«Պացիենտների վիճակը կայուն է։ Հիմնականում առկա է թեթև և միջին թունավորում։ Վերակենդանացման բաժանմունքում ընդամենը երեք հիվանդ կա, որոնց առաջին բուժօգնություն է ցուցաբերվել։ Այս փուլում բոլորի վիճակը կայուն է»,- ասել է Մարինա Զանաքիձեն՝ նշելով, որ կատարվում է հետաքննություն՝ պարզելու թունավորման պատճառը։
Հիվանդները հիմնականում բողոքել են ընդհանուր թուլությունից, գլխապտույտից և սրտխառնոցից։ Ինչպես նշել է Քոբուլեթիի «Էվեքս» կլինիկայի տնօրեն Իրինա Դոլիձեն, ուշագրավ է երեք հիվանդի վիճակը՝ նրանք ունեցել են շնչառական դժվարություններ։
Կարի ֆաբրիկայի աշխատակիցների թունավորման պատճառ ենթադրվում էր բնական գազի արտահոսքը, սակայն գործարանի ներկայացուցիչ Դավիթ Ջայանը բացառել է այս վարկածը և հայտարարել, որ ամառվա ընթացքում ձեռնարկությանը «գործնականում գազ չի մատակարարվում»։
«Զանգել ենք «Սոկար գազ», որպեսզի աշխատակիցները համոզվեն, որ արտահոսք չկա, և իրականում մեզ գազ չեն մատակարարել։ Կարծում եմ՝ այդ ամենը խուճապային վախի պատճառով էր։ Աշխատակիցներին տեղափոխել ենք բուժհաստատություն, քանի որ նրանք իրենց վատ էին զգում»,- ասել է Դավիթ Ջայանը Adjara TV-ին։
Աշխատանքի տեսչությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։