Ինչպես նշվել է միջգերատեսչական խորհրդի այսօրվա նիստում, երկիրը «Օմիկրոն» շտամի տարածման պիկը անցել է, ինչը թույլ է տալիս աստիճանաբար վերացնել սահմանափակումները։
Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝
- Փետրվարի 27-ին անցկացվելիք Վրաստան-Ռուսաստան ռեգբիի հանդիպմանը կթույլատրվի հանդիսատեսի 50 տոկոսը։
- Մարտի 1-ից օդային, ցամաքային և ծովային ճանապարհներով երկիր մուտք կգործեն բոլոր օտարերկրյա քաղաքացիները/ռեզիդենտները, որոնք լիովին պատվաստված են, իսկ պատվաստված չլինելու դեպքում՝ կներկայացնեն 72-ժամյա PCR թեստի բացասական արդյունք (հանվում է երրորդ օրը PCR թեստ հանձնելու պարտավորությունը), վերացվում է որոշ երկրների քաղաքացիների համար սահմանված Վրաստան մուտքի արգելքը։
- Վրաստանի քաղաքացիների PCR թեստով երկիր մուտք գործելու դեպքում վերացվում է երրորդ օրը PCR թեստ հանձնելու պարտավորությունը, իսկ PCR թեստի բացակայության դեպքում գործող 8-օրյա ինքնամեկուսացման փոխարեն քաղաքացին ինքնամեկուսացման մեջ կլինի 5 օր։
- Կանոնակարգերի մեղմացումն հաշվի առնելով բիզնեսինվեստորների համար չեղարկվում է «Աշխատիր Վրաստանից» և ուսանողական ապլիկացիաները։
- Սննդի կետերի բաց տարածքներում մեկ սեղանի շուրջ կթույլատրվի նստել 15 հոգու (գործող 10-ի փոխարեն)։
- Փակ տարածքում մեկ սեղանի շուրջ կթույլատրվի նստել 10 մարդու (գործող 6-ի փոխարեն)։
- Չեղարկվում է հյուրերի առավելագույն քանակի սահմանափակումը։
- Հասարակական միջոցառումներ (խնջույք, ծննդյան օր, հարսանիք, հոգեհաց) անցկացնել կթույլատրվեն նույն պայմաններով` փակ տարածքում մեկ սեղանի շուրջ կթույլատրվի նստել 10 մարդու, իսկ բաց տարածքում` 15 մարդու։
- Մարտի 1-ից կվերացվեն կարանտինային գոտիները, այսպես կոչված քովիդ-հյուրանոցները, այսօրվանից կդադարեցվի վարակվածներին տեղափոխել այնտեղ։
- Չեղարկվում է ջերմաչափման և մատյանների գրանցման պարտավորությունը։
- Չեղարկվում է ախտահանիչ գորգեր ունենալու պարտավորությունը։
- Չեղարկվում է բուֆետների սպասարկման արգելը։
- Մարտի 4-ից թույլատրվում է գիշերային ակումբների աշխատանքը՝ հաստատության կոնկրետ տարածքի 60 տոկոսի ծանրաբեռնվածությամբ։
- Մարտի 15-ից առանց սահմանափակումների կթույլատրվի անցկացնել գիտաժողովներ, սեմինարներ և թրեյնինգներ։
Համակարգող խորհրդի նիստերը այսուհետ տեղի կունենան երկու շաբաթը մեկ անգամ։ Միջգերատեսչական համակարգող խորհուրդը հայտնում է, որ հետագա որոշումները կկայացվի ելնելով համաճարակաբանական իրավիճակից։
ԿԳ նախարարության հայտարարությամբ՝ ուսումնական հաստատություններում, դպրոցներում, արհեստագործական ուսումնարաններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում սահմանված կանոնակարգերը կմնան ուժի մեջ։
Վրաստանում կորոնավիրուսի տարածումից ի վեր լաբորատոր հաստատված է վարակի 1 565 769 դեպք։ Վարակից ապաքինվել է 1 422 540 մարդ, մահացել՝ 15 933 մարդ։ Փետրվարի 22-ի տվյալներով, երկրում լրիվ պատվատած է չափահաս բնակչության 43.2 տոկոսը։