Այս տարվա հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճ է նկատվել հետևյալ ոլորտներում՝ տրանսպորտ և պահեստ, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու մատակարարում, տեղեկատվություն և կապ, հյուրանոցներ և ռեստորաններ, հանքարդյունաբերություն։
Նվազման միտում է նկատվել վերամշակող արտադրության, շինարարության և անշարժ գույքի հետ կապված ոլորտում։
Նշենք, որ 2022 թվականին Վրաստանի կառավարությունը 6 տոկոսանոց տնտեսական աճ էր կանխատեսում, սակայն արդեն հայտարարվել է, որ ընթացիկ կանխատեսումը վերանայվելու է աճի ուղղությամբ։ Ուկրաինայում Ռուսաստանի սկսած պատերազմի պատճառով Ազգային բանկը նվազեցրեց տնտեսական աճի կանխատեսումը 5%-ից մինչև 4,5%։
Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2022 թվականի հունվար-հունիսին կազմել է ավելի քան 8 մլրդ դոլար, որը 35,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Ըստ վիճակագրության, հունիս ամսին Վրաստանից արտահանվել է ավելի քան 448 մլն դոլարի ապրանք:
Հունիսին արտահանման հետ մեկտեղ աճել է նաև ներմուծումը՝ կազմելով 1,04 մլրդ դոլար։ Սա 21%-ով կամ 183 մլն դոլարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Հունվար-հունիսին արտահանումը կազմել է 2,55 մլրդ դոլար, որը տարեկան կտրվածքով աճել է 35%-ով։ Ներմուծումը կազմել է 5,91 միլիարդ, ինչը նույնպես 35%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։