Ըստ պատգամավորների՝ «Վրացական երազանքի» քաղխորհուրդը մշակել է Եվրոպական միության սահմանած 12 կետերի իրականացման «մանրամասն» ծրագիր, սակայն, ներկայացման առաջին իսկ րոպեներից ընդդիմությունն ու նրա հետ «առնչվող ոչ կառավարական կազմակերպությունները սկսել են ամբողջովին փաստարկներից զուրկ խոսակցություններ», որ իրենց համար կառավարության առաջարկած ծրագիրն անընդունելի է և իրենք չեն պատրաստվում մասնակցել դրա իրականացմանը։
«Այստեղից ևս մեկ անգամ երևում է, որ թեկնածուի թեման իրենց ընդհանրապես հետաքրքիր չէ, ավելի շուտ՝ հետաքրքիր է միայն այն տեսանկյունից, որ Վրաստանի թեկնածուի կարգավիճակը նույնիսկ դեկտեմբերին չի տրվի։ Ներկայացված ծրագրին ընդդիմության առաջին արձագանքներից պարզ է դառնում, որ իշխանությունն ինչ էլ անի 12 կետերի կատարման հարցում, եվրոպական ստանդարտով ինչ փոփոխություններ էլ կատարի, ոչ ոք չի գնահատի ու չի ընդունի հաշվի առնելով այս ջանքերը: Ընդհակառակը, յուրաքանչյուր կետ կօգտագործվի որպես հերթական պատրվակ՝ երկրում հեղափոխական սցենար իրականացնելու համար»,- ասում են Սուբարին, Խունդաձեն և Կավելաշվիլին։
Ըստ նրանց՝ «Ազգային շարժումն» ու նրա ներքին ու արտաքին գործընկերները մինչև դեկտեմբերի վերջ հետևողականորեն փորձելու են «ծրագրի յուրաքանչյուր կետ օգտագործել հեղափոխական սցենար պատրաստելու համար»։
«Չնայած թերահավատ վերաբերմունքին, մենք կարծում ենք, որ կառավարությունը պետք է ամեն ինչ անի հանրությանը ներկայացված ծրագիրը կյանքի կոչելու համար։
Համոզված ենք, որ դեկտեմբերին արդեն ընդունելի որոշում է կայացվել և տարեվերջին ոչ ոք Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չի շնորհի։ Սակայն, չնայած դրան, իշխանությունները պետք է ցույց տան, որ եվրաինտեգրումը իրենց համար ամուր առաջնահերթություն է և որ իրենք անում են այն, ինչ անհրաժեշտ է նպատակին հասնելու համար։
Իշխանությունը հանրության լայն ներգրավվածությամբ պետք է անի այն ամենը, որ օբյեկտիվ գնահատողին անգամ պատրվակ չթողնի թեկնածուի կարգավիճակից հրաժարվելու համար։ Եզրափակելով՝ նշում ենք, որ արմատական ընդդիմությունն այժմ չունի հեղափոխություն կազմակերպելու ռեսուրսներ և չի ունենա այն նաև դեկտեմբերին։ Այդ մարդկանց չի հաջողվի խառնել երկիրը և ներքաշել պատերազմի մեջ»,- ասվում է «Վրացական երազանքի» նախկին անդամների հայտարարության մեջ։