Անօթևան մնացած ընտանիքին, երկար տանջանքներից հետո, «Ջորջիան Մանգանեզ» ընկերությունը, որպես փոխհատուցում վճարեց 33 հազար լարի։ Այս գումարով Բրեգվաձեները տուն չկարողացան գնել և ապրում են վարձով։
Ճիաթուրայում մանգանի չվերահսկվող արդյունահանման պատճառով բազմաթիվ ընտանիքներ են անօթևան մնացել։ Փորում են ամեն տեղ, որտեղ մանգան կա։ Հանքանյութը վերցնում են, իսկ փորած ահռելի տարածքը թողնում են այդպես ոչնչացած։ Նայելուց Ճիաթուրան ռմբակոծվածի տպավորություն է թողնում։ Քաղաքին հարակից գյուղերում հսկայական տարածքներ վերածվել են փոսերի։ Փոսերից 2-3 մետր հեռավորության վրա այն մարդիկ են ապրում, ովքեր որևէ տեղ չունեն գնալու։
«Այս տունն էլ են վնասել, պատերին ճեղքեր են առաջացել ու քանդվում է։ Ոչ մի կողմից ճանապարհ չունեմ, հազիվ եմ տուն գալիս։ Իրենց ասեցի, որ գոնե 7 մետր պետք է իմ բնակելի տնից հեռու լինի, թե չէ կքանդվի ամբողջը։ Չգիտեմ ուր եմ գտնվում ու ուր եմ ապրում։ Ամռանը նույնիսկ պատուհանը չես կարող բացել, փոշի է ամենուրեք։ Ժողովուրդը հիվանդ են, բազմաթիվ մարդիկ քաղցկեղ ունեն։ Այսպես չի կարելի, մի բանով օգնեք մեզ», - Ռգանին, որտեղ Լիանա Խվեդելիձեն է ապրում Ճիաթուրայի շրջանում ամենատուժած գյուղերից մեկն է։
Հանքերը ուղիղ բակերում են փորել, տները հայտնվել են շրջապատման մեջ։ Ովքեր չեն ուզում իրենց հայրական տունը թողնել, փաստացի պետք է այդ կղզում փորձեն ապրել։ Գույքի արժեքն ընկնում է և ստիպված են տունն ու բակը կոոպերատորներին վաճառել, կամ լքել ու հեռանալ։
Թաբագրեբի գյուղում բոլոր ճանապարհները տանում են դեպի քարհանքեր: Աղքատ բնակչությունը չնչին եկամտի դիմաց «Ջորջիան Մանգանեզին» կամ իրավունք է տալիս փորել տարածքը, կամ ընկերությունը ծանր տեխնիկան այնպես է տանում այնտեղ, որ նույնիսկ բացատրություն էլ չի տալիս մի քանի մետր հեռավորության վրա ապրողներին, որոնց կենսամիջավայրը վատթարանում է։ Ընկերությունն ասում է, որ 16 430 հեկտար տարածքում մանգան արդյունահանելու համար 40 տարվա լիզենցիա ունի:
Թաբագրեբիում 4 տարի առաջ Գուլադի Կենճոշվիլիի տան մոտ հսկայական հողաթմբեր են գոյացել։ Խոստացել էին, որ մանգան հանելուց հետո հողը տանելու են ու տեղանքը բարեկարգելու։ Խոստումը չի կատարվել. «Երբ անձրև է գալիս հետո արև է բարձրանում, սարսափելի ծծմբի հոտ է կանգնում մթնոլորտում։ Դեղնած ջրի հեղեղը գալիս է ու մեր բույսերին վնասում»,- ասում է Գուլադի Կենճոշվիլին։
Ճանապարհներն այնքան են վնասված, որ անգամ արտաճանապարհային մեքենաներն են դժվարությամբ անցնում անձրևային եղանակին, իսկ Ճիաթուրայի շտապ օգնության մեքենան ընդհանրապես չի կարողանում հասնել գյուղ։ «Կանգ է առնում ինչ-որ տեղ՝ տնից հեռու։ Բժիշկները մի քանի անգամ ոտքով են եկել։ Ի՞նչ կարող եմ անել, չկանչե՞մ»,- անհանգստանում է 75-ամյա Գիվի Թաբագարին։
Թաբագրեբին, Մղվիմևին, Ռգանին, Դարկվետին և ևս մի քանի գյուղ դարձել են մի մեծ հանք։ Չորս կողմից փորված են, որոշ տեղեր հիմա են փորում: Բաց քարհանքերից մանգանի երկօքսիդի և այլ ծանր մետաղների օքսիդների փոշին քամու և անձրև միջոցով տարածվում է ամբողջ Ճիաթուրայում, որից հետո այն հայտնվում է մարդկանց, բույսերի, կենդանիների և ձկների օրգանիզմում:
Ղվիրիլա գետը, որն անցնում է Չիաթուրայի միջով և անցնում ամբողջ քաղաքով, սևացել և աղտոտվել է հանքաքարի վերամշակման գործարաններից թափվող կեղտաջրերից։ Ղվիրիլա գետը միանում է Շորապան գյուղի մոտ գտնվող Ձիրուլա գետին, որից հետո աղտոտված ջուրը անցնում է Իմերեթիի տասնյակ գյուղերով և թափվում Վարցիխեի ջրամբար։
2020 թվականի գարնանը իրականացված հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ հողի նմուշները պարունակում են կադմիում, մկնդեղ, կոբալտ, պղինձ, ցինկ, մանգան, երկաթ, նիկել, ալյումին, կալիում (K40) և կապարի (Pb212) իզոտոպներ, որոնք նորմայից մի քանի տասնյակ անգամ ավել են և աղտոտում է գյուղատնտեսական ապրանքները:
Ճիաթուրայի գյուղերում, որտեղ ընկերությունը բաց քարհանքում մանգան չի արդյունահանում, ստորգետնյա հանքեր են փորում և արդյունահանում։ Հանքն անցնում է նաև Օմար Գափրինդաշվիլիի տան տակից։ Առաջին հարկի բոլոր սենյակների հատակներն ընկել են, պատերին ճեղքեր առաջացել։ Որպեսզի երկրորդ հարկը չքանդվի, փայտե հենարաններ են տեղադրել։ Հանքի վրա եղած ամեն ինչ փլուզվում է ու փշրվում։ Արմատախիլ են եղել ու ընկել նաև դարավոր շագանակի ու հաճարենու ծառերը։ Տան քանդման պատճառով ընկերությունը 2018 թվականին Գափրինդաշվիլի ընտանիքին վճարել է 32 հազար լարի։ Այս գումարով բակում երկու սենյակ է կառուցվել այն վայրում, որտեղ վնասվածքներ դեռ չեն եղել։ Նորակառույց տան պատերին ու հատակին արդեն ճեղք է առաջացել։
Դեմուր Նեփարիձեն 70 տարեկան է։ Շուկրութիում, իր տան բակում, մեզ ցույց է տալիս մեջտեղից ճեղքված ընկուզենին։ Այս ընկուզենին տնկել է 30 տարի առաջ։ Այս վայրը այն ժամանակ հարթ էր: Այժմ 6-7 մետր թեքությամբ բլրակ է առաջացել։ Ծառի մի մասը մնացել է բլրակի վրա մյուսը իջել ներքև։ «Ով է ընկույզի համար բողոքում, մեր տուն են քանդում։ Նկուղի պատուհաններն այլևս չեն երևում, առնվազն մեկ մետր գետնի մեջ են: Վերջին երկու տարին է ինչ այս վիճակն է։ Այս տունը հին չէ, 1980 թվականին եմ կառուցել։ «Ջորջիան Մանգանեզի» կապալառու «Շուկրութի +»-ն ուղղակիորեն չի ընդունում, որ գյուղի տակ հանքարդյունաբերությունը Շուկրութիում տների քանդման պատճառ է դառնում, բայց Դեմուր Նեփարիձեին փոխհատուցել է 45 000 լարի։ Այս գումարով ամուսինները հողատարածք են գնել Շուկրութիից հեռու տուն կառուցելու համար, սակայն կարողացել են միայն պարսպապատել։ Շենքը կառուցել չեն կարողացել և մինչև հիմա ապրում են Շուկրութիի կիսավեր տանը։
Շուկրութիում բակերում փոսերի առաջացման մասին «Ջորջիան Մանգանեզ» ղեկավարությունը տեղյակ է, բայց ժողովրդին ոչինչ չի առաջարկել։ Շուքրութիի բնակչությունը նախորդ տարիներին բազմիցս բողոքի ցույցեր է արել և փոխհատուցում պահանջել։ Մի քանի անգամ արգելափակել են նաև հանքի մուտքը։ Ընկերությունը ցուցարարների հետ բանակցելու է գնացել միայն այն բանից հետո, երբ տեղացիները Շուկրութիից Թբիլիսի են ժամանել, հացադուլ հայտարարել Վրաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց և օգնություն խնդրել դեսպանից։
«Ջորջիան Մանգանեզի» մասին
«Ջորջիան Մանգանեզը» Վրաստանի խոշոր հանքարդյունաբերական ընկերությունն է: Իմերեթիում, Ճիաթուրայի և Սաչխերեի մունիցիպալիտետներում ունի 40 տարվա լիցենզիա՝ 16 հազար հեկտար տարածքում հանքարդյունաբերության համար։ Համատեղում է Ճիաթուրայի լեռնահարստացման կոմբինատը, Զեստափոնի ֆերրոհամաձուլման գործարանը, Վարցիխե ՀԷԿ-ը, Զեստափոնի «Ֆերոմեդ» կլինիկան:
Ճիաթուրայի հանքարդյունաբերության և հարստացման կոմբինատը հանքարդյունաբերության և բաց քարհանքի միջոցով արդյունահանում և հարստացնում է տարեկան 1,3 մլն տոննա մանգանի հանքաքար: Ընկերությունն արտադրում է սիլիկոմանգանի, ֆերոմանգանի, ֆերոսիիլիցիումի ֆեռոհամաձուլվածքներ, որոնք արտահանում է Հյուսիսային և Հարավային Ամերիկա և Ռուսաստան: Այն օգտագործվում է ռազմական արտադրության մեջ։ «Ջորջիան Մանգանեզին» բաժին է ընկնում արտահանման 10%-ը, որը տարեկան կազմում է ավելի քան 100 մլն դոլար։
«Ջորջիան Մանգանեզը» 2006 թվականից պատկանում է Georgian Manganese Holding Limited-ին: Այդ ժամանակ ընկերությունը բրիտանական հայտնի հոլդինգի դուստր ձեռնարկությունն էր: Նույն տարվա վերջին Stemkor-ը հոլդինգի 75%-ը վաճառեց ուկրաինական «Պրիվատ գրուպին»։ Այս խումբը Վրաստանում Tao-Privat Bank-ի սեփականատերն էր 2007-2014 թվականներին։ Privat Group-ի հիմնադիրներն են ուկրաինացի միլիարդատերեր Իգոր Կոլոմոյսկին և Գենադի Բոգոլուբովը։
Green Alternative բնապահպանական կազմակերպության հաշվետվության համաձայն՝ 2013 թվականին Privat Group-ը «Ջորջիան Մանգանեզը» վերաձևակերպել է Georgia American Alloys ամերիկյան հոլդինգ ընկերության վրա։
ԱՄՆ-ում գրանցված Georgia American Alloys Inc-ը Վրաստանում գույք ունի Լյուքսեմբուրգի դքսությունում (օֆշոր) համանուն American Alloys Sàrl ընկերության միջոցով։
Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը 2017 թվականի մայիսի 10-ին դիմել է «Ջորջիան Մանգանեզին» հատուկ մենեջերի նշանակման խնդրանքով և դիմել Թբիլիսիի քաղաքային դատարան։ Ավելի վաղ նախարարությունը 416 մլն լարի է գնահատել շրջակա միջավայրին հասցված «Ջորջիան Մանգանեզը» վնասը։ Եկամուտների ծառայության կողմից ընկերությունը տուգանվել է նաև 200 մլն լարիով։
Դատավոր Նինո Բուաչիձեն վեճը քննել է արագացված կարգով։ Միջնորդությունը, ներառյալ ապացույցները, կազմում էր 1195 էջ և իրավաբանորեն բարդ գործերի կատեգորիա էր։ Դատավորը 24 ժամվա ընթացքում քննարկել է վեճը և բավարարել նախարարության խնդրանքը։
3 տարի ժամկետով ընկերության հատուկ կառավարիչ է նշանակվել Նիկոլոզ Չիքովանին, ով պետք է ձեռնարկության աշխատանքի արդյունքում առաջացած բնապահպանական խնդիրները հնարավորինս արագ լուծեր ընկերության միջոցների հաշվին։ Այլևս չպետք է աղտոտվեն հողը, օդը, Ղվիրիլա գետը, փորված տարածքները պետք է վերամշակվեին բաց հանքի շահագործման ժամանակ և այլն։
Նիկոլոզ Չիկովանին 2003-2007 թվականներին ղեկավարել է Զեստափոնի ֆեռոլամուղի գործարանը։ Այս ժամանակահատվածում գործարանի սեփականատերերից մեկը եղել է Գիորգի Կապանաձեն, նույն ինքը՝ «Ռիժան»։ Կապանաձեն Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի քրեական գործով գլխավոր վկան է։ Օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կուսակցության իշխանության գալուց հետո Գիորգի Կապանաձեի ցուցմունքների արդյունքում դատախազությունը ձերբակալել է Թբիլիսիի նախկին քաղաքապետին։
Գիորգի Կապանաձեն «Ջորջիան Մանգանեզի» ազդեցիկ բաժնետեր է և «Վրացական երազանք»-ին մտերիմ գործարարներից: Մեր աղբյուրը՝ Շրջակա միջավայրի պահպանության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյան հաստատում է, որ Նիկոլոզ Չիքովանին «Ջորջիան Մանգանեզի» հատուկ կառավարիչ է նշանակվել «Ռիժայի» պահանջով։
Չիքովանիի կառավարման տարիներին ընկերության նկատմամբ կիրառված տուգանքները զգալիորեն կրճատվել են և ի վերջո ընդհանրապես վերացվել։ Բնապահպանական խնդիրները մնում են չլուծված: Բաց քարհանքի արդյունահանման արդյունքում անտառներ են հատվել, տասնյակ հեկտարների հող է դեգրադացվել, լանդշաֆտը կտրուկ վատթարացել է կամ ավերվել։ Մանգանով լվացվող Ղվիրիլա գետը կրկին սև է և աղտոտված։ Շլամի ամբարներ չեն կառուցվել, աղտոտող հին գործարանները դեռ գործում են։ Ճիաթուրայի գյուղերը դեռ փորվում են։
Չիքովանիի՝ որպես հատուկ ադմինիստրատորի լիազորությունների ժամկետը լրացել է 2020 թվականի մայիսի 9-ին։ Մայիսի 7-ին նա նամակով դիմել է շրջակա միջավայրի նախարարությանը՝ խնդրելով պաշտոնավարումն երկարացնել ևս երեք տարով։ Չիքովանին ներկայացրել է 14 կետից բաղկացած ծրագիր, որը հիմնականում ներառում էր 3 տարի առաջ ձեռնարկված և դեռ չիրականացված աշխատանքները։ Նախարարությունը դիմել է դատարան, պահանջը կրկին բավարարվել է։
«Ջորջիան Մանգանեզը» վերջին 5 տարիների ընթացքում շրջակա միջավայրի նախարարության կողմից չի ստուգվել։
Վրաստանի Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրել առողջ միջավայրում, վայելել բնական միջավայրը և հանրային տարածքը։ Յուրաքանչյուր ոք ունի շրջակա միջավայրի վիճակի մասին ժամանակին լիարժեք տեղեկատվություն ստանալու իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի շրջակա միջավայրի մասին հոգ տանելու իրավունք։ Բնապահպանական հարցերի վերաբերյալ որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքը երաշխավորված է օրենքով։ Չնայած բազմաթիվ խնդիրներին, Վրաստանի Սահմանադրության 29-րդ հոդվածի պաշտպանության պահանջով Ճիաթուրայում ոչ մի ելույթ չի եղել։ «Ջորջիան Մանգանեզում» աշխատում է 3500 մարդ, ընդ որում բնակչության գրեթե 25%-ը աշխատում է բյուջետային կազմակերպություններում։ Ճիաթուրայի 3443 ընտանիքը, որը բնակչության 30,9%-ն է կազմում, պետությունից կենսապահովման նպաստ է ստանում։