«Վրաստանի կառավարությունը նախատեսում է վերակենդանացնել «ԽուդոնՀԷԿ»-ի նախագիծը, ըստ որի՝ արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը հին սխեմաների համեմատ կավելանա 1,5 անգամ։ Համապատասխանաբար, էլեկտրաէներգիայի արժեքը կլինի համեմատաբար ցածր, ինչն իր հերթին կնպաստի երկրի ներսում սակագների կայունությանը և մրցակցային պայմաններին»,- ասել է Սոնղուլաշվիլին։
Ինչպես նշել է նա, խոշոր ՀԷԿ-երի կառուցումը կապված է որոշակի մարտահրավերների հետ, և երկիրը նախատեսում է դիվերսիֆիկացնել վերականգնվող էներգիայի աղբյուրները՝ «ակտիվորեն ներառելով արևային և քամու էներգիան էներգիայի սպառման կառուցվածքում»։
«Արդյունքում մինչև 2030 թվականը վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիայի մասնաբաժինը էներգիայի ընդհանուր վերջնական սպառման մեջ կավելանա մինչև 35 տոկոս։ Իմ կարծիքով, մեզ անհրաժեշտ կլինի հստակ ուրվագծել մի քանի նախագծեր այս ուղղությամբ, որպեսզի ներդրողների հետաքրքրությունը մեծ լինի»,- ասել է Սոնղուլաշվիլին։
Նրա խոսքով, քանի որ Վրաստանը չունի աշխարհագրական սահման Էներգետիկ միության անդամ երկրների հետ, Սևծովյան ստորջրյա մալուխի նախագծի իրականացումը կարևոր է ենթակառուցվածքային կապի տեսանկյունից։ Սոնղուլաշվիլիի խոսքով՝ նախագծի ներդրումային գնահատված արժեքը գերազանցում է 3 միլիարդ դոլարը։
«Երկիրն ունի կովկասյան էլեկտրաէներգիայի հանգույցի կարգավիճակ ձեռք բերելու ներուժ, ինչը նշանակում է, որ այն կլինի բարձր մրցունակ, արժեքավոր կօգտագործի վերականգնվող էներգիայի ռեսուրսները և ավելցուկային էներգիա կարտահանի արտաքին շուկաներ»։
2022 թվականին Վրաստանի կառավարությունը հաստատել է վերականգնվող էներգիայի արտադրության ուղղությամբ մի քանի նախագծեր, որոնց ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է 200 մլն դոլար։ Արևային, հողմային և հիդրոէներգետիկ նախագծերի ընդհանուր դրվածքային հզորությունը 150 ՄՎտ կլինի»,- ասում է Սոնղուլաշվիլին։
Նրա խոսքով, աշխատանքներ են սկսվում Վրաստանի էներգետիկ անկախության մասին ակտի վրա, որում կառավարությանն օգնում է ԱՄՆ կառավարությունը։
«Որոշակի պայմանավորվածություններ արդեն կան, գործընթացը շարունակվում է, և աշխատանքային խմբերն արդեն ակտիվ աշխատում են։ Ըստ այդմ, մենք կարծում ենք, որ մոտ ապագայում պատրաստ կլինենք հնարավորինս շատ շահագրգիռ անձանց ներգրավել այդ աշխատանքներին և ապահովել հանրության լայն մասնակցությունը»,- ասել է Սոնղուլաշվիլին։
Զեմո Սվանեթիի Խաիշ գյուղում նախատեսվում է 650 մեգավատ հզորությամբ «ԽուդոնՀԷԿ»-ի կառուցումը։ Ծրագիրը դադարեցվել է բնակչության բողոքի պատճառով։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդեն մի քանի անգամ ասել է, որ խոշոր հիդրոէլեկտրակայանները, այդ թվում՝ «ԽուդոնՀԷԿ»-ը, պետք է կառուցվեն միայն պետության մասնակցությամբ։
«ԽուդոնՀԷԿ»-ի նախագծով նախատեսվում էր կառուցել մինչև 200 մետր բարձրությամբ պատնեշ և 528 հեկտար տարածքով ջրամբար։ Կառուցվելու դեպքում՝ «Էնգուրհէկ»-ից հետո, այն կլինի Վրաստանի երկրորդ խոշորագույն էլեկտրակայանը՝ 1300 ՄՎտ հզորությամբ։