Ինքնաթիռում գտնվողների անունները «Մթիս Ամբեբին» չի հայտնում, քանի որ ՆԳՆ-ից մեզ փոխանցեցին, որ այժմ կապ է հաստատվում մահացածների ընտանիքի անդամների հետ։
Նախարարությունից հայտնում են, որ սահմանային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռի օգնությամբ ընթանում էր Գուդաուրիում ընկած պարապլաներների փրկարարական աշխատանքները։ Ականատեսների նկարահանած տեսանյութում երևում է, որ ուղղաթիռը հավանաբար բախվել է ժայռին, ինչի պատճառով վնասվել է այսպես կոչված «պոչի ռոտորը», մի քանի վայրկյանում այն ամբողջությամբ պոկվել է, ինչից հետո ուղղաթիռը կորցրել է կառավարումը։
ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ պարապլանի հրահանգչի, ուղևորի և ուղղաթիռում գտնվող անձանց որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտման փաստով հետաքննությունն ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով։
Ուղղաթիռի կործանման պատճառով պարեկային ոստիկանության կողմից փակվել է Մլեթայից Կոբի տանող մայրուղին և երթևեկությունն արգելված է։
Վրաստանի սահմանային ոստիկանությունն ունի մի քանի «Մի 8» ուղղաթիռ: Այս ուղղաթիռներն արտադրվել են 20-րդ դարի 60-ական թվականներին Մոսկվայի ավիացիոն գործարանում և հանդիսանում է ամենատարածված խորհրդային բազմաֆունկցիոնալ ուղղաթիռներից։ Վրաստանում այն օգտագործվում է ոչ միայն լեռնային շրջաններում սահմանապահներին տեղափոխելու համար, այլ նաև արտակարգ իրավիճակների ժամանակ՝ փրկարարական աշխատանքների, հրդեհների մարման համար։
2017 թվականին սահմանային ոստիկանությանը պատկանող «Մի 8»-ը Բորջոմիի կիրճում գտնվող Գուջարուլա գետի վրա ջուր վերցնելիս վթարի էր ենթարկվել։ Ուղղաթիռը մասնակցում էր հրդեհաշիջմանը։ Անձնակազմի 4 անդամները թեթև վնասվածքներ են ստացել։ ՆԳՆ-ից հայտնել են, որ ուղղաթիռը երկու օր առաջ էր անցել կարգավորիչ ստուգում և այն սարքին վիճակում էր։ Ջրամբարն ընկած ուղղաթիռը հաջորդ օրը ջրից դուրս է բերվել, ավելի ուշ վերանորոգվել և վերադարձվել սահմանային ոստիկանությանը։
2018 թվականի հուլիսի 12-ին կործանված սահմանային ոստիկանությանը պատկանող 90 մլն լարի արժողությամբ ֆրանսիական արտադրության Super Puma ուղղաթիռը մինչ օրս շարունակում է մնալ Կախեթիի Արտանի լեռներում։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ ուղղաթիռում գտնվող 5 մարդ վիրավորվել էր՝ ՆԳՆ-ի երեք օդաչու, մեկ սահմանապահ և մեկ պարեկային ոստիկանության աշխատակից։
Վրաստանը ոչ մի հատուկ փրկարարական ուղղաթիռ չունի: