Ջավախեթիի բարձրավանդակում, ծովի մակարդակից 2000մ բարձրության վրա գտնվող գյուղին ձյունը ձմռանը Բակուրիանիի կողմից կտրում է արտաքին աշխարհից։ Դեկտեմբեր-մարտ ամիսներին Տաբածղուրի հասնելը, իսկ ավելի հաճախ շտապ կարիքների համար այնտեղից դուրս գալը հնարավոր է միայն երկրորդ ճանապարհով՝ Ախալքալաքի ուղղությամբ։ Երբեմն դա նույնպես անհնար է:
Երբ տաբածղուրցիներին բժիշկ է անհրաժեշտ, մինչև հազար մարդու միակ հույսը 64-ամյա բուժքույր Սուսաննա Հակոբյանն է։ Տաբածղուրին պաշտոնապես ունի նաև ընտանեկան բժիշկ, բայց վերջինս այնտեղ չի ապրում և տարին երկու-երեք անգամ է այցելում գյուղ։ Տաբածղուրիի ամբուլատորիայի հին շենքը նույնպես պիտանի չէր, այն վերջերս վերանորոգվել է, սակայն Սուսաննան համագյուղացիների մասին հոգ է տանում դատարկ ձեռքերով և իր սեփական տանը։ Առաջին օգնության համար անհրաժեշտ դեղամիջոցները ինքն է գնում՝ սեփական միջոցներով։
Սուսաննան ավելի քան 40 տարի է, ինչ օգնում է Տաբածղուրիում և հարակից գյուղերում ապրող հղիներին։ Նա ամառվա ընթացքում օգնում է նաև լեռներում գտնվող հովիվների կանանց։ Ոչ մեկին նա չի մերժել։
«Տաբածղուրիից մինչև Բորջոմի տևում է 2 ժամ, մինչև Ախալքալաք՝ մեկ ժամ կամ մի քիչ ավել։ Ցավերով որ գալիս են, հո չեմ կարող ասել, որ դա ինձ չի վերաբերում, չեմ կարող օգնել։
Շտապ օգնություն էլ ենք կանչել, սակայն մինչև գալը զանգում են ինձ ու հարցնում, թե, ով է հիվանդը, ինչպես է, անհրաժեշտ է իրենց գալը, թե ոչ։ Արդեն սովոր ենք դրան։ 800-ից ավելի կնոջ եմ օգնել ծննդաբերության ժամանակ,» - չորս տասնամյակ նա ոչ մի բարդություն չի ունեցել։ Ամենաշատը դժվարացել է անցած տարվա աշնանը, երբ Վրաստանում մարդկանց մեծ մասը վարակվեց կորոնավիրուսով. «Երկու անգամ է ընտանեկան բժիշկը եկել։ Հագել է իր հատուկ համազգեստը։ Երբ միասին մտանք սենյակ, հեռվից նայեց ու ասաց, որ պացիենտը հաստատ քովիդով է հիավնդացել և մոտիկ չի գալու, ոչ ճնշումը չափեց, ոչ էլ տաքությունը, հետո նստեց իր մեքենան ու գնաց։ Դժվար էր, հիվանդները շատ ծանր էին, ունեին 39, 40 ջերմություն։ Ի՞նչ պետք է անեի։ Ես ինքս էի ամեն ինչ անում, սկսած կաթիլային ներարկումներ միացնելուց։ Ովքեր կարող էին քայլել գալիս էին իմ տուն և այնտեղ էի միացնում ներարկումները, պատերին ամեն տեղ մեխեր ունեի մեխած, որոշ դեպքերում 3-4 մարդ իրար հետ էին գալիս ներարկումների։
Գյուղը շրջապատված է Քցիա-Տաբածղուրի արգելոցով։ Կապույտ լիճը, շրջապատող բնությունը, ընդարձակ տարածություններն ու լեռները հիանալի տեսարան են ստեղծում: Լիճը սառցակալվում է դեկտեմբերից մինչև մարտ։ Ջրի ծավալով Տաբածղուրին Վրաստանի ամենամեծ և ամենախոր լիճն է։
Այս գեղեցկության հետևում, աղքատ տներում ապրում է մինչև 400 ընտանիք։ Բնակչության 99%-ը էթնիկ հայեր են։ Նրանցից շատերը լավ խոսում են վրացերեն։ Տեղացիներն ունեն եկամտի մի քանի աղբյուր՝ ձկնորսություն, անասնաբուծություն և կաթնամթերքի արտադրություն։ Շատ ընտանիքների մեկ կամ մի քանի անդամ մեկնել են Ռուսաստան արտագնա աշխատանքի և այնտեղից են գումար ուղարկում։ Միայն համաճարակի ժամանակ գյուղից 105 երիտասարդ է գնացել։
Տաբածղուրիի լիճը հարուստ էր ձկներով, սակայն վերջին տարիներին ձկնորսները բողոքում էին ձկների պակասից՝ պատճառաբանելով լճի նոր ղեկավարի կողմից ջրում խեցգետիններ լցնելը։ Տաբածղուրիի լճում ձկնորսության 20 տարվա լիցենզիան Վրաստանի Էկոնոմիկայի նախարարությունը աճուրդով վաճառել է 2010 թվականի սեպտեմբերի 3-ին։ Դրանում մասնակցել է միայն մեկ ընկերություն՝ «Տբեբի» ՍՊԸ-ն, որը գրանցված է 2010 թվականի օգոստոսի 30-ին՝ աճուրդից 4 օր առաջ։ Ընկերության 90%-ը պատկանում էր Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, շրջակա միջավայրի նախկին նախարար Վարդան Այվազյանին։ Այվազյանը ծագումով Տաբածղուրիից է։ Երբ ձկնորսներին արգելել են ձուկ որսալ լճում, այն ժամանակ նոր են նրանք իմացել աճուրդի մասին։ 2017 թվականի մայիսին «Տբեբի» ՍՊԸ-ի տնօրեն է նշանակվել Նաթելա Գոգոլաձեն, ով 2008 թվականից մինչև 2014 թվականը ներառյալ աշխատում էր Բորջոմիի մունիցիպալիտետի սակրեբուլոյում, որպես փոխնախագահ։ Ի վերջո, ներդրողը չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները, լիցենզիան դեռ ուժի մեջ է, սակայն տաբածղուրցիներին այլևս չեն խոչընդոտում լճում ձկնորսությամբ զբաղվելու հարցում։
Ձուկ վաճառելու հարցում դժվարություններ չունեն, կաթնամթերքի և բանջարեղենի նման հեշտությամբ կարողանում են վաճառել։ Գյուղում զբոսաշրջային ենթակառուցվածքները զարգացած չէ, սակայն վերջին տարիներին Տաբածղուրի ամառվա ընթացքում այցելում են բազմաթիվ վրացի և արտասահմանցի այցելուներ։ Կորոնավիրուսի համաճարակից հետո գյուղում ապրող միակ ու ամենափոքր զբոսավարը այցելու չի ունեցել։
Իրինա Մարտիրոսյանը 14 տարեկան է. Տիրապետում է հինգ լեզվի՝ վրացերեն, հայերեն, ռուսերեն, անգլերեն և արաբերեն։ Հայերենը սովորել է ընտանիքում, վրացերենն ու անգլերենը՝ դպրոցում, ռուսերենը՝ Մոսկվա այցելելու ժամանակ, իսկ արաբերենը՝ հեռուստահաղորդումներից։
Զբոսաշրջիկների ծառայություններից ստացած գումարով նա վճարում է ինտերնետի համար և խորացնում օտար լեզուների իմացությունը։ Փոքր խնայողություններով օգնում է իր ծանր հիվանդ մորը՝ անհրաժեշտ դեղամիջոցներ գնելու հարցում։ Իրինան մեկ տարուց ավելի եկամուտ չունի։
Նյութը պատրաստվել է 2021 թվականի հուլիսին։
Հեղինակ՝ Լաշա Օրջոնիկիձե