Վրաստանի կառավարությունը խաղային բիզնեսի համար նոր կարգավորումներ է սահմանում։ Առցանց խաղատների հարկային բազան կավելանա 65-70 տոկոսով։ Մինչև 25 տարեկան քաղաքացիներին կարգելվի մասնակցել ազարտային խաղերին։ Ինչպես նաև, կարգելվի խաղային բիզնեսի բոլոր տեսակի հեռուստատեսային գովազդը, արտաքին գովազդն ու վրացական կայքէջերում գովազդի տեղադրումը։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությամբ, տարիքային սահմանափակումը կվերաբերի՝ սոցիալապես անապահով անձանց, որոնք պետությունից օգնություն են ստանում, հանրային ծառայողներին, անձանց, ովքեր կդիմեն եկամուտների ծառայություն ինքնասահմանափակման մեխանիզմի կիրառման խնդրանքով, ինչպես նաև անձանց, որոնք կհայտնվեն այսպես կոչված սև ցուցակում՝ դատարանի որոշման հիման վրա, ընտանիքի անդամների պահանջով։ Վարչապետի խոսքով, ընդհանուր հաշվով ազարտային խաղերը կսահմանափակվի շուրջ 1 մլն չափահաս բնակչության համար։
Գովազդի արգելքից հետո, խաղային բիզնեսի օպերատորները միայն սպորտի հետ կապված հովանավորության պայմանագրեր կկարողանան կնքել։
Վարչապետը առցանց խաղատների համար նոր կանոնակարգեր մտցնելու նախաձեռնությամբ հանդես եկավ նոյեմբերի 22-ին։ Նրա խոսքով, առցանց խաղատների միջոցով երկրից ամեն տարի դուրս է հոսում 1մլրդ 500 մլն լարի։
«Մեր քաղաքացիները՝ երիտասարդները, ամեն օր խաղում են առցանց խաղատներում և գումար պարտվում։ Մտածում ենք, առաջին փուլում ավելացնել հարկերը առցանց խաղատների սեփականատերերի համար, նրանց մեծամասնությունը օտարերկրյա ընկերություններ են։
Խաղացողների մեծ մասը՝ 99 տոկոսը, կարիքավոր քաղաքացիներ են, որոնք չեն աշխատում։ Մենք տարիքային շեմը կբարձրացնենք մինչև 25 տարեկանը։ Երկրորդ փուլում ընդհանրապես պետք է արգելվի առցանց խաղատները, որի հետ է կապված թմրամոլությունն ու երիտասարդների ներգրավվածությունն այս կործանարար շարժման մեջ», - նշել է Ղարիբաշվիլին։
2015-2020 թվականներին Վրաստանում ազարտային խաղերի բիզնեսի շրջանառությունը նշանակալիորեն ավելացել է։ 2018 թվականին այն կազմել է 13 մլրդ լարի, իսկ 2020 թվականին, չնայած համաճարակին՝ շրջանառությունը կազմել է 32 մլրդ լարի։
Վրաստանում ազարտային խաղերի ամենաշատ քանակությամբ սպառողներ ունեն այնպիսի բրենդներ, ինչպիսիք են՝ «Աճարաբեթը», «Կրիստալբեթը» և «Բեթլայվը»։ Նշված ընկերությունները միավորում են խաղատներ, սլոտ ակումբներ, տոտալիզատորներ, առցանց խաղատներ և առցանց տոտալիզատորներ։
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ուսումնասիրության համաձայն՝ խնդրահարույց մոլախաղը հանրային առողջության աճող խնդիր է դեռահասների և երիտասարդների շրջանում, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Վրաստանում: Համաշխարհային տվյալների համաձայն՝ դեռահասների մոտ ազարտային խաղերի տարածվածությունը 2-4 անգամ ավելի է, քան մեծահասակների մոտ, իսկ 12-ից 17 տարեկան դեռահասների մինչև 8%-ը մոլախաղի հիվանդագին հակում ունի։
Դեռահասության տարիքում խնդրահարույց մոլախաղը կարող է այնպիսի բացասական հետևանքներ ունենալ, ինչպիսիք են՝ լարված հարաբերությունները, հանցավոր վարքագիծը, դեպրեսիան և նույնիսկ ինքնասպանությունը:
Ներքին գործերի նախարարության վիճակագրության համաձայն, 2020 թվականին Վրաստանում ինքնասպանություն է գործել 379 մարդ, գրանցվել է 553 ինքնասպանության փորձ։ Նախորդ տարվա բազմաթիվ ինքնասպանության դեպքեր, մահացածների ընտանիքի անդամները կապում էին ազարտային խաղերի հետ։ Հետաքննությունը նման կապ հանրայնորեն ոչ մի դեպքի վերաբերյալ չի հաստատել։
2020 թվականի հունիսից երկրում դեռահասների համար գործում է հատուկ թեժ գիծ՝ 111, որի նպատակն է դեռահասներին առաջնային հոգեբանական օգնության ցուցաբերումը, որը առաջացել է վերջիններիս ազարտային խաղերով զբաղվելու հետևանքով։ Թեժ գիծն աշխատում է 24 ժամյա ռեժիմով և Վրաստանից բոլոր զանգերն անվճար են։
Ազարտային խաղերի դեմ Անա Դոլիձեի կողմից 2019 թվականին ստեղծված խնդրագիրը՝ Քաղաքացիների էլեկտրոնային խնդրագրերի պաշտոնական հարթակում միակն է, որտեղ ստորագրել է ավելի քան 10 հազար քաղաքացի և կառավարությունը պարտավոր էր պատասխանել խնդրագրում առաջ քաշված խնդիրներին։ Խնդրագրով պահանջվում էր ազարտային խաղերի համար մտցնել տարիքային սահմանափակում և արգելել գովազդները։
Խաղային բիզնեսի տուրքերից ստացված եկամուտները շատ քաղաքների և մունիցիպալիտետների սեփական եկամուտների նշանակալի մասն են կազմում։ Օրինակ, խաղային բիզնեսից Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեին է փոխանցվել 948 հազար լարի, Բաթումիի բյուջեին՝ 32 մլն լարի, Քութաիսիի բյուջեին՝ 2 մլն, իսկ Ղազբեգիի մունիցիպալիտետի բյուջեին՝ 2,8 մլն լարի։