«Մեզ անհրաժեշտ է մի փոքր ժամանակ, որ բողոքի մեծամասշտաբ ցույցը, որը տեսնելու է ամբողջ աշխարհը և որը կանցկացվի Ազատության հրապարակում, կիրակի օրը, լինի մասշտաբային, ինչպես երբեք, սակայն այս ցույցը շատ առումներով կտարբերվի նախորդ բոլոր ցույցերից և հանրահավաքներից», - նշեց Նիկա Մելիան։
Նույն օրը երեկոյան հանրահավաքի օրը մեկ օրով տեղափոխվեց՝ նոյեմբերի 6, ենթադրաբար այն պատճառով, որ 2007 թվականի նոյեմբերի 7-ին «Միացյալ ազգային շարժում» կուսակցության իշխանության ժամանակ հարձակում տեղի ունեցավ «Իմեդի» հեռուստաընկերության վրա, հեռարձակումն անջատվեց, բողոքի ցույցը բռնի ուժով ցրվեց և երկրում հայտարարվեց արտակարգ դրություն։ Այս ամսաթիվը դեռևս բացասական տրամադրություններ է առաջացնում Վրաստանի բնակչության մասում։
Ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլի հետ կապված, Մելիան հայտարարեց, որ «մասսայական բռնության» ֆոնին անցկացված ընտրությունները «մասսայական կեղծվել են»։
«Ոչ ոք պատրանք չպետք է ունենա, որ կեղծված, բռնության ճանապարհով գողացված ընտրությունները մնալու է որևէ իշխանության, առավել ևս, Բիձինա Իվանիշվիլիի իշխանությանը։ Պայքարը չի ավարտվել, պայքարը սկսվում է»,- նշեց նա։
Նիկա Մելիան Թբիլիսիի քաղաքապետության համար պայքարում էր իշխող կուսակցության թեկնածու, գործող քաղաքապետ, «Միլան» ֆուտբոլային ակումբի նախկին անդամ՝ Կախա Կալաձեի հետ։ Հոկտեմբերի 2-ին, ընտրությունների առաջին փուլում, Կալաձեն ստացավ ձայների 45 տոկոսը և չկարողացավ հաղթահարել շեմը։ Երկրորդ փուլում նա ստացավ 55% աջակցություն և դարձավ Թբիլիսիի քաղաքապետ երկրորդ ժամկետով՝ ևս 4 տարով։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ 20 ինքնակառավարվող քաղաքներից ու մունիցիպալիտետներից ընդդիմությունը հաղթել է միայն Ծալենջիխայում։ Խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Զուգդիդին, Քութաիսին, Բաթումին, ընդդիմության թեկնածուները 2-3%-ով զիջեցին իշխող կուսակցության թեկնածուներին, որոնց օգտին իշխող կուսակցությունն ընտրություններից առաջ առավելագույնը օգտագործեց իր վարչական ռեսուրսը։
Երկրորդ փուլին նախորդեցին նախկին ընդդիմադիր գործիչների ձերբակալությունը, ինչպես նաև վարչապետի հրապարակային հայտարարությունը, որ այն մունիցիպալիտետներում, որտեղ իրենց թեկնածուն քաղաքապետ չի ընտրվի, կենտրոնական իշխանությունը ավելի քիչ մոտիվացված կլինի այնտեղ ծրագրեր իրականացնելու համար, ինչը ընդդիմության կողմից գնահատվեց, որպես ընտրողների հասցեին հնչեցված սպառնալիք և շանտաժ։
Ընդդիմությունը բողոքում է նաև երկրորդ փուլի արդյունքներն ամփոփելիս հազարավոր քվեաթերթիկների չեղարկումից։ Մի քանի խոշոր քաղաքներում անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը գերազանցում է ընտրություններին մասնակցող թեկնածուների ստացած ձայների տարբերությունը։ Օրինակ՝ Բաթումիի ընտրատարածքում չեղարկվել է 2071 քվեաթերթիկ, թեկնածուների տարբերությունը 1 526 ձայն է՝ իշխող կուսակցության օգտին։ Քութաիսիում չեղարկվել է 2396 քվեաթերթիկ, մինչդեռ «Վրացական երազանքի» թեկնածուն ընդամենը 2222 ձայնով է առաջ անցել ընդդիմության թեկնածուից։ Չխորոծղուի ընտրատարածքում 408 քվեաթերթիկ է անվավեր ճանաչվել, իշխող կուսակցության թեկնածուն այստեղ հաղթել է 218 ձայնով։ Հոկտեմբերի 30-ի ընտրությունների ժամանակ լրատվամիջոցների ներկայացուցիչները ստիպված էին ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի ներքո աշխատել։
Սա առաջին ընտրություններն են «Վրացական երազանքի» իշխանության 9 տարիների ընթացքում, երբ Բիձինա Իվանիշվիլիի կողմից ղեկավարվող իշխող կուսակցությունը քաղաքացիներից նման ցածր աջակցություն է ստացել։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (OSCE/ODIHR) դիտորդական առաքելությունը ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ հայտարարել է, որ պետության և կուսակցության միջև սահմանը անորոշ է եղել։ «Վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցան որոշ միջադեպեր` այդ թվում կուսակցության գրասենյակից դուրս տեղի ունեցած ընդհարումներ և ընդդիմության հետ կապված նախկին ոստիկանների ձերբակալություններ։ Թեկնածուները կարողացան ազատ քարոզարշավ իրականացնել, թեև ընտրությունների երկու փուլերի միջև շարունակեցին պահպանվել ճնշումների և ահաբեկումների մասին մեղադրանքները, ինչպես նաև իշխանությունում լինելու անհամապատասխան առավելությունը։ Մունիցիպալ ընտրությունների երկրորդ փուլն ընդհանուր առմամբ լավ էր կազմակերպված, սակայն շարունակվող բևեռացումը և բացասական հռետորաբանության սրումը բացասաբար ազդեցին գործընթացի վրա»: