Եվրոպական ներդրումային բանկի տվյալներով՝ գերարագ ինտերնետը հասանելի կլինի մոտավորապես 500 հազար մարդու։
«Վարկը կֆինանսավորի 5000 կիլոմետր երկարությամբ օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը և վրացական հեռահաղորդակցության օպերատորների համար կապահովի բաց մուտք դեպի ինտերնետի ենթակառուցվածք: Ներդրումները կբարելավեն կյանքի որակը, նոր հնարավորություններ կստեղծեն բիզնեսի համար և կբարձրացնեն Վրաստանի դիմադրողականությունը ճգնաժամերին»,- ասվում է Եվրոպական ներդրումային բանկի հայտարարության մեջ։
Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Եվրոպական ներդրումային բանկը ստորագրել է 171 միլիոն եվրոյի ներդրումային փաթեթ՝ ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակներում: Սա ներառում է ինչպես Եվրոպական ներդրումային բանկի վարկերը, այնպես էլ ԵՄ դրամաշնորհները Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային:
ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագիրը կազմում է Արևելյան գործընկերության վերակառուցման, կայունության և բարեփոխումների օրակարգի հիմքը: Առաջիկա հինգ տարիների ընթացքում ԵՄ բյուջեից 2,3 մլրդ եվրո կհատկացվի դրամաշնորհների, խառը ֆինանսավորման և երաշխիքների տեսքով։ Գումարը կծախսվի աշխատատեղերի ստեղծման, զարգացման, ցանցերի ստեղծման և կանաչ և թվային փոխակերպմանն աջակցելու համար: