Հողերի համակարգային գրանցմանը զուգահեռ Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը կհամարակալի նաև գյուղերի փողոցները, որից հետո տեղական իշխանությունները հնարավորություն կունենան անվանակոչել դրանք: Այս ամենի հետ միասին, տեղի կունենա մունիցիպալիտետների սահմանների վերջնական ճշտում, որով հստակ կորոշվի, թե որտեղով է անցնում կոնկրետ մունիցիպալիտետների սահմանները:
Ըստ մասնագետների՝ այս աշխատանքներն ավարտելուց հետո քաղաքացիների համար ավելի կհեշտանա պետական ծառայություններից օգտվելը, քանի որ էլեկտրոնային տվյալների մեջ հստակ կնշվի, թե կոնկրետ անձը, որ գյուղում / ավանում և որ փողոցում է ապրում:
Վրաստանում այս տարվանից մեկնարկել է հողերի համակարգային գրանցումը: Հողային բարեփոխման ծրագիրը երկրում կիրականացվի 3 տարվա ընթացքում՝ բացառությամբ ինքնակառավարվող քաղաքների և օկուպացված տարածքների։ Այն ներառում է 59 մունիցիպալիտետ, երկրի ավելի քան 1000 վարչական միավոր և ավելի քան 4000 բնակավայր։
Երեք տարվա ընթացքում չափագրվելու և հաշվառվելու է 1 միլիոն 200 հազար հա չգրանցված հողատարածք՝ ինչպես սեփականություն հանդիսացող և օգտագործման իրավունքով տնօրինության տակ գտնվող, այնպես էլ ինքնակամ զբաղեցրած հողատարածքները: Նրա խոսքով, կհստակեցվեն նաև արդեն գրանցված տվյալները։
Հողերի համակարգային գրանցումը քաղաքացիների համար կլինի լրիվ անվճար: Նախագիծը կիրականացնի Արդարադատության նախարարությունը՝ Հանրային ռեգիստրի ազգային գործակալության միջոցով։ Քաղաքացիները հողերի գրանցման համար գրասենյակներ գնալու կարիք չեն ունենա, հանրային ռեգիստրի աշխատակիցները իրենք կժամանեն բնակավայրեր և կիրականացնեն համապատասխան աշխատանքները:
Համակարգային գրանցման շրջանակներում քաղաքացիները անվճար կարող են օգտվել հետևյալ ծառայություններից՝
- Հողամասերի կադաստրային պլանավորման/չափագրման աշխատանքներ,
- Իրավունքը հաստատող փաստաթղթերի որոնում և համակարգում,
- Գործարքի կողմերի ստորագրությունների վավերացում,
- Նոտարական միջնորդություն,
- Հողամասի սեփականության իրավունքի ճանաչում,
- Փաստերի շարադրում,
- Հողամասի գտնվելու վայրի, իրավունքը հավաստող փաստաթղթի հետ նույնականացման հաստատում,
- Հողամասի սեփականության և դրա փոփոխությունների գրանցում։
Ըստ Հանրային ռեգիստրի ազգային գործակալության, կադաստրային աշխատանքների մեկնարկի կարգը որոշվել է հետևյալ չափորոշիչներով՝ գրանցված տարածքների քանակը, գրանցման ենթակա հողամասերի քանակը, բնակչության քանակը, աշխարհագրական դիրքը, կլիմայական պայմանները։ Գործակալության տեղեկատվությամբ՝ այսօրվա դրությամբ Վրաստանում հողերի 1/3-ը գրանցված չէ։
Հողերի անվճար գրանցման ժամանակացույցի մասին ավելի մանրամասն նյութում՝ Հայտնի է հողերի անվճար գրանցման ժամանակացույցը ըստ մունիցիպալիտետների