Ամբրո Ասպանիձեի, Նուգզար և Դուրմիշխան Ասպանիձեի և Մերի Գուրգենիձեի տարբեր օդաները, Իրադի Դիասամիձեի բակը, Գելա Լոնդարիձեի գոմը 2012 թվականի մարտի 20-ից ճանաչվել են որպես մշակութային ժառանգության հուշարձաններ: Դրանցից ամենամեծն ու նշանավորը Ամբրո Ասպանիձեի սրահի տիպի օդան է։
Սրահի տիպի տանը բոլոր բնակելի և գյուղատնտեսական պահեստները՝ նախասրահը, գոմը, մառանը և այլն, գտնվում էին մեկ հարկի տակ։ Սրահի տիպի տան հիմնական առանձնահատկությունը թագանման տանիքն է: Թագը փայտե բազմաշերտ գմբեթն է, որի մեջ մեխ չի օգտագործվում։ Տեղացիները երբեմն դրան անվանում են «Ծիծեռնակ բույն»։ Մեսխեթական տները կառուցված են սյուների վրա, առաստաղում պարփակում է բրգաձև կառույց և վերջանում երդիկով։ Երդիկից դուրս էր գալիս օդայի մեջտեղում վառված կրակի ծուխը, ինչպես նաև ներթափանցում էր արևի լույսը։ Իր կառուցվածքային առանձնահատկությունների շնորհիվ երդիկով և թագանման շենքը լավ է դիմակայել երկրաշարժերին։
Համալիրի տանիքը ծածկված է փայտով, իսկ վերևից ծածկված է 40-50 սմ հողով։ Շենքի կեսը գետնի մեջ է, կեսը գետնից բարձր։ Հողը տանը պաշտպանում էր ամռանը բարձր ջերմաստիճանից, իսկ ձմռանը՝ ցրտից։ Կիսաթաղված տները թշնամու ներխուժման ժամանակ ունեցել են նաև պաշտպանական գործառույթ՝ մեսխեթցիները ծածկում էին երդիկը և կողպում փայտե դուռը։
Սարոյում կա մի քանի տասնյակ մեսխեթական տներ: Շատերը ավերված են կամ քանդվում են: Տեղացիները նոր տներ են կառուցել սրահների կողքին գտնվող բակերում ու ապրում են այնտեղ։ Ում մոտ պահպանվել են մեսխեթական տները, նրանցից շատերը, չնայած մշակութային ժառանգության կարգավիճակի՝ օգտագործվում է որպես անասունների կացարան։
Երեք ընտանիք կա, որոնք համառորեն չեն լքում մեսխեթական հին տները։ Դուրմիշխան Ասպանիձեն 82 տարեկան է, այստեղ է ծնվել և մեծացել: Նրա երեխաները նույնպես նոր տուն են կառուցել, սակայն տարեց ամուսինները չեն պատրաստվում հեռանալ երկդարյա սրահից։ Նրանք պահել են ամեն ինչ իր սկզբնական տեսքով։
89-ամյա Պետո Պապը նույնպես մեսխեթական օդան փրկելու համար պայքարել է մինչև վերջ, մինչև 2 տարի առաջ առաստաղից չի ընկել և կողը չի կոտրել։ Սրահում այլևս այցելուներ չի ընդունում՝ առաստաղի մի մասը փլվել է, փայտե սյուներ է տեղադրել, որով փորձում է դադարեցնել քանդումը: Մեզ համար բացառություն արեց։ Քարից կառուցված լայն ու երկար միջանցքով մտնում ենք մեծ սրահ։ «Այլևս չեմ գնում այն կողմ, հնարավոր է առաստաղից հող թափվի։ Արի այստեղ, այս անկյունն ավելի ամուր է, մի բան չլինի։ Ասպինձայի քաղաքապետն էր եկել։ Ասացի, որ զբոսաշրջիկները որ գալիս են՝ վախենում եմ, մի վնաս չգա, ասացի օգնեք վերակառուցել։ Ինձ պատասխանեց, որ փոխանցենք իրենց ու իրենք կվերակառուցեն։ Սա պապենական է, չորս սերնդի հողաշեն սրահ։ Ձողերը դրել եմ, որպեսզի առաստաղն ամբողջովին չփլվի», - ծերունին ցույց է տալիս մեզ սրահի դարակների հին իրերը, յուրաքանչյուր ցուցանմուշին կցված է իր համարը:
10 տարուց ավելի է, ինչ նրա սրահը քանդվում է, պահեստի տանիքն ամբողջությամբ փլուզվել է։ «Բոլորը, ովքեր տեսնում են, ասում են, որ կօգնեն, բայց հետո ոչ ոք չի գալիս սա վերականգնելու։ Սիրտս ցավում է, որ մենք չենք կարող հոգ տանել նախնիների շառանգության մասին։ Գմբեթն այնպես է տեղադրվել, որ եթե վնասված չէ, եթե պատերն ամբողջությամբ հանվեն, միևնույնն է չի փլվի։ Ցավալի է, որ այդքան տանջանքը ջուրն է լցվում»:
Վրացական ավանդական բնակավայրերի հետազոտող Նանա Մեփարիշվիլին 2008 թվականից հետևում է Սարոյի սրահներին: 2015 թվականին նա պետության պատվերով հուշարձանի վերականգնման նախագիծ է պատրաստել։
«Այս 13 տարիների ընթացքում տարբերությունը շատ մեծ էր։ Անձրևի և ձյան ժամանակ տանիքից գետնին ջուր է կաթում, ինչի հետևանքով փայտը փտում է: Ամբողջ սրահի վնասը սկսվում է առաստաղից։ 2015 թվականին որոշվել է քայլեր ձեռնարկել այս սրահը փրկելու համար՝ վերականգնում, հարմարեցում, նոր գործառույթի ներդրում և հնի պահպանում։ Մենք նախագիծը փոխանցեցինք մունիցիպալ զարգացման հիմնադրամին:
Երբ այս շրջանում եմ, ամեն տարի չեմ կարող Սարոյի կողքով անցնել առանց սրահներին նայելու։ Ինչպես լուսանկարներով, այնպես էլ սեփական աչքերով տեսնում եմ այն ցավալի իրականությունը, որ հուշարձանն ամեն տարի վնասվում է և գտնվում է շատ վատ վիճակում»։
2017 թվականին՝ ՏԻՄ ընտրություններից առաջ, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարեց, որ Սարոյում սրահի տիպի տների վերականգնման համար հատկացվել է 2 մլն 300 հազար լարի։ Գործակալության պաշտոնական կայքում դեռ տեղեկություններ կան այն մասին, որ ծրագրի շրջանակներում Սարոյում պետք է վերականգնվեն սրահի տիպի տները, կազմակերպվեն զբոսաշրջային ենթակառուցվածքներ։ Աշխատանքները նախատեսվում էր սկսել 2017 թվականին և ավարտին հասցնել 2019 թվականին։ Խոստումն այս անգամ էլ չի կատարվել։
2020 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ կրկին խոստացվել էր վերանորոգել Սարոյի սրահները։ Խոստումը կրկին խոստում մնաց, մեղավորը Կորոնավիրուսի համաճարակը։
2021 թվականի մարտին Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության տնօրեն Նիկոլոզ Անթիձեն հայտարարեց, որ նախագիծը ճշգրտվել է, քանի որ հուշարձանի վիճակը ժամանակի ընթացքում փոխվել է։ Անթիձեի խոսքով, գործակալությունը վերականգնողական աշխատանքները կսկսի այս տարի և կիրականացնի երկու փուլով։ Առաջին փուլում մեզ խոստացել էին վերականգնել Ասպանիձեների սրահը։ Ապրիլին Նիկոլոզ Անթիձեն հրաժարական տվեց: