Սոցիալական ծառայության գործակալության տվյալներով՝ Վրաստանում սոցիալապես անապահովների մեծ մասը հիմնականում բարձրալեռ բնակավայրերում է ապրում: Երկրում ամենաշատ կենսապահովման նպաստ են ստանում Մեստիայի մունիցիպալիտետում՝ 6 697 մարդ, որը շրջանի բնակչության 72 տոկոսն է կազմում: Սոցիալապես անապահովների ամենացածր ցուցանիշը մայրաքաղաք Թբիլիսիի Վակե-Սաբուրթալո թաղամասում է: Այստեղ կենսապահովման նպաստ է ստանում բնակչության 4.8 տոկոսը՝ շուրջ 12 հազար մարդ:
Կենսապահովման նպաստ ստացողների թվով Մեստիայի մունիցիպալիտետին հաջորդում են Ամբրոլաուրիի, Լենտեխիի, Օնիի, Քեդայի, Խուլոյի, Ցագերիի, Դմանիսիի և Զուգդիդիի մունիցիպալիտետները, որտեղ բնակչության գրեթե կեսը համարվում է սոցիալապես անապահով:
Ինչ վերաբերում է ավելի քիչ սոցիալապես անապահովներ ունեցող Վրաստանի շրջաններին, ապա Թբիլիսիի Վակե-Սաբուրթալո թաղամասից հետո երկրում ամենաքիչը կենսապահովման նպաստ են ստանում՝
Նինոծմինդայում՝ բնակչության 12 տոկոսը, Հին Թբիլիսիի շրջանում՝ բնակչության 10.8 տոկոսը, Գորի քաղաքում՝ բնակչության 10.8 տոկոսը, Թբիլիսիի Դիդուբե-Չուղուրեթիի շրջանում (10.4%), Ռուսթավի քաղաքում (10.3%), Թերջոլայի շրջանում (8.4%), Փոթի քաղաքում (8.2%), Քութաիսի քաղաքում (6.8%), Ախալքալաքի շրջանում (6.5%), Ախալձիխե քաղաքում (6.4%) և Մցխեթա քաղաքում (5.2%):
2022 թվականի մարտի 1-ից Վրաստանի կառավարությունը սկսեց պետական ծրագիր, որը նպատակ ունի կենսապահովման նպաստ ստացող աշխատունակ անձանց համար տարբեր հասարակական աշխատանքներում զբաղվածություն ապահովել։ Ծրագրի համաձայն՝ աշխատողի աշխատավարձը կկազմի 300 լարի, իսկ նրա ընտանիքի կենսապահոման նպաստ ստանալու իրավունքը կպահպանվի 4 տարվա ընթացքում։
Առողջապահության նախարարության զբաղվածության խթանման պետական գործակալության տվյալներով՝ սոցիալապես անապահովների զբաղվածության պետական ծրագրի շրջանակներում մարտի 1-ից ապրիլի 17-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքի է տեղավորվել ավելի քան 4600 մարդ։
Երկրի շրջաններից ամենաշատ սոցիալապես անապով է աշխատանքի տեղավորվել Գուրիայում՝ 1160 մարդ, ամենաքիչը՝ Թբիլիսիում՝ 39 մարդ: Սամցխե-Ջավախեթիում պետական ծրագրի շրջանակներում 311 մարդ է աշխատանքի տեղավորվել:
Նախարարության տեղեկատվությամբ՝ հանրային զբաղվածության խթանման ենթածրագրի պորտալում այս պահին գրանցված է շուրջ 22000 թափուր աշխատատեղ: Մինչև տարեվերջ հայտարարված թափուր աշխատատեղերի թիվը կհասցվի 50 հազարի։ Հանրային աշխատանքների զբաղվածության խթանման ենթածրագրի համար պետբյուջեից սկզբնական փուլում հատկացվել է շուրջ 5 մլն լարի:
Կառավարության մեկ այլ որոշման համաձայն՝ Վրաստանում հունիսից ավելի քան 215 հազար սոցիալապես անապահով երեխաների օգնությունը կավելանա 50 լարիով և կկազմի 150 լարի: Վարչապետի խոսքով, այս ուղղությամբ տարեկան բյուջեն կկազմի 341 մլն լարի և սոցիալական օգնությունը տարեցտարի կավելանա։