Գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ այսօր ցորենի գինը գործնականում կրկնապատկվել է։
«Ալյուրի էժան պաշարների ֆոնին ինքնաբերաբար կրճատվում են ցորենի ներկրումը և ցորենի պաշարները։ Երկրում ալյուրի դեֆիցիտ ստեղծվելու հիմքեր չկա: Մենք այսօր ունենք բավարարից ավելի պաշար, բայց ունենք ալյուրի՝ ոչ թե ցորենի տեսքով։
Մոտ մեկուկես-երկու ամսից կսկսվի տեղական ցորենի բերքահավաքը։ Հուլիս-օգոստոսը աշխարհում հացահատիկային մշակաբույսերի նոր բերք ստանալու սեզոնն է։ Նոր բերքահավաքը կբերի գնային նոր քաղաքականության մշակման և հուսով ենք, որ գների նվազման միտում կսկսվի։ Ուստի այս ժամանակահատվածի համար Վրաստանի կառավարությունը կգործի ստեղծված իրավիճակին համապատասխան», - նշել են գյուղատնտեսության նախարարությունից։
Վրաստանի ցորենի և ալյուր արտադրողների ասոցիացիան հայտարարությամբ է դիմել երկրի վարչապետին՝ կոչ անելով արձագանքել գործարանների փակմանը։ Ասոցիացիան նշում է, որ այսօր Վրաստանում ստեղծվում է անարդար մրցակցություն ալյուրի և ցորենի ներկրման միջև, ինչը շուկայի անկայունություն է առաջացնում։
Ըստ ասոցիացիայի՝ ալյուրի ներկրումը, ի տարբերություն ցորենի ներկրման, համակարգված չէ և չի կարող առևտրային կողմեր ձևավորել, ինչը կանխատեսումներ անել թույլ չի տալիս։
«Աշխարհի երկրները արագորեն մեծացնում են ցորենի անցողիկ պաշարների պարամետրերը, որոնք, ըստ ՄԱԿ-ի հանձնարարականի, ցորենի երկամսյա սպառման պաշարներն են (շեշտը դրվում է ցորենի և ոչ ալյուրի վրա) և ֆիզիկապես մեծացնում է ցորենի պաշարների առկայությունը երկրում։ Մեր անմիջական հարևանները՝ Ադրբեջանը, Հայաստանը և Թուրքիան, նույնն անում են արագացված տեմպերով»,- ասվում է ասոցիացիայի հայտարարության մեջ։
Վրաստանի ցորենի և ալյուր արտադրողների ասոցիացիան պահանջում է հանդիպում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինան և Ռուսաստանը արտադրում են աշխարհի ցորենի և գարու 30%-ը։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ապրիլին հայտարարել էր, որ Ուկրաինայում շարունակվող պատերազմը մարդկության ավելի քան մեկ հինգերորդին կանգնեցնում է աղքատության և սովի վտանգի առաջ:
Վրաստանի վիճակագրության ազգային գործակալության տվյալներով՝ 2021 թվականին Վրաստան ներկրվող ցորենի 94%-ը բաժին է ընկել Ռուսաստանին։ 2021 թվականին՝ Վրաստանում ներմուծվող ալյուրի ընդհանուր ծավալի 96%-ը բաժին է ընկել Ռուսաստանից ներկրվող ցորենի ալյուրին։