«Ռաճայի պահպանվող տարածքների ստեղծման և կառավարման մասին» օրենքի նախագծի քննարկումը կառավարության այսօրվա օրակարգում ընդգրկված 7 հարցերից առաջինն էր։
«Սա կարևորագույն որոշում է։ Ռաճայում մոտավորապես 50 800 հեկտարի վրա կստեղծվի ազգային պարկ: Սա նոր հնարավորություն է տարածաշրջանի համար, առաջին հերթին, պաշտպանելու այս տարածաշրջանի եզակի բնությունն ու կենսաբազմազանությունը, խնամելու այն, և միևնույն ժամանակ հնարավորություն է տարածաշրջանի համար զարգացնելու համապատասխան էկոտուրիստական ծառայությունները, աշխատանքի տեղավորելու տեղի բնակչությանը ևզարգացնելու նրանց իրենց բիզնեսը:
Սա կարևոր է նաև այն առումով, որ մենք որոշակի պարտավորություն ունեինք մեր գործընկերների, դոնորների հետ և այս որոշմամբ, իհարկե, հստակ կատարում ենք այդ պարտավորությունը։ Ֆինանսավորում ունենք Գերմանիայի վերակառուցման բանկից, ինչպես նաև Կովկասի բնապահպանության հիմնադրամից՝ պահպանվող տարածքների զարգացման համար, և այդ ֆինանսավորման մի մասը կուղղվի Ռաճայի պահպանվող տարածքների զարգացմանը:
Ուզում եմ նշել, որ մենք այն կառավարությունն ենք, որը վերջին տարիներին ակտիվորեն հետևում է այս կուրսին։ Մենք ամեն տարի ստեղծում ենք նոր պահպանվող տարածքներ։ Այսօր պահպանվող տարածքների տարածքը կազմում է մոտ 800 հազար հեկտար և միայն այս տարի մեր ընդունած որոշումներով և խորհրդարան ուղարկված օրինագծերով, այդ թվում՝ այս օրինագիծը, երկրում պահպանվող տարածքների մակերեսը կավելանա մոտ 100 հազար հեկտարով»,- ասել է Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան։
Օրենքի նախագիծը չի հրապարակվել պետական ոչ մի գերատեսչության կայքում, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա ծանոթանալու դրան և ներկայացնելու իր կարծիքը։
«Մթիս Ամբեբին» օրենքի նախագիծը խնդրել է Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունից։ Այս անգամ նախարարությունը մեզ անմիջապես տրամադրեց պահանջված տեղեկատվությունը։
Փաստաթղթում տրված աշխարհագրական կոորդինատների համաձայն՝
Ազգային պարկի սահմանը հիմնականում Վրաստանի պետական սահմանի հարակաից տարածքն է և ներառում է դժվարանցանելի վայրեր, գագաթներ և լեռնանցքներ։
Օրենքի նախագիծը հաստատվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից։ Օրենքը չի տարածվի օգտակար հանածոների օգտագործման հետ կապված հարաբերությունների վրա, ներառյալ այն հարաբերությունները, որտեղ լիցենզիայի տրամադրման վարույթ է հարուցվել։
Ռաճայում պահպանվող տարածքների ստեղծումը բազմիցս է ներառվել պետական քաղաքական փաստաթղթերում։ 2018 թվականին պատրաստվել է «Ռաճայի ազգային պարկի ստեղծման և կառավարման մասին» օրենքի նախագիծը, որը ենթադրում էր Օնիի մունիցիպալիտետի 64 164 հա տարածքում Ռաճայի ազգային պարկի ստեղծում։ Կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծին և 2019 թվականի հունվարի 31-ի N119 որոշմամբ որոշվել է այն խորհրդարանին ներկայացնել 2019 թվականի գարնանային նստաշրջանի ժամանակ։ Չնայած այն հանգամանքին, որ նախագիծը ոչ չեղարկվել է, ոչ փոփոխվել՝այն չի ներկայացվել խորհրդարանի քննարկմանը։
2020 թվականին ևս մեկ անգամ պատրաստվեց օրենքի նախագիծ, որը ենթադրում էր Ռաճայի ազգային պարկի (26 569 հա) և Շովի անտառի (25 622 հա) ստեղծում Օնիի շրջանում, որի ընդհանուր մակերեսը զգալիորեն ավելի փոքր էր նախնական սահմանված տարածքից։ Կառավարության որոշմամբ ազգային պարկի 2019 թվականի օրինագծի այս տարբերակով բոլոր կարևոր գետերը և կենսաբազմազանության պահպանման համար կարևոր մի շարք տարածքներ մնացել են պահպանվող տարածքներից դուրս։
«Կանաչ այլընտրանք» բնապահպանական կազմակերպության կենսաբազմազանության ծրագրի համակարգող Իրակլի Մաճարաշվիլին կարծում է, որ առանց դրանց պահպանվող տարածք ստեղծելու պահպանողական արժեքը շատ փոքր է և չարդարացված։
2020 թվականին Բնապահպանության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան գրասենյակը հրապարակայնորեն կոչ արեց Վրաստանի կառավարությանը, որ Ռաճային պետք է ոչ թե հիդրոէլեկտրակայանների կասկադ, այլ մեծ ազգային պարկ: Վրաստանի քաղաքացիները նաև հավաքել են ավելի քան 10 000 ստորագրություն Ռաճայում պահպանվող տարածքներ ստեղծելու պահանջով։
2022 թվականի փետրվարին Ռաճայի տեղի բնակչության նախաձեռնող խումբը խորհրդարանական առաջարկով դիմել է Վրաստանի խորհրդարան և քննարկման է ներկայացրել «Շքմերիի և Մրավալձալիի պահպանվող տարածքների մասին» Վրաստանի օրենքի նախագիծը։ Խորհրդարանը դեռ չի քննարկել օրենսդրական առաջարկը։
Օնիի մունիցիպալիտետի Շքմերի գյուղում 153 հեկտարի վրա տրվել է մանգանի արդյունահանման երկու լիցենզիա։ Տեղի բնակչությունը դեմ է մանգանի արդյունահանմանը։
2022 թվականի մարտի 23-ին HG Capra Caucasica ՍՊԸ-ին տրվել է որսորդական տնտեսության հատուկ լիցենզիա 49 տարով՝104,712 հա անտառային տարածքում որսորդական տնտեսություն ստեղծելու համար։ Ռաճայի համայնքային կազմակերպությունը, «Կանաչ այլընտրանքը» և Քաղաքացիական ակտիվությունների կենտրոնը սկսել են համատեղ շահերի պաշտպանության #ՊաշտպանումենքՌաճան արշավը։ Կառավարության որոշումն ու Շրջակա միջավայրի ազգային գործակալության ղեկավարի հրամանները բողոքարկվել են դատական և վարչական կարգով, որով Ռաճայի և Քվեմո Սվանեթիի անտառները հանձնվել են Ռուսաստանի կառավարությանն անմիջականորեն առնչություն ունեցող անձի՝ Դավիթ Խիդաշելիի ընկերությանը։
Հասարակական կազմակերպությունները պահանջում են չեղարկել այդ փաստաթղթերը, ստեղծել Ռաճայի ազգային պարկ և ներառել Խիդաշելիին հանձնված անտառները։ Նրանց խնդրանքով ազգային պարկի մեջ պետք է ընդգրկվեն Ռիոնի գետը, նրա վտակները և Շքմերիի տարածքը, որին Ճիաթուրայի նման ոչնչացում է սպառնում։
Միջազգային դոնոր կազմակերպություններն արդեն զգալի միջոցներ են հատկացրել Ռաճայի պահպանվող տարածքների ստեղծման համար։ Օրինակ՝ Վրաստանում 5 պահպանվող տարածքներ ստեղծելու համար (Սամեգրելո, Սվանեթի, Գուրիա, Ռաճա, Շիդա Քարթլի) Wyss հիմնադրամը 9,3 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել Կովկասի բնության հիմնադրամին (CNF), որն իր հերթին այս ծրագրի համար լրացուցիչ 4,65 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել։ Ըստ հիմնադրամի՝ այս գումարը (13,95 մլն ԱՄՆ դոլար) բավարար է, որպեսզի Վրաստանի կառավարությունը այդ պարկերի ստեղծումից հետո երեք տարի տարի շարունակ բյուջեից գումար չհատկացնի։ Բացի այդ, CNF-ը հաստատել է, որ պարկի հիմնադրման 6-րդ տարվանից կհոգա ծախսերի 50%-ը:
2021 թվականի հուլիսի 21-ին Վրաստանի ֆինանսների նախարարության և գերմանական KfW Bankengruppe Վերակառուցման վարկային բանկի միջև կնքված դրամաշնորհային համաձայնագրի հիման վրա Վրաստանը կստանա մինչև 24 միլիոն եվրո դրամաշնորհ։ Նշված դրամաշնորհից 16,25 մլն եվրոն կուղղվի պահպանվող տարածքների, այդ թվում՝ Ռաճայի պահպանվող տարածքների ստեղծմանն ու զարգացմանը, ինչպես նաև տեղի բնակչության սոցիալ-տնտեսական նախագծերի ֆինանսավորմանը։