, որոնք ունեն իրենց սեփական տեսլականները, հետաքրքրությունները և դիրքորոշումները: Անվտանգության ծառայությունները չեն ցանկանում, որ շրջաններում` կլինի դա Ջավախեթին, Քվեմո Քարթլին, թե այլ, այնպիսի քաղաքացիական արժեքների մարդիկ լինեն, ինչպիսին օրինակ Թբիլիսիում են և անհագստացնում են նրանց»։