Դմանիսի սակրեբուլոն ունի 30 անդամ։ «Վրացական երազանքն» ունի 15 մանդատ, «Ազգային շարժումը»՝ 13, 1 մանդատ ունի Կախա Օքրիաշվիլիի «Առաջընթաց և ազատություն» կուսակցությունը, և մեկ անկախ թեկնածու, որին աջակցում է ընդդիմությունը։
Դեկտեմբերի 3-ին սակրեբուլոյի առաջին նիստը չեղարկվել է, քանի որ նիստին ներկայացել էր ընդամենը 15 անդամ։ Ավելի վաղ «Վրացական երազանքը» չէր համաձայնել ընդդիմության առաջարկին՝ սակրեբուլոյի նախագահի պաշտոնում ընտրելու «Միացյալ ազգային շարժման» անդամին։
Ռամիզ Ռամազանովի վրա ճնշումներ գործադրելու մասին դեկտեմբերին 8-ին տեղեկություն տարածեց նրա կուսակից Լևան Մոսեշվիլին: «Վերջին օրերին նա կապի դուրս չէր գալիս։ Առավոտյան, երբ տնից գնում էր դպրոց, հետևում էին, սպասում էին դպրոցում դասերի ժամանակ, հետո նորից հետը գնում էին մինչև տուն։ Դեկտեմբերի 8-ին նրան տեսա դպրոցի բակում, որտեղ նա ֆիզկուլտուրայի դաս էր անցկացնում։
Ինձ ասաց, որ իր վրա ճնշումներ են գործադրում: Իր կամքին հակառակ տարել են նահանգապետի ադմինիստրացիա, որտեղ հանդիպել են «Վրացական երազանքի» անդամների և նորանշանակ նահանգապետի հետ: Ասել են, որ իր գործը հասել է մինչև Բիձինա Իվանիշվիլիին և թե ինչպես է փորձում նման բան անել:
Մեր հանդիպման ժամանակ Պետական անվտանգության ծառայության մեքենան կանգնած էր դպրոցի բակի մոտ։ Անծանոթ մարդիկ դուրս եկան, բռնեցին Ռամազանովի ձեռքից ու տարան։ Մենք նրա մասին ոչինչ չգիտենք»,- լրագրողներին ասել է Մոսեշվիլին։ Նրա խոսքով՝ դպրոցի մոտ կանգնած է եղել ՊԱԾ-ի Բոլնիսի և Դմանիսիի ներկայացուցչի մեքենան։
Սակրեբուլոյի մեկ այլ ընդդիմադիր անդամ Հուսեին Հուսեինովի խոսքով՝ օրեր առաջ Ռամիզ Ռամազանովն իրեն ասել է, որ «կամ պետք է քվեարկի «Վրացական երազանքի» սակրբուլոյի նախագահի թեկնածուի օգտին, կամ պետք է ինքնասպան լինի»։
Դեկտեմբերի 9-ին և 10-ին Ռամիզ Ռամազանովի տան մոտ ոստիկաններ են եղել մոբիլիզացված։ Ռամազանովի ընտանիքի անդամները հայտնել են, որ չեն իմացել Ռամիզի գտնվելու վայրը, թեև կապ ունեցել են նրա հետ։
ՆԳՆ-ն չի պարզաբանել, թե ինչու էին հսկում Ռամազանովի տունը կամ ինչու են այնտեղ ոստիկաններ մոբիլիզացվել Սակրեբուլոյի նիստին նախորդող օրերին՝ Ռամազանովի վրա ճնշում գործադրելու փաստից հետո։
Ռամազանովը Օրուզման գյուղի հանրային դպրոցի տնօրենն էր։ 2 շաբաթ առաջ Կրթության նախարարության տեսչական ծառայությունը կրկին ստուգումներ է անցկացրել դպրոցում, որից հետո Ռամազանովը սեփական դիմումով հեռացել է տնօրենի պաշտոնից։
«Դպրոցում առաջին անգամ աուդիտ է իրականացվել մինչև ինքնակառավարման ընտրությունները, սակայն չկարողացան համոզել: Ընտրություններից հետո նորից աուդիտ է անցկացվել, սպառնացել են որ կձերբակալեն, սակայն չեն էլ ասել, թե ինչ խախտման պատճառով»,- ասել է Լևան Մոսեշվիլին։
Ռամազանովը լրատվամիջոցների առջև երեկ է հայտնվել։ Նա մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ պատրաստվում է մասնակցել դեկտեմբերի 10-ին կայանալիք ավագանու նիստին։ Հարցին, թե ինչու չներկայացավ դեկտեմբերի 3-ին նախատեսված առաջին նիստին, պատասխանեց, որ «այն ժամանակ այդպես էր պետք, հիմա ես այդպես եմ որոշել»։
Դմանիսիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի այսօրվա նիստին մասնակցել է 16 պատգամավոր, այդ թվում՝ Ռամազանովը։ Նիստից առաջ նա հայտարարեց, որ լքում է «Ազգային շարժումը»։ Այսօր նրան ընտրել են սակրեբուլոյի նախագահի առաջին տեղակալ։
«Ոչ մի ճնշում չի եղել։ Դմանիսում ուղղակի քաղաքական փակուղու մեջ էինք: Սրանից ելք պե՞տք է լիներ։ Որոշեցի, որ այդպես է պետք»,- ասել է Ռամազանովը։ Ռամազանովը նաև 2017 թվականի գումարման սակրեբուլոյի անդամ էր, Օրուզման համայնքի մեծամասնական պատգամավոր՝ «Վրացական երազանք»-ից։
Նոյեմբերի 18-ին ճնշումների պատճառով մահացել է Բաթումիի քաղաքային խորհրդի նորընտիր անդամ Նուգզար Փուտկարաձեն։ Ըստ «Միացյալ ազգային շարժման»՝ Նուգզար Փուտկարաձեին Աջարիայի կառավարության ղեկավար Թոռնիկե Ռիժվաձեի հոր՝ Դավիթ Ռիժվաձեի, հանձնարարությամբ 100 հազար դոլար են առաջարկել՝ կուսակցությունը լքելու և Սակրեբուլոյում որպես անկախ պատգամավոր իր աշխատանքը շարունակելու դիմաց։ Նոյեմբերի 24-ին «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հրապարակել է Նուգզար Փուտկարաձեին կաշառելու փորձի 45 րոպեանոց ձայնագրությունը։ Ձայնագրությունն արել է Նուգզար Փուտկարաձեն։ Մինչ Փուտկարաձեի մահը Բաթումիի քաղաքային խորհրդում ընդդիմությունը մեծամասնություն ուներ։ Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Նուգզար Փուտկարաձեի մահվան փաստով` անզգուշությամբ կյանքից զրկելու հոդվածով, սակայն ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։