Ներսում կեղտ, դրսում աղբ
Լեռան ուղեկցորդները անպայման խորհուրդ կտան կանգ առնել «Բեթլեմի խրճիթում» նախքան գագաթ բարձրանալը: Ծովի մակարդակից 3656 մետր բարձրության վրա գտնվող շենքը կառուցվել է 1931-1940 թվականներին՝ որպես օդերևութաբանական կայան։ Հետազոտողները կլիմայական գործընթացներին հետևում էին մինչև 1990-ական թվականները։ Այսօր շենքը ունի լեռնագնացների կացարանի գործառույթ և կարող է տեղավորել 80 ալպինիստ։
Շենքում կգտնեք չորս հոգու համար նախատեսված ցուրտ, խոնավ սենյակներ 6 քմ տարածքով և մաշված պատերով ու առաստաղներով։ Ավելի լավ է մահճակալի տակ չնայել, եթե ինչ-որ իր գլորվի, մեծ հավանականությամբ դրանք երբեք չեք գտնի այդ աղբի մեջ: Ննջասենյակի միակ բանալին կացարանի ադմինիստրատորի մոտ է: Նման սենյակում մնալու համար մեկ անձը պետք է վճարի 50 լարի։
Ակտիվ սեզոնին շենքի հարակից տարածքում քարերով պատված վայրում կարելի է տեղադրել մինչև 100 վրան։ Գիշերակացը այսպիսի ճամբարում արժե 10 լարի։ Այստեղ նույնպես ավելի լավ ընտրություն չունեք: Հնարավոր է՝ ստիպված լինեք վրան տեղադրել հսկայական աղբի կողքին:
Զուգարանը նույնպես շենքից դուրս է գտնվում, բակում է։ Ձնաբքի ժամանակ մեծ դժվարությամբ կարող եք կացարանից հասնել զուգարան, այն էլ պաշտպանիչ գոտու և պարանի օգնությամբ։
Երկու մասից բաղկացած սովորական գյուղական զուգարանը միշտ զբաղված է և հաճախ այցելուները բնական պահանջները հոգում են մեծ քարերի ետևում: Արևոտ օրերին գունեղ վրանների «քաղաքում» թափված բազմաթիվ աղբերից և զուգարանից եկած գարշահոտությունը բարձրանում է մթնոլորտ։
Լեռնագնացների գնահատմամբ
Մղինվարծվերին 2018 թվականի դեկտեմբերի 27-ից Ղազբեգիի ազգային պարկի կազմում է։ Georgia Insight տուրիստական ընկերության հիմնադիր Կատրին Թևդորաշվիլին ասում է, որ պահպանվող տարածքում նման աղտոտված վայրը վախեցնում է զբոսաշրջիկներին և բացասաբար է անդրադառնում հյուրընկալող երկրի անվան վրա։
«Մեր հյուրերը գրում են՝ չգնաք այնտեղ։ Լսել ենք, որ դա աղբանոց է և մենք չենք ուզում Կազբեկի գնալ։ Եվրոպական կացարաններում էլ շատ հարմարավետություն չկա, բայց դրանք մաքուր են ու կոկիկ: Երբ նրանք վերադառնում են Մղինվարծվերիից, խնդրում են ուղիղ Թբիլիսի ուղևորվել, չեն ուզում լեռնագագաթ բարձրանալուց հետո ոչ մի րոպե այնտեղ մնալ։ Առաջին բանը, որ պետք է անել, զուգարանն ու մաքրությունը բարելավելն ու խոհանոցն ավելի մեծացնելն է»,- ասում է Կատրինը, ում ընկերությունը ամեն տարի Մղինվարծվերիի վրա ավելի քան քսան խումբ ուղարկելու փորձ ունի:
«Բեթլեմի խրճիթում» հանդիպող ուղեկցորդներից և զբոսաշրջիկներից ոմանք խուսափում լրատվամիջոցների հետ բացահայտ խոսելուց, քանի չեն ուզում փչացնել հարաբերությունները Մղինվարծվերիի վրա գտնվող միակ զբոսաշրջային կացարանի սեփականատերերի և ղեկավարության հետ։ Միայն մասնավոր զրույցներում են խոսում լեռնագնացների կացարանի անմխիթար վիճակի ու սեփականատերերի անփութության մասին։
Ի տարբերություն զբոսաշրջիկների, լեռնային ուղեկցորդները ստիպված են ավելի երկար ժամանակ մնալ տեղում։ Նրանց համար մեկ այլ խնդիր է հանդիսանում խմելու ջուրը։ Ամեն առավոտ սպասում են սառույցի հալվելուն ու ժանգոտված ծորանից հալված ձյան ջրի պոլիէթիլենային տոպրակների մեջ լցվելուն։ Լեռնային ուղեկցորդ գիդերը հիշեցնում են նաև ջրի պատճառով դիզենտերիայի դեպքերը։
«Ես կարծում եմ, որ պետք է լինի ինչ-որ պետական մարմին, որը կմիջամտի: Այստեղ փող են աշխատում և եկամտի մի տոկոսը պետք է ծախսվի շրջակա միջավայրի պահպանության վրա» - Բրիտանիայի քաղաքացի Քորեն Բամրան համաճարակի պատճառով մնացել է Վրաստանում և երկիրը ավելի լավ ճանաչելու հնարավորությունը ձեռքից բաց չի թողնում։
«Այստեղ պայմանները շատ տարրական են, սակայն այս բարձրության վրա մեծ հարմարավետության չի կարելի սպասել, զուգարանի հետ կապված իրավիճակը իսկապես շտկման կարիք ունի։ Կարծում եմ, որ սա անտեսված է այս հաստատության սեփականատերերի և գուցե նույնիսկ կառավարության կողմից: Սա շատ կարևոր գագաթ է, և նրանք իսկապես պետք է ավելի զգայուն լինեն շրջակա միջավայրի նկատմամբ և պաշտպանեն այն, քանի որ լեռնագագաթը իսկապես եզակի է»,- ասում է Քորենը։
Ելքի որոնման մեջ
«Բեթլեմի խրճիթի» այցելուներից մեկը, ով հաճախ է օգտվում կացարանից և, հետևաբար, խուսափում է տեսախցիկի առջև խոսելուց, տնօրինությանը մասնավոր զրույցի ընթացքում առաջարկում է մեկ այլ, ավելի էժան լուծում։ Զզբոսաշրջիկները իրենց մի քանի օրվա պարագաները վարձակալած ձիերով են բարձրացնում վերև, իսկ հետո ձիերը ետ են վերադառնում առանց բեռի։ Գումարը վճարված է, և կարող են նախորդ անգամվա ուտելիքի մնացորդները ձիերով իջեցնել մինչև Ստեփանծմինդա։ Այդպես աղբն այլևս չի կուտակվի։
«Երբ գալիս ես սարեր, պետք է սոցիալական պատասխանատվություն կրես, եթե սնունդ ես բերում, դրա թափոնները քեզ հետ տար ու աղբ մի՛ նետիր», - «Փենիքս» արշավական ակումբի առաջնորդ Թենգիզ Ղանիշաշվիլին ամեն տարի բարձրանում է «Բեթլեմի խրճիթ»։
«Երկրի մասշտաբով բազմաթիվ վայրերում եմ եղել և սա իմ տեսած վայրերից ամենա աղտոտն է»։
Ակումբի ղեկավարը կարծում է, որ աղբավայրի ամբողջական մաքրումը, քանի որ այն ենթադրում է մեծ գումարներ և ֆիզիկական ռեսուրսներ, պետք է իրականացնեն պետությունը և շինության սեփականատերերը միասին։ Նրա խոսքով, եթե մաքրման լայնածավալ ակցիա անցկացվի, արշավողների մի մասը պատրաստ է ինքնակամ միանալ ակցիային։ «Եթե այցելուն տեսնի, որ միջավայրը մաքուր է, աղբն այստեղ չի թողնի ու իր հետ կտանի։ Այն, ինչ մենք չենք կարող անել, դա զուգարանն է ու ինտերիերը, դա միայն սեփականատերը կարող է անել: Զուգարանը չի համապատասխանում պահանջներին, ինչի պատճառով ճանապարհին բազմաթիվ կեղտերի ենք հանդիպում։ Նման արահետով բարձրանալու ցանկություն ոչ ոք չի ունենա, դա ազդում է երկրի իմիջի վրա»։
Լեռնային ուղեկցորդ Օթար Ջափարիձեն, ով զբոսաշրջիկներին գագաթ է բարձրացնում 2004 թվականից, կարծում է, որ աղբը մեկ անգամ հեռացնելով խնդիրը չի լուծվի, եթե տեղանքը հաճախ չմաքրվի, նույնիսկ մեկ սեզոնը բավական կլինի, որ այն կրկին աղբով լցվի։
Ըստ Օթարի, «Ճամբարի վճարները կարող են ամբողջությամբ ծախսվել աղբահանության վրա։ Պետությունը պետք է ծախսի ֆինանսական և կառավարման ռեսուրսները, հետո անցնի պետական վերահսկողության։ Միայն սեփականատերը չի կարող լուծել դա: Սեփականատերը պետք է մաքրի զուգարանն ու խոհանոցը, իսկ թափոնների կառավարմանը պետք է կենտրոնացված պետական մոտեցում պահպանվող տարածքների կողմից՝ կանոնակարգերով և պատժամիջոցներով»։
«Եթե «Բեթլեմի խրճիթի» համար այցելուն վճարում է որոշակի գումար, և դա նրանց բիզնեսն է, ուրեմն պարտավոր են պատշաճ կերպով կառավարել իրենց հյուրերի կողմից առաջացրած թափոնները», - ասում է երկրի ամենահին արգելոցի՝ Լագոդեխիի պահպանվող տարածքների տնօրեն Գիորգի Սուլամանիձեն:
Տարիներ շարունակ Լագոդեխիի արգելոցում թափոնների կառավարումն իրականացվել է տարբեր ծրագրերով։ Ոչ պակաս դժվար արահետների վրա տեղակայված կացարաններից աղբը համակարգված կերպով ձիով դուրս բերումը։ Գիորգի Սուլամանաձեի խոսքով՝ պահպանվող տարածքի վարչակազմը պարտավոր է սեզոնային հիմունքներով վարձել «թափոնների կառավարման մասնագետ»՝ թափոններ հեռացնող անձ։
Պահպանվող տարածքներում թափոնների կառավարման ընդհանուր ուղեցույց կա, սակայն այս դեպքում անհրաժեշտ է անհատական ծրագիր կազմել, քանի որ «Բեթլեմի խրճիթը» մասնավոր սեփականատերեր ունի, իսկ շրջակա տարածքը գտնվում է պետական հաշվեկշռում։
Կրկին օտաերկրացիների օգնությամբ
«Բեթլեմի խրճիթի» շրջակայքը մաքրվել է ընդհանուր առմամբ երեք անգամ։ Առաջին անգամ՝ 2004 թվականին, տեղացիները գերմանացի և շվեյցարացի ալպինիստների հետ միասին 2 տոննա աղբ են տեղափոխել։ Երկրորդ անգամ՝ 2014 թվականին, Զբոսաշրջության ազգային վարչության միջոցներով տարածքը մաքրվել է 9 տոննա աղբից։ Երրորդը՝ անցյալ տարվա հոկտեմբերին Պահպանվող տարածքների գործակալությունը ուղղաթիռով հեռացրել է 20 տոննա թափոն՝ այն ժամանակաշրջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդի շնորհիվ: Նա գագաթ է բարձրացել 2019 թվականի հուլիսի 26-ին և պետական գերատեսչություններում ահազանգել այնտեղ տիրող ծանր իրավիճակի մասին։
«Բեթլեմի խրճիթի» ադմինիստրատոր Դավիթ Թուխարելիի խոսքով, դեսպանը կացարանների սեփականատերերից խոստում է ստացել աղբի տեղահանման դիմաց զուգարաններ կառուցելու վերաբերյալ։ Պայմանի չկատարման պատճառը Թուխարելին նշում է կորոնավիրուսային համաճարակը, «որովհետև կացարանն այլևս չունի բավարար այցելուներ և այդքան եկամուտ։ Եթե չլիներ համաճարակի ճգնաժամը, ապա պետք է վերանորոգվեին զուգարանները և տեղադրվեր բիոզուգարաններ»։
Ինչը առաջ հնարավոր էր, հիմա անհնար է
Թուխարելին բազմիցս է խոսել սեփականատերերի հետ կացարանում առկա խնդիրների մասին։ Նրա խոսքով շինությունում ջուր քաշել, նույնիսկ սենյակների կոսմետիկ վերանորոգում անել, ջեռուցումը կազմակերպելը անհնար է, քանի որ վերանորոգման համար նյութեր տեղափոխելը մեծ գումարներ է պահանջում, իսկ ջուրը գալիս է միայն տաք սեզոնին, երբ սառույցը հալվում է։ Ցուրտ ամիսներին խմելու ջուր ստանալու համար վառարանի վրա ձյուն են հալեցնում։ Սակայն նման ենթակառուցվածքներով օդերևութաբանական կայանի կահավորումը դեռ 1940-ական թվականներին անհնար չէր։ Շենքից հեռացված ջեռուցման հին խողովակները և մարտկոցները դեռևս կարելի է գտնել աղբավայրում:
«Բեթլեմի խրճիթի» ադմինիստրացիան անհնար է համարում աղբի սիստեմատիկ հեռացումը։ Պատճառը ուղղաթիռի վարձակալության մեծ գումարն է, որի 1 րոպեն արժե 45 եվրո։ Ուստի Դավիթ Թուխարելին աղբահանության գործում օգնություն է խնդրում պետությունից. «կտեղադրվեն նախազգուշական պաստառներ, որտեղ աղբ թափելու դեպքում կնշվի տուգանքի չափը, թափոնների նկատմամբ հսկողություն և տուգանքներ կիրականացվի պահպանվող տարածքների ներկայացուցիչների կողմից»։ Թուխարելին այլ լուծում է դիտարկում՝ հնարավոր է մի մեծ խցիկ տեղադրել, որտեղ որոշակի գումարի դիմաց այցելուն կթողնի աղբը, ով չի ցանկանա իր աղբը ետ տանել։ Ստացված գումարով կացարանի տնօրինությունը կապահովի խցիկի տարհանումը։
Մինչև համաճարակը, ամեն տարի «Բեթլեմի խրճիթն» բավականին մեծ եկամուտ էր ստանում հազարավոր այցելուներից։
Հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում կացարանի 80 տեղը միշտ զբաղեցված է: Դրան գումարվում է նաև ճամբարը: Ամսական մոտ 150 000 լարի եկամուտ ունենալով, մի քանի տարի առաջ սեփականատերերը փոխել են միայն տանիքը և հին դռներն ու պատուհանները։ Տանիքից արդեն ջուր է հոսում։
Այցելուն պետական սեփականություն հանդիսացող ճամբարի համար վճարում է «Բեթլեմի խրճիթի» տնօրինությանը: Դավիթ Թուխարելիի խոսքով՝ այս գումարը խոհանոցի և էլեկտրաէներգիայի օգտագործման վարձն է։ Բացի այդ, քամոտ օրերին շենքում պատսպարվում են նաև վրաններում գիշերողները։ Իրականում ոչ բոլորը կարող են օգտագործել խոհանոցի տարածքը, քանի որ այն ընդամենը 30 մ2 և միաժամանակ կարող է ընդունել առավելագույնը 12 հյուր:
«Բեթլեմի խրճիթի» սեփականատերերը
ՍՊԸ Բեթլեմի խրճիթն ունի յոթ սեփականատեր: Հիմնադիրներն են Բենո Քաշակաշվիլին, Դաթունա Ռաքվիաշվիլին, Սաբա Կիկնաձեն և Գիորգի Քիրիկաշվիլին։ Ընկերությունը այս չորսի կողմից հիմնադրվել է 1997թվականի նոյեմբերին՝ լեռնային զբոսաշրջության բիզնեսը զարգացնելու նպատակով:
2008 թվականի սեպտեմբերին Ղազբեգիի մունիցիպալիտետի ճանաչման հանձնաժողովը Մղինվարծվերիի վրա օդերևութաբանական կայանի շենքը, որը 1990-ականներից ի վեր չէր գործում, ճանաչեց որպես «Բեթլեմի խրճիթի» սեփականություն: Գիորգի Քիրիկաշվիլին այն ժամանակ մունիցիպալիտետի կառավարիչն էր, ով իրեն վերցրեց ընկերության 10%-ը, իսկ մնացածը վերաբաշխվեց 30-30%-ով։
2010 թվականի մարտին և ապրիլին Իրակլի Ուգուլավան և Զվիադ Բեգլարիշվիլին Կիկնաձեից, Ռաքվիաշվիլիից և Քաշակաշվիլիից գնել են ընդհանուր 25,5-25,5% բաժնետոմսեր։ Բաժնետերերի կազմում այս պահին հայտնվում է մեկ այլ անձ՝ Գելա Օթարաշվիլին՝ 5%-ը գնելով Սաբա Կիկնաձեից։ Այդ ժամանակվանից ընկերության տնօրենն է Զվիադ Բեգլարիշվիլին։
Այսօրվա տվյալներով՝ Դաթունա Ռաքվիաշվիլին պատկանում է «Բեթլեմի խրճիթի» 10%-ը։ Նա եղել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը 2016 թվականի հոկտեմբերից մինչև 2018 թվականը։ Գիորգի Քիրիկաշվիլին պահպանել է իր 10%-ը, Սաբա Կիկնաձեին է պատկանում 15%-ը, նա ակտիվորեն զբաղվում է զբոսաշրջային բիզնեսով։ Caucasus Travel տուրիստական ընկերության հիմնադիրն է։ 2004-2006 թվականներին եղել է Զբոսաշրջության և առողջարանների վարչության նախագահը։
I կատեգորիայի լեռնային գիդ, լեռնագնաց, լեռնային հրահանգիչ և փրկարար Բենեդիկտ Քաշակաշվիլին կառավարում է «Բեթլեմի խրճիթի» 9%-ը: Գելա Օթարաշվիլիին է պատկանում 5%-ը։
25,5% բաժնեմասից օգտվող «Բեթլեմի խրճիթի» տնօրեն Զվիադ Բեգլարիշվիլին նաև հանդիսանում է ՍՊԸ Geoland-ի, ՍՊԸ Joyland Plus-ի, ՍՊԸ Enjoy Plus-ի և ՍՊԸ Geoland Travel-ի տնօրենը:
Ինչպես Բեգլարիշվիլին, այնպես էլ Իրակլի Ուգուլավան «Բեթլեմի խրճիթի» 25,5%-ի սեփականատերն է։ Ուգուլավային է պատկանում Geoland ՍՊԸ-ի և Geoland Travel ՍՊԸ-ի 50%-ի բաժնետոմսերը, իսկ Joyland Plus ՍՊԸ-ի և Injoy Plus ՍՊԸ-ի բաժնետոմսերի 21%-ը:
Հեղինակներ՝ Քեթի Մաղրաձե, Լաշա Օրջոնիկիձե