Ամենաշատ վարակի դեպքերը գրանցվել են մայրաքաղաք Թբիլիսիում՝ 3 310 դեպք, ամենաքիչը՝ Ռաճա-Լեչխումիում և Սամցխե-Ջավախեթիում, համապատասխանաբար՝ 17 և 18 դեպք:
Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում ընդհանուր հաշվով երկրում իրականացվել է 63 659 թեստավորում: 7-օրյա թեստավորման դրականության ցուցանիշը կազմում է 8,10 %:
Ըստ Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի Վրաստանում հիմնականում տարածվում է օմիկրոնի B.A.2 շտամը: Կենտրոնի տվյալներով հունիսի վերջի դրությամբ երկրում իրականցվել է շուրջ 3 մլն պատվաստում:
Երեկ Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի հայտարարել էր, որ չնայած երկրում կորոնավիրուսով վարակվածության մակարդակն աճել է, այնուամենայնիվ իրավիճակը կառավարելի է։ Նախարարը հորդորել էր բնակիչներին չանհանգստանալ և անպայման պատվաստվել:
Ավելի վաղ իմունիզացիայի տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար Իվանե Չխաիձեն լրատվամիջոցների համար հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ եթե կորոնավիրուսի դեպքերի շաբաթական ցուցանիշը կրկնապատկվի, համակարգող և իմունիզացիայի խորհուրդները հավանաբար կքննարկեն վիճակագրության ամենօրյա հրապարակման և փակ տարածքներում դիմակ կրելու կանոնի վերականգնման հարցը։
Վարակաբանները կարծում են, որ աշնանը երկրում սպասվում է կորոնավիրուսային համաճարակի գագաթնակետը։ Նրանք նաև նշել են կոնկրետ ամիսը և գործածել հատուկ տերմին սպասվող սցենարի վերաբերյալ: Նրանց խոսքով վարակի տարածման նոր ալիքը կլինի հոկտեմբերին և այն կունենա «ցունամիի» էֆեկտ:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերը կրկնապատկվել են: Ապրիլին վարակի նահանջից հետո, առաջին անգամ 7 օրյա դրականության ցուցանիշը գերազանցում է 8 տոկոսը: