«Այս հարցը բարձրացրել են քաղաքացիական ակտիվիստները, խորհրդարանը դիտարկել է այն և վերածել օրինագծի, որը շուտով կընդունվի, և հետևաբար, մեր երկրի քաղաքացիները, որոնք պատկանում են տարբեր էթնիկ խմբերի և ռուսական կայսրությունում ձուլման գործընթացի ժամանակ նրանց ազգանունները գրվել են ռուսերեն ձևակերպմամբ և վերջավորությամբ՝ հնարավորություն կունենան վերականգնել ավանդական ձևը, որն ավելի բնորոշ է համապատասխան էթնիկ խմբին»,- ասել է Պապուաշվիլին։
Նախորդ տարի Վրաստանում ադրբեջանական համայնքը՝ «Սալամ» կազմակերպության միջոցով սկսել էր արշավ՝ «Վերադարձրու իմ ազգանունը» անվանմամբ։ Կազմակերպության անդամները 2021 թվականի նոյեմբերին հավաքել էին 26 298 ստորագրություն՝ խորհրդարանին իսկական/ավանդական ազգանունները վերադարձնելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար, սակայն համապատասխան հանձնաժողովը ստորագրությունների միայն 22 928-ը ճանաչեց վավեր, ինչը անբավարար էր նախաձեռնությունը ներկայացնելու համար (Խորհրդարանի կանոնակարգի համաձայն՝ անհրաժեշտ է 25 000 ստորագրություն)։
Նույն ժամանակահատվածում «Վրացական երազանքի» պատգամավորների կողմից գրանցվեց «Պատմամշակութային ավանդույթներին անհամապատասխան ազգանունների փոփոխության իրավունքի մասին» օրենքի նախագիծը։
Օրինագծի ընդունման արդյունքում կձևավորվի ազգանվան փոփոխության մանրամասն ընթացակարգ, որի արդյունքում դիմողը կկարողանա նշված ծառայությունը ստանալ համապատասխան պետական հաստատությունում։ Ըստ օրինագծի՝ էթնիկ փոքրամասնություն հանդիսացող Վրաստանի քաղաքացին՝ 16 տարեկանից կարող է պահանջել փոխել իր ոչ իսկական ազգանունը։