Երիտասարդների ակտիվությունը բարձրացնելու համար այս եռյակը Ջավախեթիի գյուղերից ևս մի քանի ընկերոջ՝ Կարոյի, Անիի, Կատիայի և Տիգրանի հետ միասին համայնքային կազմակերպություն հիմնեց: Գրասենյակ չունեն, Ախալքալաքի այգում՝ բաց երկնքի տակ են հավաքվում և քննարկում այն խնդիրները, որոնց լուծման համար պատրաստվում են պայքարել:
«Գլխավոր երեք խնդիրը, որոնց շուրջ առաջին հերթին կսկսենք աշխատել՝ Ջավախեթիի հայազգի բնակչության պետական՝ վրաց լեզվի չիմացությունն է, ինչի պատճառով մարդիկ տեղյակ չեն երկրում ընթացող իրադարձություններից: Եվ երրորդ՝ չեն կարողանում վերականգնել Վրաստանի քաղաքացիությունը»,- ասում է 23 տարեկան Ստեփան Էվաջյանը, ում Ջավախեթիի համայնաքային կազմակերպության հիմնադիրները ընտրել են, որպես ղեկավար:
Ստեփանը սեփական փորձից ելնելով ծանոթ է այն դժվարություններին, որոնք բխում են պետական լեզվի չիմացությունից: Այդ պատճառով նա և Հարութը որոշեցին հայազգի ուսանողների համար մեկնարկել կամավորական ծրագիր, որի նպատակն էր աջակցել հայազգի ուսանողներին հաղթահարել դժվարությունները որոնց ուսանողները հանդիպում են վրաց լեզվի չիմացության պատճառով:
«Եթե ուզում ես այս երկրի լիարժեք քաղաքացի լինել, առաջին հերթին պետք է սովորես պետական լեզուն»:
Հարութ Մալխասյանի խոսքով, վրաց լեզվի չիմացության պատճառով Վրաստանի հայազգի քաղաքացիները չեն կարողանում մասնակցել պետական և այլ ծրագրերի: «Սա ավելի ակնհայտ երևաց համաճարակի ժամանակ, երբ եղավ օգնություն պետության կողմից՝ բանկային արտոնություններ և այլն: Դժվար էր կենտրոնից մինչև գյուղ հասցնել այս տեղեկությունը»: Նրա խոսքով այս ծրագրերի և հնարավորությունների մասին բնակիչներին հասանելի լեզվով ծանոթացնելու համար պետական գերատեսչություններից ոչ ոք չի գնում:
Ամենամեծ և մինչև այսօր չլուծված խնդիրը, որի պատճառներից մեկը տեղեկատվության պակասն էր, առաջացավ 2013 թվականին: Վրաստանաբնակ հայերին այն ժամանակ նույնպես ոչ ոք չպարզաբանեց սահմանադրությունում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն այլ երկրի քաղաքացիություն ունեցող անձը մեխանիկորեն զրկվում էր Վրաստանի քաղաքացիությունից:
Նախքան սահմանադրական փոփոխությունները վրաստանաբնակ հայերի մի մասը երկքաղաքացիությունից էր օգտվում, որը նրանց հնարավորություն էր տալիս ավելի հեշտ մեկնել արտագնա աշխատանքների:
Սահմանադրական փոփոխությունների արդյունքում, այն որ նրանք այլևս Վրաստանի քաղաքացիներ չէին, 2 500-ից ավել հայ, անցակետերում փաստաթղթերը ստուգելիս իմացավ: 2017 թվականից երկքաղաքացիությունը կրկին հնարավոր դարձավ, սակայն օրենքը քաղաքացիություն ստանալ ցանկացողներին պարտադրում է վրաց լեզվի և Վրաստանի պատմության իմացություն: Նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Սալոմե Զուրաբիշվիլին քաղաքացիության հետ կապված խնդիրների լուծման պայմանով, 1600 անձի փաստաթուղթ ընդունեց, սակայն անարդյունք:
Այժմ Ջավախեթիում ապրող հայերի մի մասը, օտար երկրի քաղաքացիների նման, չեն կարողանում օգտվել ոչ առողջապահության անվճար, կամ արտոնյալ ծառայություններից, ոչ արդարադատության տան բոլոր ծառայություններից, ոչ էլ Էկոնոմիկայի նախարարության դրամաշնորհային, կամ բիզնես ծրագրերից:
«Երբ այս երկրի քաղաքացի չես, ավելի դժվար է զգալ քեզ Վրաստանի մի մասը: Հենց լեզվի չիմացությամբ, տեղեկատվության պակասով է պայմանավորված այն պասիվությունն ու անշարժությունը, ինչն ունենք Ջավախեթիում: Թե չէ մեր ժողովուրդը չպետք է ունենա ինտեգրացիայի խնդիր: Երեկ, կամ առաջի օրը եկած ժողովուրդ չենք» - ասում է Ստեփանը:
Հայերով բնակեցված Ջավախեթիում խնդրահարույց է նաև կրթության հարցը՝ դպրոցներում չկա երեխաների զարգացման համար պարտադիր սպորտային կամ մշակույթային ստուդիաներ: Նինոծմինդայում և Ախալքալաքում գործում են մշակույթային կենտրոններ իրենց տարբեր խմբակներով, սակայն գյուղերում ապրող երեխաների համար դրանք անհասանելի են:
Երիտասարդները դպրոցը ավարտելու պես կամ զբաղվում են գյուղատնտեսությամբ, կամ մեկնում Ռուսաստան աշխատելու: Ջավախեթիի գրեթե ամեն երկրորդ ընտանիքը կախված է Ռուսաստանից ստացված եկամտից: Բարձրագույն կրթություն ստանալու մասին շատերը չեն էլ մտածում: Հարութը սա մոտիվացիայի պակասով է բացատրում․
«Ինչ որ մեկը գնաց 6-7 տարի սովորեց, վերադարձավ գյուղ, չգտավ աշխատանք և նորից բռնեց Ռուսաստանի ճանապարհը: Նրան տեսնողն էլ, կմտածի որ իմաստ չունի սովորել, միևնույն է աշխատանք չի գտնի և այդ պատճառով դպրոցից հետո միանգամից կմեկնի Ռուսաստան, հեռանկար չկա»:
Բարձրագույն կրթությունն ամենաանհասանելին աղջիկների համար է: Համայնքային կազմակերպության անդամ Լամարա Մալխասյանը ծագումով Գումբուրդոյից է: Այս գյուղում 1900-ից ավել մարդ է ապրում: Լամարան հաճախ է գնում Գումբուրդո բարեկմներին տեսնելու և նրանցից գիտի, որ գյուղից միայն մեկ աղջիկ է Թբիլիսիի ԲՈՒՀ-ում սովորում:
Համայնքային կազմակերպության անդամները ցանկանում են, հատկապես հասակակիցներին վստահեցնել նրանում, որ Ջավախեթիում ապրել ու զարգանալ հնարավոր է նաև առանց ռուսական փողի: Դրա համար կփորձեն շրջանում պետության և միջազգային կազմակերպությունների ուշադրությունը գրավել՝ զարգացնել ագրո և էկոտուրիզմը:
Ջավախեթիի համայնքային կազմակերպությունը հիմնադրվել է Քաղաքացիական ակտիվությունների կենտրոնի աջակցությամբ: Քաղաքացիական ակտիվությունների կենտրոնը Վրաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացնում է բարձր լեռնային շրջաններում երիտասարդների աջակցության ծրագրեր, որի նպատակն է բարձր լեռնային բնակավայրերի բնակիչների խնդիրների լուծման նպաստում։