Կառավարության աշխատակազմում այս թեմայով տրված հարցին պատասխանում են՝ «Կպարզենք ու կասենք»։
Մեր հաջորդ հարցին՝ Ուկրաինայի քանի՞ քաղաքացի է պատերազմից առաջ եղել Վրաստանում, քանի՞սն են երկիր մուտք գործել պատերազմի սկզբից ի վեր, քանի՞ հոգի ունի այժմ օգնության կարիք, կառավարության աշխատակազմից պատասխանում են՝ «Դիմե՛ք Ներքին գործերի նախարարություն»։
«Շատ ընդհանուր հարց է՝ քանիսն էին մինչ պատերազմը և քանիսը պատերազմի սկզբից հետո։ Գրավոր կապվեք մեզ հետ՝ պահանջելով հանրային տեղեկատվություն և նշե՛ք կոնկրետ ժամկետներ, հակառակ դեպքում նամակին պատասխան չի տրվի»,- առաջարկում են ՆԳ նախարարի գրասենյակից։
Հաջորդը Զբոսաշրջության ազգային վարչությունն է։ «Մենք միայն մարդկանց մուտքն ենք հաշվում։ Դուրս գալը չենք հաշվում: Մենք տեղավորել ենք մոտ 300 հոգու, որոնք մինչև փետրվարի 23-ը Վրաստան էին ժամանել որպես զբոսաշրջիկներ և չէին կարող հեռանալ: Միայն սա գիտենք։ Հիմա երկիր մուտք գործողները մեզ չի վերաբերում։
Զանգում ենք Արտաքին գործերի նախարարություն, «Չեմ հասկանում ձեր հարցը՝ ի՞նչ է նշանակում ի՞նչ է պատրաստվում անել Վրաստանի կառավարությունը, դիմեք Փախստականների և տեղավորման նախարարություն։ Նրանք կարող են ունենալ տեղեկատվություն, որը մենք չունենք։ Արտաքին գործերի նախարարությունը սահմանին չի կանգնում»։
Փախստականների և տեղավորման նախարարությունը տարիներ առաջ է վերացվել։ Վրաստանի օկուպացված տարածքներից, բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունում մեզ պատասխանում են․ «Մենք չունենք նման տեղեկություն, դիմե՛ք ՆԳՆ-ին»։
Կառավարության հաստատած պրակտիկայի համաձայն՝ ՆԳՆ-ն մեր նամակին կպատասխանի, լավագույն դեպքում 10 օրից, ինչը նշանակում է, որ հարցին՝ Ուկրաինայի քանի՞ քաղաքացի է այսօր Վրաստանում, պատասխան կտրվի, թե Ուկրաինայի քանի քաղաքացի է եղել Վրաստանում 10 օր առաջ։ Սա էլ այն դեպքում, եթե կոնկրետ ժամկետներ նշենք, այլապես «պատերազմ սկսելը» Գոմելաուրիի գերատեսչության համար կոնկրետ օր չի նշանակում։
Իրինան և Կրիստինան ծնվել և մեծացել են Նիկոլաևում։ Սովորել են նույն դպրոցում, նույն դասարանում, սակայն նրանց ճանապարհները բաժանվել են։ Նրանք իրար են հանդիպել 5 տարի անց՝ Ուկրաինայի դրոշներով լի Թբիլիսիում։
Իրինան ծրագրի ղեկավար է, ով տարիներ առաջ հայրենի քաղաքից տեղափոխվել է Կիև։ Պատերազմի առաջին օրը պետք է լիներ նրա նոր աշխատանքային առաջին օրը, թեև հեռավար աշխատանքը նրան թույլ էր տալիս համատեղել աշխատանքը և ճանապարհորդությունը, այդ պատճառով նա փետրվարի 19-ին ժամանեց Բաթումի։ Կիև պետք է վերադառնար փետրվարի 26-ին։
Կրիստինան անգլերեն է դասավանդում, նա նույնպես հեռավար։ Նա մի քանի ամսով՝ մինչև մարտ ամիս, ժամանել է Վրաստան, շրջել մի քանի վայրեր, Կազբեկից մինչև Քեդա և հաստատվել Թբիլիսիում։
Նրանք միմյանց գտել են սոցիալական ցանցերի միջոցով և այժմ միասին են անցկացնում պատերազմի ծանր օրերը։ Նրանց ընտանիքի անդամների մեծ մասը դեռ Նիկոլաևում է, ընկերներն ու հարազատները ցրված են ամբողջ Ուկրաինայում, ոմանց հետ օրերով չեն կարողանում կապվել։
«Ամեն անգամ, երբ ինձ հաղորդագրություն է գալիս, ակնկալում եմ, որ լսելու եմ ինչ-որ մեկի մահվան մասին։ Չգիտեմ ինչպես նկարագրել այս զգացողությունը, երբ նայում եմ ռմբակոծված, հրկիզված, ամայի դարձած ինձ ծանոթ ու հարազատ, խաղաղ տեղերի լուսանկարները»։
«Ես միշտ կարծել եմ, որ Միկոլաևան անվտանգ քաղաք է։ Անվտանգ տարածք այժմ ոչ մի տեղ չկա: Բոլոր մեծ ու փոքր քաղաքները հարձակման տակ են կամ սպասում են դրան։ Ռուսները ոչինչ չեն խնայում»,- Կրիստինան մեզ ասում է, որ դժվարանում են քնել։ Գիշերը երկու ժամը մեկ զարթուցիչը արթնացնում է, որպեսզի չմոռանան ստուգել նորությունները: Կամ գուցե ընտանիքի անդամը կամ ծանոթը հաղորդագրություն ուղարկի:
Դժվարանում են հաղթահարել մեղքի զգացումը։ Նրանք ունեն ջուր, սնունդ, ջեռուցում, իսկ նրանց դասընկերները կերակուր են պատրաստում զինվորների համար։ Երբ մորաքույրը հրաժարվում է լքել բնակարանը 3 կատուների և 2 շների հետ, երբ հիվանդանոցի նկուղում գտնվող հարևանը պայքարում է վաղաժամ ծնված երեխաների կյանքը փրկելու համար և շատ ու շատ երբ․․․ Կրիստինան իրեն մեղավոր է զգում, քանի որ նյարդայնացած է, վախեցած և չի կարող որևէ բան մտածել, բացի իր բարեկամներից, որոնք վտանգի տակ են։ «Օրերը չեմ կարողանում հաշվել, կարծես թե մի անվերջանալի օր է այս պատերազմը։ Ամեն օր ինքս ինձ ասում եմ՝ ուժ հավաքիր, շարունակիր կյանքը, միայն բազմոցին նստելով ու լացելով ոչ մեկին չես կարող օգնել։ Օրինակ վերցրու մարդկանցից, որոնք չեն հանձնվում, պայքարում ու օգնում են։ Պետք է կարողանամ ուժ հավաքել, շարունակել աշխատել, նոր աշխատանք գտնել և այն, ինչ վաստակում եմ իմ ապրուստից դուրս, ուղարկել Ուկրաինա։ Ես ինքս ինձ խոստանում եմ, որ ավելի օգտակար դառնամ իմ երկրի համար»։
Իրինան կարեկցում է նրան, նա ավելի եռանդուն տեսք ունի։ Որոշել է իր հոբբին՝ լուսանկարչությունը, վերածել եկամտի աղբյուրի և ինչ վաստակել է ուղարկել Ուկրաինա։
Իրինան և Կրիստինան Թբիլիսիում
«Անկեղծ կասեմ ձեզ, երբ Վրաստանը չմիացավ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, սկզբնական արձագանքը հիասթափություն և զայրույթ էր, բայց ես այնքան մեծ աջակցություն և այնքան բարի խոսքեր եմ ստանում վրացիներից, այնքան շնորհակալ եմ, որ այստեղ մարդիկ այսքան ընկերասեր են, որ մեզ անչափ անվտանգ ենք զգում և չենք զայրանում կառավարության վրա։ Ես ամեն ինչ հասկանում եմ»:
«Յուրաքանչյուր բառ, որ ասում եք ի պաշտպանություն մեզ՝ շատ բան է նշանակում։ Դրոշներից յուրաքանչյուրը, որը դուք ծածանում եք ի պաշտպանություն մեզ, շատ բան է նշանակում»։
Միակ բանը, որ մեզնից խնդրում են դա լրատվամիջոցների և մարդկանց կողմից չդադարելն է գրել Ուկրաինայում ընթացող պատերազմի մասին։ Որպեսզի չդադարենք մտածել նրանց մասին, քանի որ նրանք վախենում են սոցիալական ցանցերի օրինաչափությունից, երբ ցանկացած թեժ թեմա որոշ ժամանակ անց կորցնում է իր արդիականությունը և փոխարինվում է մեկ այլ թեմայով։ «Օգնեք մեզ պահպանել մեր ճշմարտությունը, սա է մեր ուժը, որը չի կարող խեղաթյուրվել Ռուսաստանի կողմից վարձած բոտերի կողմից, թե իբր ուկրաինացիները ֆաշիստներ են և նացիստներ։ Իբր մեզ մոտ հալածում են ռուսախոս ուկրաինացիներին և Պուտին ձյաձյան որոշել է մեզ փրկել։ Իբր մեր իշխանությունը ապաշնորհ, թմրամոլ ու ծաղրածու է»:
Երիտասարդ բժիշկ Սերգեյը, իր կնոջ հետ միասին Կիևից Թբիլիսի է տեղափոխվել 6 տարի առաջ և այդ ժամանակվանից աշխատում է Վրաստանի միջազգային կլինիկաներից մեկում։ Այստեղից ուկրաինացիներին օգնելու համար նրանք զբաղվում են կամավորական, մարդասիրական գործունեությամբ։ Ուկրաինա մեկնող կամավորների, լրագրողների և ցանկացած այլ անձի համար տրամադրում է առաջին օգնության և վնասվածքի կառավարման ուսուցում:
Սերգեյը վարժանքի ժամանակ
«Ես բժիշկ եմ, իմ հիմնական գործը կյանքեր փրկելն է։ Իմ ընկերները, գործընկերները, կուրսեցիները, բժիշկները ճակատում են։ Ոչ այն պատճառով, որ որևէ մեկը արյան ծարավ է զգում: Նրանք անում են իրենց գործը, ծառայում են իրենց երկրին և այս անգամ էլ չեն կորցնում իրենց դեմքը։ Օգնում են նաև հակառակորդի վիրավոր զինվորներին։ Պատերազմը տակնուվրա արեց ամեն ինչ։ Այն որ երեկ սովորական ծրագրավորող էր, այսօր կարող է ստիպված լինել մարդ սպանել։ Ես գիտեմ, թե որքան դժվար է»:
Վրաստանը, որտեղ նա եկել էր աշխատանքի, դարձել է նրա տունը։ Տունը, որտեղ ծնվել է նրա դուստրը։ Ընտանիքից և անմիջական շրջապատից բոլորը ողջ են և առողջ, բայց գիտակցում են, որ այն կարող է փոխվել ցանկացած պահի:
«Որտեղ էլ գնամ և ինչ ժամանակ էլ անցնի, ես Կիևցի եմ։ Ինձ համար պատիվ է ուկրաինացի կոչվել, հպարտ եմ ու ուրախ դրա համար։ Ես այնտեղ շատ մտերիմ մարդիկ ունեմ, որոնց մասին ամեն րոպե մտածում եմ: Հանգիստ եմ, որ անգործ չեմ նստում»:
Դեղորայք, արյուն կամ արյունահոսությունը դադարեցնելու համար պարագաներ, սաղավարտներ կամ լապտերներ, ռադիոներ և անօդաչու սարքեր։ Վրացի կամավորների հետ միասին, հնարավորությունների սահմանում հավաքվում և օդով ու ցամաքով, միասին և մաս-մաս ուղարկում Ուկրաինա:
«Մեր պատմության ընթացքում երբեք այսքան միասնական չենք եղել, որքան հիմա։ Բայց ես հասկանում եմ, թե ինչ բարդ իրավիճակում է հայտնվել Վրաստանը։ Գործ ունի հյուսիսի գազանի հետ, բայց իշխանությունը պետք է հաշվի առնի երկրի պատմությունը և նաև այն, թե որտեղ է կանգնած ժողովուրդը։ Ես վրացիներին տեսնում եմ մեր կողքին, մենք էլ վրացիների կողքին ենք։ Շնորհակալ եմ նաև վրաց ժողովրդին այստեղ և շնորհակալություն վրաց ժողովրդին, որն այժմ Ուկրաինայում պայքարում է ուկրաինացիների համար։ Ռուսաստանը մեր ընդհանուր թշնամին է։ Մի օր մենք հավանաբար կշարունակենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչպես դա արեցինք Գերմանիայի հետ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, և թույլ կտանք նրանց փրկել այն տխրահռչակ հատվածները, որոնք գրել և դեռ գրում են իրենց սեփական պատմության մեջ: Բայց այստեղ և հիմա Ռուսաստանը թշնամի է»։
Ապաստանի որոնման մեջ
Փետրվարի 24-ին ռուսական ռմբակոծություններից հետո Ուկրաինայից արդեն լքել է 2 969 600 մարդ։ Ապաստան փնտրող երեխաների թիվը գերազանցել է մեկ միլիոնը։ Սրանք ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի մարտի 15-ի տվյալներն են։
Ավելի քան 1,800,000 մարդ տեղափոխվել է Լեհաստան: Լեհաստանից հետո երկրորդ երկիրը, որտեղ Ուկրաինայից կես միլիոն փախստական է գնացել՝ Ռումինիան է։ Ռումինիային հաջորդում է Մոլդովան։
Մինչև երկու միլիոն քաղաքացիներ ներքին տեղահանված են Ուկրաինայի ողջ տարածքում: 200 հազար մարդ հավաքվել է Լվով քաղաքում, որի քաղաքապետն արդեն ասել է, որ քաղաքը սպառել է իր հնարավորությունները: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը գնահատում է, որ Ուկրաինայում, հատկապես հարավում, 12 միլիոն մարդ օգնության կարիք ունի: Եվրամիությունը գնահատում է, որ երկրից փախստականների թիվը կարող է հասնել 7 միլիոնի։
Բացի Ուկրաինայից, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը աշխատում է այն երկրների հետ, որոնք ընդունում են կամ կարող են ընդունել փախստականներ Ուկրաինայից: «Մթիս Ամբեբին» զրուցեց նաև Վրաստանում գործակալության ներկայացուցչության հետ, որտեղ մեզ ասացին, որ գործընկերների հետ, ՄԱԿ-ի այլ գործակալությունների հետ միասին, պարբերաբար վերահսկում և հանդիպում են Վրաստանի տարածքում գտնվող Ուկրաինայի քաղաքացիների հետ։ ՄԱԿ-ի առաքելության կողմից փախստականներից ստացված ողջ տեղեկատվությունը տրամադրվում է բոլոր համապատասխան պետական կառույցներին և միջազգային կազմակերպություններին:
Որտեղ է Վրաստանն այս քարտեզի վրա
«Պետության իրավասությունն է որոշել և հայտարարել, թե արդյոք ընդունում է փախստականներին Ուկրաինայից և նրանց որոշակի ծառայություններ մատուցում։ Մենք լիովին պատրաստ ենք լրացուցիչ օգնություն ցուցաբերել՝ լինի դա իրավական, թե մարդասիրական։ Այս մարդիկ բարոյապես շատ ծանր վիճակում են։ Կան բազմաթիվ մասնավոր նախաձեռնություններ՝ բիզնեսներից կամ սովորական մարդկանցից, որոնք այստեղ ապաստան են տալիս ուկրաինացիներին և մոբիլիզացնում տարբեր տեսակի մարդասիրական օգնություն», - «Մթիս Ամբեբիի» հետ զրույցում ասում են Վրաստանում ՄԱԿ-ի ՓԳ գրասենյակից:
Մարտի 14-ին ավելի քան 10 հասարակական կազմակերպություններ կոչ են արել կառավարությանը համակարգային քաղաքականություն մշակել ուկրաինացի փախստականներին աջակցելու համար։ Հայտարարությունը ստորագրողները կոչ են անում կառավարությանը` բաց արտահայտել փախստականներին ընդունելու իր կամքն ու պատրաստակամությունը, արդյունավետ միջոցներ ձեռնարկել նրանց անվտանգ բերելու և կարգավիճակ տալու համար, Վրաստանում նրանց արժանապատիվ կյանքի համար ծրագրեր ստեղծել։
CRRC-ի վերջին հետազոտության համաձայն՝ հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ Վրաստանը պետք է ակտիվորեն օգնի Ուկրաինային։ Հարցվածների 85%-ը համաձայն է, որ Վրաստանը սնունդ և դեղորայք մատակարարի Ուկրաինային, 79%-ը համաձայն է, որ Վրաստանը ընդունի ուկրաինացի փախստականների, իսկ 69%-ը կարծում է, որ մենք պետք է ֆինանսապես օգնել Ուկրաինային։
Հարցումն իրականացվել է մարտի 7-10-ը հեռախոսային զանգերի միջոցով։ Հետզոտությունում մասնակցել է 1092 մարդ։ Հարցման մակարդակը կազմում է 24%, իսկ սխալվելու հավանականությունը` 2,96%:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից Վրաստանից դեսպանին հետ կանչելուց հետո Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է հրապարակել Ուկրաինային տրամադրվող օգնության տեսակի մասին։ Գործակալությունը այս ցանկում չի օգտագործել «փախստական» կամ «ապաստան հայցող» բառը․
- 1 մլն լարիի մարդասիրական օգնություն,
- Վրաստանում գտնվող ուկրաինացի այցելուների աջակցություն,
- 24/7 թեժ գիծ ուկրաինացի զբոսաշրջիկների համար,
- Թբիլիսիի աշտարակը և Բաթումի մարզադաշտը լուսավորվել է Ուկրաինայի պետական դրոշի գույներով,
- Նախագահի նստավայրում բարձրացվել են Ուկրաինայի և Վրաստանի դրոշները,
- «Վրացական փոստը» անվճար մարդասիրական ծանրոցներ է ուղարկում Ուկրաինա։
Այս ֆոնին Ուկրաինային օգնելու համար քաղաքացիների և մասնավոր հատվածի նախաձեռնությունների թիվն աճում է՝ բնակարանների տրամադրում, բժշկական ծառայություն, հոգեբանական-սոցիալական օգնություն, կրթություն և աշխատանք: Չնայած առանձին հայտարարություններին, որ Վրաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել ուկրաինացի փախստականներին, հանրությունը դեռ չի լսել պետական բարձրաստիճան պաշտոնյաների կոնկրետ ծրագիր կամ առաջարկ: