«Հաց արտադրողների միության» նախագահը հաստատել է, որ թոնրի հացն արդեն 10 թեթրիով թանկացել է։
«Մարտի վերջին, երբ առատ ձյան պատճառով Լարսի մաքսակետը փակվեց, մեքենաների 30 կիլոմետրանոց հերթ էր գոյացել։ Մոտ տասը օր փակ էր։ Հաց արտադրողները հիմնականում այստեղի ալրաղացներից էին օգտվում, թեև շատերը կախված էին այն ալյուրից, որը Ռուսաստանից է ներկրվում։ Այս ալյուրի 50 կիլոգրամանոց պարկի արժեքը տատանվում էր 65-70 լարիի սահմաններում։
Մարտից հետո, երբ մաքսակետը բացվեց և ալյուրը ներկրվեց, դրա արժեքը սահմանվեց 75 լարի։ Մեր ալրաղացներում արտադրվող տեղական ալյուրի մեկ պարկը արժե 80 լարի։
Եթե սրան գումարենք այն հարկերը, որոնք անհրաժեշտ են էլեկտրաէներգիայի, բնական գազի, ջրի, աշխատավարձի, դիստրիբուցիայի համար, ապա այս ամենը կարտացուլվի գների վրա։ Կտեսնենք, որ օրակարգում է գնագոյացման վերանայման անհրաժեշտությունը։ Չեմ կարող հստակ ասել, թե ինչպես կփոխվի, բայց անպայման տեղի կունենա գնի վերանայում: Մեր հաշվարկներով՝ այն կլինի մոտավորապես 20 թեթրիի սահմաններում։ Եթե Ռուսաստանից ավելի ցածր գնով ալյուր ներկրվի, օրինակ մեկ պարկը 70 լարի արժեքով, ապա գինը կպահպանվի։ Եթե շարունակի ներմուծվել 75 լարիով, ապա գնի փոփոխությունն անխուսափելի կլինի»,- ասել է Մալխազ Դոլիձեն։
Նրա խոսքով, առկա գները հավանաբար կվերանայվեն մայիսին:
«Հաց արտադրողների միության» ղեկավարը նշել է, որ Վրաստանը պահանջվող ալյուրի միայն 10-15 տոկոսն է արտադրում, իսկ մնացած 85-90 տոկոսը ներկվում է:
Վերջին տարիներին Վրաստանում արտադրվում է միջինը 100 հազար տոննա ցորեն։ Ռուսաստանը հանդիսանում է Վրաստանի ցորենի և ալյուրի հիմնական մատակարարը։
2021 թվականին Ռուսաստանից Վրաստան ներկրվել 337 հազար տոննա ցորեն, որի համար վճարել ենք 87 միլիոն դոլար։ Սա ընդհանուր ներմուծման 92%-ն է։ Ռուսաստանի մասնաբաժինը ավելի բարձր՝ 99 տոկոս էր կազմում 2020 թվականին։ Մաքսատուրքերի սահմանման արդյունքում 2021 թվականին Ռուսաստանից ցորենի ներկրումը նվազել է, թեև գնվել է երեք անգամ ավելի՝ 36,5 տոննա ալյուր։
2009 թվականից հետո Ռուսաստանը մեկ անգամ է կորցրել ցորենի ներմուծման առաջատարությունը՝ 2012 թվականին, երբ Ղազախստանն է դարձել հիմնական մատակարարը։ Այդ ժամանակվանից մինչև օրս այլ երկրներից Վրաստան ներկրվող ցորենի բաժինը չնչին է։