Վրաստանում գրեթե չի մնացել կիրճ, նույնիսկ մի փոքրիկ գետակ, որտեղ վերջին տարիներին մեկ կամ մի քանի ՀԷԿ չի կառուցվել կամ կառուցում նախատեսված չէ։
Վերջին ժամանակահատվածում կառուցված բազմաթիվ հիդրոէլեկտրակայաններ շատ ավելի քիչ էլեկտրաէներգիա են մատակարարում ցանցին, քան դրանց նախագծով է նախատեսված:
- Լարսի ՀԷԿ-ի կանխատեսվող թողարկումը պետք է կազմեր տարեկան 98 մլն կՎտ.ժ, 2020 թվականին այն արտադրել է ընդամենը 73,7 մլն կՎտ.ժ, 2021 թվականին՝ 74,7 կՎտ.ժ,
- Մեստիաճալա 1 և Մեստիաճալա 2 ՀԷԿ-երի նախագծով նախատեսված արտադրությունը պետք է կազմեր 171 մլն կՎտ.ժ, սակայն 2020 ՀԷԿ-ն արտադրել է 91,6 մլն կՎտ.ժ, իսկ 2021-ին՝ 103,6 կՎտ.ժ,
- Կիրնատի ՀԷԿ-ը պետք է արտադրեր 226 մլն կՎտ.ժ, 2020 թվականին արտադրել է 80,9 մլն կՎտ.ժ, իսկ 2021 թվականին ավելի քիչ՝ ընդամենը 78,1 կՎտ.ժ,
- Փարվանա ՀԷԿ-ի տարեկան նախագծային արտադրանքը պետք է կազմեր 450,75 մլն կՎտ.ժ, 2020-ին ՀԷԿ-ն արտադրել է 314,2 մլն կՎտ.ժ, իսկ 2021 թվականին 337,8 կՎտ.ժ էլեկտրաէներգիա,
- Շուախևի ՀԷԿ-ը պետք է արտադրեր 451 մլն կՎտ/ժ. 2020 թվականին արտադրել է ընդամենը 258,4 միլիոն կՎտ.ժ, 2021 թվականին՝ 274,2 մլն կՎտ.ժ,
- Խելվաչաուրի 1 ՀԷԿ-ը պետք է արտադրեր 230 միլիոն կՎտ.ժ, 2020 թվականին արտադրել է ընդամենը 163,4 մլն կՎտ.ժ, 2021 թվականին՝ 163,7 մլն կՎտ.ժ:
«Մթիս Ամբեբին» Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունից արդեն չորրորդ ամիսն անընդմեջ հանրային տեղեկություն է խնդրում, թե ինչու է ՀԷԿ-երի փաստացի արտադրությունը 20, 30, նույնիսկ 40 տոկոսով հետ մնում տարեկան նախագծային արտադրանքից: 2017-2022 թվականներին նշված ՀԷԿ-երի արտադրական ռեսուրսները ճշտելու նպատակով իրականացվե՞լ է արդյոք որևէ ստուգում: Նման դեպքում ե՞րբ և ո՞ր ՀԷԿ-երն են ստուգվել, ստուգման արդյունքում ի՞նչ է պարզվել: Նախարարությունը «Մթիս Ամբեբիին» չտրամադրեց պահանջված հանրային տեղեկությունը նույնիսկ վարչական բողոք ներկայացնելուց հետո, ինչի պատճառով դիմել ենք դատարան։
Լրագրողական որոնումների արդյունքում հիդրոէլեկտրակայաններում հայտնաբերել ենք կրիպտոարժույթի խոշոր ֆերմաներ։ Այս անգամ կպատմենք Ռոշկա ՀԷԿ-երի կասկադի մասին։
Ռոշկիսծղալիի կիրճը Դուշեթիի մունիցիպալիտետում է գտնվում՝ Խևսուրեթիում։ Մոտ 4 կիլոմետր երկարությամբ կիրճի կեսը փորված է, անտառի մի մասը վերացված, Խևսուրեթիի Արագվիի և Ռոշկիսծղալիի միախառնման վայրից մինչև Ռոշկա գյուղը, գետի երկայնքով նոր կտրված, դժվարանցանելի ճանապարհ կա՝ հիդրոէլեկտրակայանի կառուցման համար։ Կիրճում կառուցվել է երեք ՀԷԿ։ Գետի եզրին կառուցված ճանապարհի վրա՝ մուտքից մոտ 200 մետր հեռավորության վրա, տեղադրված է երկաթե դուռ՝ փականով։ 2022 թվականի ամռանը ՀԷԿ-ի շինարարության վրա աշխատող 1 մարդ զոհվել է այս ճանապարհին ժայռի փլուզման հետևանքով։
Ռոշկայի բնակիչները համաձայնել են փոքր ՀԷԿ-եր կառուցել՝ հուսալով, որ հոսանքազրկման խնդիրը կլուծվի։ Չնայած հովտում երեք ՀԷԿ-երի կառուցմանը, Ռոշկային այստեղից էլեկտրաէներգիա չի մատակարարվում։ «Էներգո Պրո Ջորջիա»-ն գյուղին միացնող ցանց է կառուցել, սակայն առատ ձյան պատճառով այս տարի Ռոշկա գյուղի բնակիչները որոշ ժամանակ մնացել են առանց էլեկտրականության։
«Պարվուս Գրուպ»
Ռոշկիսծղալի կիրճում կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանները պատկանում են «Պարվուս գրուպ» ՍՊԸ-ին։ Ընկերությունը գրանցված է 2019 թվականի մայիսի 14-ին։ Բաժնետոմսերի 50-50%-ը կիսում են Սուլխան Զումբուրիձեն և Մամուկա Պապուաշվիլին։
Սուլխան Զումբուրիձեն 2007 թվականից մինչև 2019 թվականը բաժնետիրական ընկերություն - Վրաստանի «Պետական էլեկտրական համակարգի» խորհրդատվական խորհրդի անփոփոխ նախագահն ու ամենաբարձր վարձատրվող պետական ծառայողն էր Վրաստանում: Օրինակ՝ 2017 թվականին նրա աշխատավարձը կազմել է 341,700 լարի (ամսական 28,475 լարի): Համեմատության համար նշենք, որ այն ժամանակ Վրաստանի նախագահի տարեկան աշխատավարձը կազմում էր 82 800 լարի, խորհրդարանի նախագահի աշխատավարձը՝ 80 000 լարի, վարչապետինը՝ 51 000 լարի։ Պաշտոնապես հայտարարագրված տվյալների համաձայն՝ նրա տարեկան աշխատավարձը 2016 թվականին կազմել է 326 603 լարի, 2015 թվականին՝ 335 656 լարի, 2014 թվականին՝ 263 374 լարի, 2013 թվականին՝ 218 329 լարի։ Պետական աուդիտի հաշվետվության համաձայն՝ ընկերությունը Զումբուրիձեի կառավարման տարիներին կորցրել է 76 մլն լարի։ Պետական էլեկտրական համակարգը Վրաստանում էլեկտրաէներգիայի փոխանցման համակարգի միակ օպերատորն է։ Ընկերությունը ամբողջ երկրի տարածքում տիրապետում և շահագործում է 3550 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման գծեր և 93 ենթակայան:
Մամուկա Պապուաշվիլին նույնպես եղել է «Պետական էլեկտրահամակարգի» խորհրդատվական խորհրդի անդամ։
Զումբուրիձեի և Պապուաշվիլիի նորաստեղծ «Պարվուս գրուպ» ընկերությունը հիմնադրման օրվանից մեկ ամսվա ընթացքում պետությունից ստացել է ՀԷԿ կոռուցելու երեք միլիոն դոլարի պատվեր՝ Խևսուրեթիի Շատիլի գյուղի բնակչության համար։ 2020 թվականի օգոստոսին «Open Net» պետական կազմակերպությունը ավելի քան 10 միլիոն լարի արժողությամբ պարզեցված գնումների պայմանագիր է կնքել «Պարվուս Գրուպ» ՍՊԸ-ի հետ Օզուրգեթիում ինտերնետ ցանցի կառուցման համար։
«Պարվուս գրուպը» 2019-2021 թվականներին հիմնել է մի քանի ընկերություն՝ «Պարվուս Էներջի», «Պարվուս Հիդրո», «Պարվուս Քոնսթրաքշն», «Պարվուս Քոնսալթինգ», «Պարվուս Սելերի», «Պարվուս Սերվիս», «Պարվուս Նեթ» և այլն։
«Պարվուս գրուպ»-ը Ռոշկիսծղալիի կիրճում երեք փոքր հիդրոէլեկտրակայանի շինարարությունը սկսել է 2021 թվականի գարնանը և, Ռոշկայի բնակիչների խոսքով, այն ավարտել է նույն տարվա ամռանը։ Էլեկտրաէներգիայի շուկայի օպերատորի տվյալներով՝ «Ռոշկա 2 ՀԷԿ»-ի դրվածքային հզորությունը 1,99 ՄՎտ է, «Ռոշկա 3 ՀԷԿ»-ինը՝ 1 ՄՎտ։
Բնապահպանական գնահատման օրենսգրքի համաձայն՝ մինչև 2 ՄՎտ հզորությամբ ՀԷԿ-երը ազատվում են բնապահպանական որոշումների ընթացակարգից։ Ուստի Ռոշկիսծղալիի կիրճում ՀԷԿ-երի կառուցման մասին տեղեկություն գոյություն չունի Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության կայքում։
Էլեկտրաէներգիայի շուկայի օպերատորի տվյալներով՝ «Ռոշկա 2» ՀԷԿ-ը և «Ռոշկա 3» ՀԷԿ-ը 2021 թվականի օգոստոսից էլեկտրաէներգիա են մատակարարում պետական էլեկտրաէներգիայի համակարգին։ 2021 թվականի 5 ամսում «Ռոշկա 2» ՀԷԿ-ը ցանցին մատակարարել է 1,8 մլն կՎտ.ժ, իսկ «Ռոշկա 3» ՀԷԿ-ը՝ 0,8 մլն կՎտ.ժամ։ 2022 թվականի առաջին չորս ամիսներին «Ռոշկա 2» ՀԷԿ-ը ցանցին մատակարարել է 1,4 մլն կՎտ.ժամ, իսկ «Ռոշկա 3» ՀԷԿ-ը՝ 0,8 մլն կՎտ.ժամ: Ռոշկիսծղալի կիրճում երրորդ ՀԷԿ-ի կողմից էլեկտրաէներգիայի արտադրության մասին տեղեկություն գոյություն չունի:
«Մթիս Ամբեբին» զրուցել է «Պարվուս գրուպ»-ի մենեջերի և իրավաբանի հետ: Նրանցից մինչ օրս պատասխան չենք ստացել, թե ե՞րբ և ո՞ւմ կողմից են տրվել Ռոշկիսծղալիի կիրճում ՀԷԿ-երի կառուցման համապատասխան թույլտվությունները: Որքա՞ն է յուրաքանչյուր ՀԷԿ-ի դրվածքային հզորությունը և քանի՞ մլն կՎտ.ժ է նախագծային արտադրանքը: Համապատասխանում է արդյոք պայմանագրի պայմաններին այն, որ «Parvus Group»-ն ՀԷԿ-ի շենքում և շրջակայքում կրիպտոարժույթի խոշոր ֆերմաներ ունի, և ի՞նչ օգուտներ է ստանում պետությունը Parvus Group կրիպտո բիզնեսի դիմաց:
Զումբուրիձեի և Պապուաշվիլիի ընկերությունն կրիպտոարժույթի մայնինգի սարքավորումները տեղադրել է գետի վրա և դրա ափերին, քանի որ սարքավորումներին հաճախակի հովացում է անհրաժեշտ։
Օրվա վերջում մեզ հաջողվեց հեռախոսով կապ հաստատել Սուլխան Զումբուրիձեի հետ։ Չնայած մեր ռեպորտաժում տեղ գտած լուսանկարներին ու տեսանյութերին, նա նույնիսկ հերքեց «Ռոշկա» ՀԷԿ-երում կրիպտոարժույթի խոշոր ֆերմաների առկայությունը։
Սուլխան Զումբուրիձե. - «Ես չգիտեմ՝ այնտեղ նման ֆերմաներ կան, թե ոչ։ Ուղարկեք ինձ ձեր հարցերը, ես կմտածեմ և կպատասխանեմ»։
- Պարոն Սուլխան, կրիպտոարժույթի նման խոշոր ֆերմաների շահագործումը մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա է պահանջում։ Ռոշկիսծղալիի կիրճում ՀԷԿ-երի կառուցման դիմաց ձեր ընկերությունը պարտավոր է արտադրված էլեկտրաէներգիան մատակարարել ցանցին։ Դուք չե՞ք խախտում այս պարտավորությունը։
- Ինչո՞ւ եք ինձ ճնշում: Ես չեմ հաստատում այնտեղ կրիպտոարժույթի ֆերմաների առկայությունը։
Հեռախոսային հաղորդակցության ընթացքում «Պարվուս Գրուպ»-ի ներկայացուցիչները բազմիցս շեշտել են, որ մեզ դատի կտան, եթե տեղեկությունը տարածվի առանց ստուգման։ «Մթիս Ամբեբին» այս փուլում օգտագործել է բոլոր հնարավորությունները ամենաճշգրիտ տեղեկատվություն ստանալու և տարածելու համար։
«Պարվուս Գրուպը» ևս մեկ հիդրոէլեկտրակայան է կառուցում Դուշեթիի մունիցիպալիտետում՝ Օխերխևի գետի կիրճում։ Աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ Շինհրապարակում չկա օրենքով պահանջվող տեղեկատվական տախտակ, որտեղ պետք է նշվեն՝ շինարարության թույլտվություն տվող մարմնի անվանումը և հասցեն, թույլտվության համարը և գործողության ժամկետը, շինարարության մեկնարկի և ավարտի ժամկետները, օբյեկտի գործառույթը, ճարտարապետական տեսքը և այլն:
Դուշեթիի մունիցիպալիտետի քաղաքապետ Մացացո Նարիմանիձեն «Մթիս Ամբեբիին» ասել է, որ իր քաղաքապետ ընտրվելուց հետո (2021 թվականի հոկտեմբերի 2-ի ընտրություններ) Դուշեթիի քաղաքապետարանը մունիցիպալիտետի տարածքում փոքր ՀԷԿ-երի կառուցման թույլտվություն չի տվել։
«Մթիս Ամբեբին» շարունակում է աշխատել այս թեմայով։
Վրաստանի էլեկտրահաղորդման ցանցի զարգացման 10-ամյա ծրագրով (2021-2031 թթ.) նախատեսվում է կառուցել 123 փոքր, միջին և խոշոր հիդրոէլեկտրակայաններ։