«Երեկ գիշեր ընդհանրապես չեմ քնել։ Ես հիմա ավելի շատ սթրեսի մեջ եմ: Ինձ այն դժբախտությունն է հիշեցնում, որի միջով անցանք 2008-ին։ Երբ ինքնաթիռը գալիս էր, այստեղից փախչում էինք։ Վերևում մի տուն բետոնե նկուղ ուներ, այնտեղ էինք թաքնվում։ Վախենում եմ»,- Նանի Գաբլիշվիլին 2008 թվականին օգոստոսի 11-ին՝ պատերազմի մեկնարկից չորրորդ օրը, հեռացավ Զարդիանթկարիից։ Նրա ամուսինը՝ Գիորգին, ավելի երկար մնաց գյուղում։ Նա ականատես է եղել, թե ինչպես են այրել իրենց տունը. «Լսեցի զինվորների ձայնը, բակում էին։ Պատսպարվել էի թփերի մեջ։ Երբ նրանք գնացին, մտա տուն ու մի դույլ վերցրի։ Այստեղ փոքրիկ գետ է հոսում՝ Ճարեբուլան։ Ուզում էի հանգցնել կրակը։ Վազելիս պատահաբար դույլը հարվածեցի մի երկաթի։ Նրանք ձայնը լսեցին ու շրջվեցին՝ սկսեցին կրակել։ Վազեցի, մտա ջրանցքը։ Նայում էի, թե ինչպես է մեր տունն այրվում։ Հաջորդ առավոտյան տեսա, թե ինչպես է տունն ամբողջությամբ այրվել»։
Պատերազմի ժամանակ Զարդիանթկարին ամբողջությամբ դատարկվել է վրաց բնակչությունից։ Մոտ 20 ընտանիք տեղավորվել է Գորիի մանկապարտեզներում։ 2008 թվականի հոկտեմբերին, այն բանից հետո, երբ ռուսական զինված ուժերը լքեցին Շիդա Քարթլիի տարածքի մի մասը, տեղահանվածները, որոնց տները չէին այրվել, կամաց-կամաց վերադարձան իրենց մշտական բնակության վայր: Զարդիանթկարիում այս ամենը չստացվեց։ Վրացի իրավապահները, չնայած այն հանգամանքին, որ ռուս-օսական կողմը գյուղի հանդեպ հավակնություն չուներ, այս տարածքի վրա չեն կարողացել վերականգնել վերահսկողությունը։ Զարդիանթկարին դարձել է բուֆերային գոտի, իսկ վրացի բնակչության տներն ամբողջությամբ թալանվել են։
Վրաստանի կառավարությունը Զարդիանթկարիի նկատմամբ վերահսկողությունը վերականգնել է 2012 թվականի ամռանը։ Ներքին գործերի նախարարությունը երկու պահակակետ է տեղադրել գյուղի մուտքի մոտ և միջնամասում։ Գյուղի հյուսիսային հատվածը մնացել է անվերահսկելի, որտեղ 6 օս ընտանիքներ հայտնվել են վրացական և ռուսական դիրքերի արանքում։
Գիորգի և Նանի Գաբլիշվիլիները, իրենց որդու հետ միասին, Զարդիանթկարի են վերադարձել 2013 թվականի գարնանը։ 2008 թվականին գյուղում 25 հազար լարիի չափով փոխհատուցում է տրվել միայն երեք ընտանիքի, որոնց տներն ամբողջությամբ այրվել են։ Գաբլիշվիլիները իրենց տեղահանության 5 տարիների ընթացքում ծախսել են այս ամբողջ գումարը։ Պատերազմից հետո Նանիի մոտ դիաբետ է ախտորոշվել, իսկ Գիորգին սրտի վիրահատության կարիք է ունեցել։
Վերադարձից հետո նրանք 10 տարի ապրել են առանց տանիքի տան մեջ։ Անցյալ տարի փոքր գումար են հավաքել և թիթեղով ծածկել կտուրը։ Տան բոլոր չորս պատերին մնացել են արկերի հետքերը։ Առանց պատուհանների է, հատակ էլ չունի։ Միակ բանը, որ կրակը չի կարողացել ամբողջությամբ ոչնչացնել, առաջին հարկի խոհանոցային սենյակն է։ Նանին ասում է, այս 9 քմ տարածքը և՛ ննջասենյակ է և՛ ամեն ինչ։
«Երբ լողանում ենք, հերթով դուրս ենք գալիս։ Գազօջախը հիմա ենք հանել, այստեղ էր տեղադրված, այստեղ էի կերակուր պատրաստում, խոհանոցն էլ էր սա, ննջասենյակն էլ։ Ես ու ամուսինս այստեղ այս մահճակալին ենք քնում, տղան՝ այն մյուսին։ Այստեղ էլ ջուր է կաթում։ Երբեմն ծածկում էինք ցելոֆանով։ Այնքան ցուրտ է, որ վառարանը նույնիսկ չի տաքացնում:
Ի՞նչ հույս պետք է ունենամ։ Այսքան տարի է ոչինչ չկա, ի՞նչ է իմ կյանքը, ի՞նչ է ինձ մնացել։ Միշտ ասում եմ, որ արդեն հոգնել եմ, շատ եմ հոգնել... հոգեկան խանգարում ունեմ։ Եթե գոնե մեկ սենյակ ունենայի, այստեղից դուրս գայի ու մյուս սենյակում քնեի։
Ես ոչ մի բանի հույս չունեմ։ Ի՞նչ մեղք եմ գործել... նախընտրում եմ այստեղ, մի սենյակում մնալ՝ Զարդիանթկարիում։ Երբեք չեմ լքի: Մենք հինգ տարի «բանտում» էինք։
Նանի և Գիորգի Գաբլիշվիլիների ընտանիքը չկա այն ցուցակում, որի մեջ ընդգրկվածներին կառավարությունը արդեն մի քանի տարի խոստանում է վերականգնել պատերազմի ժամանակ վնասված տները։ Ցուցակում չհայտնվելու պատճառը 2008 թվականին ստացած փոխհատուցումն է։ Անցյալ տարի, ընտրություններից առաջ, Գորիում տեղի ունեցավ ժամանակավոր կառավարական հանձնաժողովի նիստ։ Նախարարներ Իրակլի Քարսելաձեն և Թեա Ախվլեդիանին հայտարարեցին, որ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ կսկսվի Զարդիանթկարի գյուղի վերականգնումը՝ պատերազմի պատճառով տեղահանվածներին վերադարձնելու համար։ Այս խոստումից մոտ 8 ամիս անց մենք հարցրինք Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի գրասենյակին, թե ինչու չի սկսվել տների վերակառուցումը:
«Գորիի քաղաքապետարանը գրավոր պայմանագիր է կնքել փոխհատուցում չստացած 28 վթարային տների սեփականատերերի հետ, որ վերականգնման դեպքում նրանք կվերադառնան Զարդիանթկարի գյուղ, ինչպես նաև կազատեն ներկայումս զբաղեցրած պետական սեփականություն հանդիսացող տարածքները։ Այս փուլում Գորիի քաղաքապետարանը վերականգնման համար համապատասխան ծրագրեր է նախապատրաստում։ Պետնախարարը խորհրդակցություններ է սկսել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ հնարավոր համաֆինանսավորում ներգրավելու համար»։
2022 թվականին ո՛չ Գորիի մունիցիպալիտետի, ո՛չ կենտրոնական բյուջեում Զարդիանթկարիում տների վերանորոգման համար գումար նախատեսված և առավել ևս հատկացված չէ։
Նախքան պատերազմը Զարդիանթկարիում բնակիչների խնձորի վաճառքից ստացած եկամտով էին ապրում։ Անտեսման հնգամյա ժամանակահատվածում այգիները առանց ջրի չորացել են։ Արդեն 9-րդ տարին է նրանք փորձում են թարմացնել։ Եթե չկարողանան վաճառել խնձորը, ապա թոշակից կամ սոցիալական օգնությունից բացի այլ եկամուտ չունեն։ Նանի և Գիորգի Գաբլիշվիլիների խնձորի այգին գտնվում է օկուպացիոն գծից 50 մետր հեռավորության վրա։ «Մոտ մեկ հեկտար ունենք։ Անցյալ տարի հավաքել ենք ընդամենը 100 տուփ՝ 2,5 տոննա։ 5 տարի մեր բացակայության պատճառով ծառերը չորացել են։ Խնձորից եկամուտը կարող է կազմել տարեկան 2 հազար լարի։ Եթե տուփը կարող է տեղավորել 12 կիլոգրամ, Գորիի շուկայում վաճառում ենք 7-8 լարիով։ Այստեղ հեռանկար չկա։ Եթե խնձոր չլինի, այլ եկամուտ չենք ունենա։ Եթե կառավարության կողմից մի փոքր աջակցություն չլինի, այս գյուղը հավանաբար կդատարկվի։ Ամեն օր ինչ-որ բանի սպասում ենք, որ ոչ մի լավ բան չի լինելու»։
Անվտանգության առումով գյուղում վիճակը կայուն է։ Ոստիկաններն անընդհատ հսկում են, թեև հանգստության զգացումը միևնույն է՝ պակաս է։ Զարդիանթկարիից Ցիցինո Էլիկաշվիլին դա բացատրում է մի քանի պատճառներով.
«Օկուպացիոն գծին մոտ մենք միևնույն է հոգեբանական սթրեսի մեջ ենք։ Հաճախ կրակոցների ու պայթյունների ձայներ են լսվում, ասում են՝ զորավարժություններ են։ Երբեմն ցերեկն է լինում, երբեմն՝ կեսգիշերին։ Սա ազդում է։ Գյուղի վերջում ռուսական դիրք է, հարևան գյուղում ՝մեծ ռուսական բազա։
Շփման գծին այնքան ենք մոտ, որ երբ օրինակ աշխատում ենք այգիներում, տեսնում ենք ռուս զինվորներին։ Հող ենք մշակում և նայում, որ հանկարծ ինչ որ բան չլինի, նորից չանցնեն այս կողմ։
Մեր մի քանի համագյուղացիներին ձերբակալել են, անգամ առևանգել։ Հատկապես հիմա, երբ ռուս-ուկրաինական պատերազմ է, մենք ավելի լարված ենք։ Այս արյունահեղությունը մեզ հետ այսպես սկսվեց՝ անմեղ մարդկանց ջարդը, տարածքների զավթումը։ Եղբայրս, որն այն ժամանակ 42 տարեկան էր, կասետային ռումբի հետևանքով սպանվեց: Երեք երեխա է մնացել նրանից, և մայրը՝ 85 տարեկան, որի արցունքները դեռ չեն չորացել։ Այն, ինչի միջով մենք անցանք 2008 թվականին, այն նույն դժոխային օրերն են Ուկրաինայում»:
Գենադի Բեստաևը նույնպես Զարդիանտկարիից էր։ Օկուպացիոն գիծն անցնում է նրա բակով՝ տնից մեկ մետր հեռավորության վրա։ Պատերազմից հետո Գենադիի կինն ու երեխաները տեղափոխվեցին Ցխինվալի, իսկ նա քրոջ հետ մնաց Վրաստանի կողմից վերահսկվող Մերեթի գյուղում։ Ինչքան գնացել է իր տունը, ռուս զինվորականները նրան այսպես կոչված սահմանի խախտման մեղադրանքով ձերբակալել են, իսկ տուգանք վճարելուց հետո ազատ արձակվել։ Գումարը հավաքել են գյուղացիներն ու հարազատները։ 2019 թվականի նոյեմբերին նա հինգերորդ անգամ ձերբակալվեց։ Ցխինվալի դատարանը նրան մեղադրանք է առաջադրել սահմանի ապօրինի հատման և մարիխուանա տեղափոխելու համար և դատապարտել 3 տարի 2 ամիս ազատազրկման։ 2021 թվականի նոյեմբերի 15-ին Ցխինվալի բանտում 53-ամյա Գենադի Բեստաևը կաթված է ստացել։ Հաջորդ օրը կոմայի մեջ գտնվող Բեստաևին հանձնել են վրացական իշխանություններին։ Մի քանի ամիս բուժումից հետո նա մահացել է փետրվարի 16-ին։ Թաղվել է Զարդիանտկարիի գերեզմանատանը։
Միրիան Թազիաշվիլին, որին ռուս զինվորականները ձերբակալել էին 2020 թվականի նոյեմբերի 20-ին, նույնպես Զարդիանթկարիից է։ Նա նույնպես մեղադրվում էր այսպես կոչված սահմանի խախտման մեջ։ Ցխինվալի դե ֆակտո դատարանը նրան դատապարտել է երկու ամսվա ազատազրկման, սակայն վրացական իշխանությունների ջանքերով դեկտեմբերի 22-ին մեկ ամսվա ընթացքում ազատ է արձակվել։
«Կառավարության աջակցությունը ավելի շատ պետք է լինի։ Այստեղ ապրող մարդիկ, որոնք պատերազմի ժամանակ կորցրել են իրենց եկամտի աղբյուրը, մեր կենցաղային իրերը, մեր տները այրվել են և 2013-ին սկսել ենք ապրել զրոյից, ավելի մեծ աջակցության կարիք ունեն։ Այո, կառավարությունը ճանապարհը ասֆալտապատել է, էլեկտրաէներգիան վերականգնել, խմելու ջուր էլ ունենք, բայց ամենակարևորը տների վերանորոգումն է։ Անձրևի, ձյան ժամանակ, տանիքից ջուր է իջնում։ Այս խնդիրը շտապ պետք է լուծվի։ Եթե գյուղից դուրս գանք, նրանք կտեղափոխվեն և ավելի շատ տարածքներ կկորցնենք»,- Ցիցինո Էլիկաշվիլին հաշվում է, թե քանի երեխա կա գյուղում, «Գաբլիշվիլի Զուրան 1 տարեկան որդի ունի, Ջաբա Գաբլիշվիլին աղջիկ, 2 տարեկան, Կախա Ռազմաձեն ունի երկվորյակներ՝ տղա և աղջիկ 4 տարեկան, Դաթո Թազիաշվիլիի երեխան՝ Սաբան, սովորում է դպրոց, 3-րդ դասարանում՝ սա է 33 ընտանիքի ունեցածը։ Մենք պետք է մի կերպ կանգնեցնենք երիտասարդներին, պետք է աջակցենք նրանց»։
Ինչով է պետությունն օգնում օկուպացված տարածքների հետ սահմանամերձ գյուղերի բնակչությանը
- Ձմռանը յուրաքանչյուր ընտանիք ջեռուցման համար ստանում է 200 լարի,
- Ուսանողները ֆինանսավորվում են ուսման վարձով,
- Covid-19-ի հետևանքների մեղմացման նպատակով 2020-2021 թվականներին ամբողջ Վրաստանի տարածքով 3353 ընտանիքի բաժանվել են հիգիենայի պարագաներ և սննդամթերքի զամբյուղներ։
- Շփման գծի մոտ գտնվող գյուղերի մի մասին ստացել է բարձրլեռնային բնակավայրի կարգավիճակ և բնակչությունը կենսաթոշակի հետ միասին ստանում է 40 լարի հավելավճար։
Նախարարի աշխատակազմից մեզ հայտնում են, որ «Արտադրի՛ր Վրաստանում» ծրագրի շրջանակներում տուժած գյուղերի բնակչության համար խրախուսվում է միկրո և փոքր բիզնեսը։ Զարդիանթկարիում նման ոչ մի ծրագիր չի ֆինանսավորվել։