«30-ից ավելի տուն կար։ Մարդիկ ապրում էին, դպրոց էլ ունեինք։ Երբ այս ամենը կար, ապրել հնարավոր էր, հիմա՝ ոչ։ Դժվար է միայնակ ապրելը։ Ձմեռը երկար է տևում, մինչև 3 մետր ձյուն է գալիս: Միայն ոտքով կարելի է տեղաշարժվել ձյան վրայից, հետո՝ լճի վրայով։ Ջուրն ամբողջովին սառչում է։ -40, -42 աստիճան սառնամանիք է։ Լիճն անցնելը վտանգավոր է, երբեմն սառույցը կոտրվում է։ Մենք հիշում ենք բազմաթիվ դժբախտ պատահարներ։ Այստեղ այլ հետաքրքիր բան չկա։ Մեզ վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում»;
Գյուղի գրեթե կեսն արդեն գնել է սրբազանը։ Ուզում է առողջարան, ռեստորաններ և հյուրանոցներ ստեղծել։
Ամռանը 5 ամիս լավ եղանակ է, առողջարանը կաշխատի, մարդիկ կգան կհանգստանան։ Աբուլի լեռն է, հիմա մառախուղ է չի երևում, ասում են սարից մինչև մայրուղի ճոպանուղի պետք է աշխատեցնի։ 3-4 հազար լարի են վճարում տան համար։ Ես դեռ չեմ վաճառում։ Որ վաճառեմ ու՞ր եմ գնալու, այս գումարով ոչ մի տեղ ոչինչ չեմ կարող գնել», - այն բանի համար, որ 54 ամյա Հայրապետ Իսպիրյանը տան համար եպիսկոպոսի առաջարկած գումարից շատ է պահանջում, Նիկոլոզ Փաչուաշվիլին մեղադրում է լրատվամիջոցներին.
«Ես այնտեղ տուն եմ գնել 2000 լարիով, և այս մարդը 25 հազար դոլար է պահանջում, գրեթե նույն տան համար, որի նմանները ես գնել եմ շատ ավելի էժան։ Որովհետև այս մարդն արդեն գիտի, ի դեպ, լրատվամիջոցները մեծ դեր ունեն դրանում, որ սա, ինչ որ կարևոր տուն է»։
Նիկոլոզ Փաչուաշվիլին Ախալքալաքի և Կումուրդոյի թեմը ղեկավարում է 2002 թվականի հոկտեմբերի 17-ից։ Այս ժամանակահատվածում, 2002 թվականի մարդահամարի տվյալներով, Ասփարայում բնակվել է 107 մարդ։ Մինչև 2013 թվականը գյուղը դատարկվել է։ Այդ ժամանակվանից եպիսկոպոսը սկսել է տներ և հողեր գնել այստեղ: Անշարժ գույքի գնման շուրջ բանակցությունները վարում է ինքը՝ եպիսկոպոսը, որից հետո դեկանոզ Ալեքսանդր Քասրաշվիլին, միանձնուհի Լելա Ճինճարաուլին և եպիսկոպոսի մերձավոր անձ՝ Նատալյա Սվիմոնիշվիլին գնում են տներն ու հողակտորները։ Ըստ անշարժ գույքի ռեգիստրում առկա փաստաթղթերի՝ որոշ ժամանակ անց բոլոր երեք անձինք էլ գույքը գործարքի հիման վրա փոխանցում են ԱԱՁ Ախալքալաքի և Կումուրդոյի թեմի ուսումնական կենտրոնին, սակայն որոշ դեպքերում թեմի ուսումնական կենտրոնից ստացված գումարը տան համար վճարված արժեքին գերազանցում է երկու անգամ: Օրինակ՝ Լելա Ճինճարաուլին 2013-2019 թվականներին Ասփարայում գնել է 11 հողատարածք, որոնց համար, ըստ գնման պայմանագրերի, վճարել է 33 հազար լարի, իսկ թեմից այս հողերի համար ստացել է 63 հազար լարի։ Կասկածելի սխեմայի մասին նյութը առաջին անգամ հրապարակել է «Հարավային դարպասը»։
Ախալքալաքի և Կումուրդոյի թեմի ուսումնական կենտրոնը, որի տնօրենն է Պաատա Փաչուաշվիլին (եպիսկոպոսի քաղաքացիական անունը), Ասփարայում ավելի քան 20 գյուղատնտեսական հողատարածքի սեփականատեր է՝ ընդհանուր 112 242 մ²։
«Մեկ այցելությամբ տուն հո չե՞ս կարող գնել։ Պետք է գաս, բանակցես, հետո նորից գաս, չէ՞։ Դրան միջոցներ են պետք։ Եթե մեզ վաճառում են 1000, 2000 լարիով, ապա այս գործընթացը ավարտին հասցնելու համար ևս այդքան է անհրաժեշտ։ Մեկ անձի և մեկ գործողության մասին չէ խոսքը, այլ այս տները այնպես գնելու մասին, որ գյուղացիների մոտ կասկածներ չառաջանա, որոնք այնտեղ չեն էլ ապրում, ոմանք ապրում են Երևանում»,- այսպես է պարզաբանում եպիսկոպոսը միջնորդների օգտագործման պրակտիկան։
Փարվանա լճի արևմտյան ափին՝ ծովի մակարդակից 2080 մետր բարձրության վրա գտնվող Ասփարայում, որտեղ պահպանվել են 11-րդ դարի քրիստոնեական եկեղեցու պատերը և գյուղի մոտ՝ Քյորօղլի ամրոցի ավերակները, որոնք թվագրվում են մ.թ.ա. 3000 թվականով, եպիսկոպոսը մտադիր է օազիս կառուցել։ Նիկոլոզ Փաչուաշվիլին այդ մասին առաջին անգամ խոսել է «Հարավային դարպաս» առցանց հրատարակության հետ մեկ տարի առաջ։
«Առաջին հերթին ես այստեղ տներ եմ կառուցելու։ Գյուղը պարսպապատվելու է։ Ջեռուցման համար կօգտագործվի քամու և արևի էներգիան։ Բնական տնտեսություն կլինի։ Տեսախցիկներ կտեղադրվեն ամենուր, և տանտերը կկարողանա կառավարել իր տունը: Բոլորը կկարողանան ապրել այստեղ, սակայն, իհարկե, տներն այստեղ էժան չեն լինի»,- նշում է եպիսկոպոսը։
Եպիսկոպոսը փորձել է տուն գնել նաև Ասփարայում ապրող միակ տղամարդու եղբորից։ Սեյրան Իսպիրիանը հիշում է, որ դեկանոզ Ալեքսանդրե Քասրաշվիլին եպիսկոպոսի հետ միասին հանդիպել է իր հետ և առաջարկել 15 հազար լարի. «Ես չհամաձայնվեցի։ Եղբայրս Ասփարայում է ապրում, եթե տունը վաճառեմ, կարող են նրան էլ գյուղից վտարել։ Դրա համար էլ չեմ վաճառում»։
Սրբազանը չի թաքցնում, որ ցանկանում է գնել ամբողջ գյուղը։
«Ես ոչ թե տներ եմ ուզում գնել, այլ ամբողջ գյուղը։ Ես այստեղ հայրենիք եմ գնում և դիմում եմ բոլորին, որ օգնեն մեզ գնել հայրենիքը, որպեսզի չլինի այն, ինչ այսօր կատարվում է Դավիթ Գարեջիում։
Սա մի շրջան է, որտեղ երևի 400 տարի է վրաց պետությունը հետևողական քայլեր չի ձեռնարկում։ Սա մի շրջան է, որտեղ ոչ մի վրացի չի ապրում։ Ես հեռու եմ ինչ-որ ազգայնականությունից։ Առաջին անգամ, երբ գնացի այնտեղ և տեղի ղեկավարին ասացի, որ ուզում եմ տուն գնել, նա ինձ ասաց՝ քանի ողջ եմ, այստեղ տուն չես գնի, հարցրի ինչու՞, ինձ պատասխանեց՝ որովհետև սա իմ հայրենիքն է։ Անցավ երկու տարի, և նա ինձ զանգահարեց, որ իր տունը գնեմ։ Հարցրի ինչու ես վաճառում, ասաց, որ հայրը հիվանդացել է և հայրենիքը վաճառում է և քանի որ դա իմ հայրենիքն էլ է ուզում էր որ ես գնեմ, այլապես նա մտածում էր որ այլ գյուղերից պետք է գնեին և այդ գյուղը դարձնեին արոտավայր։ Ես ասացի, որ կգնեմ միայն մեկ պայմանով, որ ինձ օգնես որ բոլոր տները գնեմ»,- ասել է Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպոլիտը TV Pirveli-ի եթերում։
Սրբազանը համոզված է, որ երբ ամբողջ գյուղը գնի, այնտեղ պետության սեփականությունում առկա արոտավայրերն էլ կանցնեն թեմին։