Նրանք ընդամենը երկու ամիս է, ինչ պաշտոնապես ամուսնացած են։ Գիորգին 5 տարի առաջ է վերադարձել քաղաքից՝ ապրելու նախնիների աշտարակում, իսկ Մարգարետը լեռնային շրջան տեղափոխվելու որոշում կայացրել է երկու տարի առաջ, երբ Շատիլիի դպրոցում հայտնվել է արվեստի ուսուցչի թափուր աշխատատեղ։
Մարգարետը մասնագիտությամբ զարդերի դիզայներ է։ Նա սիրում է նկարել, արևը և Վան Գոգին: Ինչպես ասում է՝ այդ ձիրքը նա ժառանգել է իր հորից ու հորեղբորից, որոնք նույնպես նկարիչներ են եղել։ Դիպլոմի պաշտպանության համար ստեղծել է խևսուրական մոտիվներով զարդեր, որոնցով զարդարել է իր հագուստը և ստացել ամենաբարձր գնահատականը։ Երբ ապրելու համար որոշեց վերադառնալ Խևսուրեթի և ընտանիք կազմեց, ուզում էր այդ գործը շարունակել։ Այդ կողմի մշակույթը հանրահայտ դարձնելու և զարգացնելու համար պետք է կառուցեր արհեստանոց և ստեղծեր խևսուրական զարդեր։ Գրել է նաև նախագիծ և ուղարկել «Արտադրիր Վրաստանում» պետական ծրագրին, սակայն չեն ֆինանսավորել․
«Երբ զբոսաշրջիկները գալիս են այստեղ, բոլորին հետաքրքրում է, թե ինչ կարող են տեսնել, բացի բնությունից ու աշտարակներից, ինչն է հետաքրքիր մշակութային տեսանկյունից և ցավոք ոչինչ չկա։ Չկա թանգարան, արվեստի կամ ցուցահանդեսի տարածք, որտեղ նրանք կկարողանան տեսնել ու հասկանալ, թե ինչ են ստեղծել խևսուրները հին ժամանակներում՝ յուրօրինակ հագուստներն ու իսկապես եզակի զարդերը։ Մտածում էի, որ կարող եմ այս ամենին խթանել, կկառուցեի արհեստանոց, վայր, որը հետաքրքիր ու հիշարժան կլիներ, իսկ Շատիլիից հուշանվեր կտանեին»։
Գիորգին նույնպես մասնակցել է «Արտադրիր Վրաստանում» ծրագրի մրցույթին։ Նրան անհրաժեշտ էր աջակցություն Շատիլիի աշտարակներում սրճարան կառուցելու համար: Նրան նույնպես չեն ֆինանսավորել: Արդեն հինգ տարի լեռներ վերադարձած Գիորգի Ճինճարաուլին փորձում է ֆինանսավորում ստանալ, սակայն անհայտ պատճառով նրան մերժում են։ Սեփական միջոցներով ու աշխատանքով միևնույնն է կարողացավ երկու ամիս առաջ բացել «Մզեսումզիրա» (Արևածաղիկ) սրճարանը։ Այսօր զույգն իր ողջ էներգիան ներդնում է այս սրճարանի աշխատանքին ու զարգացմանը։
«Եթե ինչ-որ մեկը վերադառնում է լեռներ, նա ինքնակամ է վերադառնում, և սուտ է, թե իբր պետությունն ինչ-որ բան է անում, որ մարդիկ վերադառնան լեռներ։ Եթե անգամ Շատիլիի օրինակը վերցնենք, այստեղ բացարձակապես ոչինչ չկա, որ երիտասարդն առաջ գնա։ Միակ ճանապարհը մասնավոր բիզնեսն է, ինչպես մեր դեպքում, բայց պետությունը դրա հետ կապ չունի։
Երբ ես առաջին անգամ եկա այստեղ՝ որպես ուսուցիչ, երբեք չէի կարող պատկերացնել, որ ընտանիք եմ ստեղծելու։ Հատկապես այդքան երիտասարդ տարիքում։ Անընդհատ մտածում էի իմ մասնագիտական զարգացման, կարիերայի մասին, բայց այնպես եղավ, որ ամուսնացա ու հիմա այլ տեղ ապրել չեմ պատկերացնում։ Մինչ այժմ միշտ ասում էի, որ որոշ ժամանակ ապրելու եմ Խևսուրեթիայում, իսկ հետո անպայման կշարունակեմ Թբիլիսիում ապրել։ Վստահ եմ, որ ես երբեք ոչ մի տեղ չեմ ապրի, բացի Շատիլիից, Շատիլին իմն է»։