«Սոցիալական արդարության կենտրոնը» երեք տարի առաջ հայց է ներկայացրել դատարան և պահանջել է չեղյալ համարել Մառնեուլիի մունիցիպալիտետի բյուջեի այն կետը, որը նախատեսում էր 400 հազար լարի հատկացնել Մառնեուլիի և Հուջաբի թեմին։ Բյուջեում նշվել է, որ նշված ծախսերի նպատակն է նպաստել «կրոնական հանդուրժողականության խթանմանը և բնակչության հոգևոր կյանքի բարձրացմանը»։ Հայցվոր կողմը համարել է, որ այս նորմը խտրական է և չի համապատասխանում ժողովրդավարական և իրավական պետության գաղափարին։
«Դատարանը Մառնեուլիի մունիցիպալիտետի բյուջեից տեղի թեմի ֆինանսավորումն անվավեր է ճանաչել և որակել է որպես խտրականություն։
Հուջաբի և Մառնեուլիի թեմը Մառնեուլիի մունիցիպալիտետի բյուջեից 400 000 լարիի ֆինանսավորում է ստացել։ Մյուս կրոնական կազմակերպությունները, այդ թվում՝ իսլամական կազմակերպությունները, որոնք ներկայացնում են տեղի բնակչության զգալի մասը, ընդհանրապես ֆինանսավորում չեն ստացել»,- գրում է Թամթա Միքելաձեն սոցցանցում։
Մառնեուլիի մունիցիպալիտետի 2022 թվականի բյուջեով նույնպես սահմանված է Մառնեուլիի և Հուջաբի թեմի ֆինանսավորումը 400,000 լարիով։
Ըստ Թամտա Միքելաձեի, Բոլնիսիի դատարանի այս որոշումը նախադեպային արժեք կունենա «այլ մունիցիպալիտետներում նմանատիպ խտրական գործելաոճը վերացնելու համար»։
«Ինչպես գիտեք, բացի բյուջետային ֆինանսավորումից, պատրիարքարանը հաճախ լրացուցիչ ֆինանսավորում է ստանում պահուստային ֆոնդերից և տեղական ինքնակառավարման մարմինների առանց այն էլ փոքր բյուջեներից: Հասկանալի է, որ համայնքներում, որտեղ ապրում են էթնիկ և կրոնական փոքրամասնություններ, նման գործելաոճը լրացուցիչ սոցիալական և մշակութային անարդարությունների համատեքստ ունի»,- ասում է Միքելաձեն։
Մառնեուլիի մունիցիպալիտետի իրավաբանական բաժնի ղեկավար Մամուկա Շուբիթիձեն «Ռեգինֆոյին» հայտնել է, որ իրենք բողոքարկելու են դատարանի որոշումը։